«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ քննարկմանը նեկայացրեց Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Զեկուցող Մանե Թանդիլյանը նշեց․
«Դրա անհրաժեշտությունն առաջացել է վերջին շրջանում խիստ ակցիվացած կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից ծավալած գործունեության կապակցությամբ, որոնք քաղաքացիներին առաջարկում են վարկային միջնորդության ծառայություններ, ասյպես ասած՝ վարկ ստանալու օգնություն։
Նման առաջարկներն ակտիվորեն գովազդվում են սոցիալական ցանցերում և փողոցում, պարզել ենք նաև, որ այս անձինք որևէ առնչություն չունեն վարկ տրամադրելու գործընթացի հետ։ Հարցն այս պահին որևէ օրենքով չի կարգավորվում, չկան պատժամիջոցներ տվյալ արարքն արգելելու մասով։ Թեև բանկային օրենսդրությամբ սահմանված է, որ միջնորդային գործունեության համար պետք է ունենալ լիցենզիա, սակայն նման կարգավորումը չի լուծում խնդիրը, քանի որ այս գործունեություններն իրականում տարաբնույթ ընկալմամբ թաքցված են լինում խորհրդատվական ծառայությունների ներքո, և հաճախ նման գործունեություն ծավալում են նաև ֆիզիկական անձինք՝ ստվերում։
Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169-14 հոդվածը լրացնել երկրորդ մասով և նախատեսել տուգանք լիազոր մարմնի կողմից վարկային գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձանց կողմից վարկ, վարկավորում, կրեդիտ, կրեդիտավորում բառերի կամ այդ գործունեությունը բնութագրելու համար կամ այդ գործունեության իրականացման նպատակով փոխառություն, փող, դրամ, փոխառության տրամադրում, դրամի տրամադրում, գումար, գումարի տրամադրում, փողի տրամադրում բառերի, դրանց հոլովաձևերի ու ածանցյալների օգտագործման համար իր անվան մեջ` գովազդներում, հրապարային օֆերտայում, ինչպես նաև լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային հաղորդակցման ցանկացած այլ միջոցի օգտագործմամբ ներկայացվող գովազդներում օգտագործելու, գովազդ իրականացնելու կամ գովազդներին աջակցելու համար։
Ներկայացված նախագծով առաջարկվում է, որ սա վարչական իրավախախտում է, և նախատեսվում է համապատասխան սանկցիա։ Տուգանքի չափը սահմանվում է նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով, և չորս տարվա ընթացքում կրկնելու դեպքում տուգանքը սահմանված է նվազագույն աշխատավարձի 4000-ապատիկի չափով։ Ամենևին չհամարելով, որ այս նախագիծը լուծելու է բոլոր խնդիրները, այն հնարավորություն կտա գովազդի նկատմամբ սահմանափակումների կիրառմամբ էականորեն կրճատել նման անձանց մասին տեղեկատվությունը, հետևաբար նաև ծավալներն ու խնդիրները։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հաճախորդների ներգրավման հիմնական ուղին ինտերներտային գովազդն է, մասնավորապես՝ սոցցանցերինը։ Եթե խոսենք ֆեյսբուքի մասին, ապա առկա է հնարավորություն արգելելու այնտեղ նման գովազդը, եթե երկիրն ունի նման օրենսդրական կարգավորում»։