Աշակերտական խորհուրդը (ԱԽ) սովորողների ինքնավարության և ինքնակառավարման լիազորություններով օժտված ներկայացուցչական մարմին է, որին կարող են անդամակցել 6-12-րդ դասարանների աշակերտները:
Սպիտակի թիվ 1 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Գոռ Վարդանյանի հետ զրուցել ենք իր դպրոցում ԱԽ-ի կազմի, գործունեության և կատարած աշխատանքների մասին։
Գոռն իր դպրոցի աշակերտական խորհրդի հանձնախմբերից մեկի ղեկավարն է։
-Գո՛ռ, երբվանի՞ց ես Աշակերտական խորհրդի անդամ, ինչպե՞ս ընտրվեցիր։
-Արդեն 8 ամիս է։ Սեպտեմբերին, երբ արդեն պետք է իմանայինք՝ ովքեր են աշակերտական խորհրդի անդամները, ամեն ուսուցիչ 6-9-րդ դասարաններից ընտրեց իր աշակերտներից մեկին՝ ամեն դասարանից մի հոգի։ Ուսուցիչները թվարկեցին աշակերտների անունները, տնօրենը ասաց՝ ով ինչ գործառույթ պիտի իրականացնի։
-Ո՞ր հանձնախմբի անդամ ես դու և ի՞նչի համար ես պատասխանատու։
-Սոցիալառողջապահական հանձնախմբի նախագահն եմ։ Պատասխանատու եմ նաև դպրոցի մաքրության համար։ Ամեն օր մտնում եմ դասարաններ ու ստուգում մաքրությունն ու դասարանի ջերմաստիճանը։ Օրինակ՝ վերջերս պլակատ էի պատրաստել: Պլակատի վրա նշված են բոլոր դասարանները՝ դիմացը վանդակներ, որի վրա փակցնում եմ դասարանների մաքրության՝ իմ կողմից տրված գնահատականները։
Սոցիալ առողջապահական հանձնախմբի ղեկավարումը ենթադրում է աջակցություն սոցիալապես անապահով երեխաներին, ինչպես, օրինակ, հագուստի տրամադրում և այլն։ Ես պիտի համակարգեմ այդ ընթացքը։
-Բացի սոցիալառողջապահականից ի՞նչ այլ հանձնախբեր կան խորհուրդի կազմում։
Կա Մշակույթի, Սպորտի հանձնախումբ։ Մշակույթի խումբը հիմնականում զբաղվում է նշանավոր օրերի հետ կապված միջոցառումների կազմակերպմամբ։ Օրինակ՝ վերջերս մշակույթի հանձնախմբի ղեկավարը կազմակերպել էր Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառում, կամ, օրինակ, Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված պլակատ էր պատրաստել։ Մի խոսքով՝ համակարգում է մշակութային միջոցառումների կազմակերպչական ընթացքը։
Սպորտի հանձնախումբը սպորտլանդիաներ է կազմակերպում։
Հանձնաժողով կա՝ մի աղջիկ ու մի տղա են համակարգում՝ 8-րդ դասարանից։ Իրենք կազմակերպում են մրցույթներ, որոնցից մեկն ընթացքի մեջ է․ երկու զուգահեռ դասարաններ իրար մեջ մրցելու են գիտելիքներով։ Հանձնախմբի ներկայացուցիչները պետք է ներկայացնեն ծրագիրն ու կազմեն մրցույթի հարցերը։
-Ընդհանուր քանի հանձնախումբ կա ԱԽ-ի կազմում և քանի ներկայացուցիչ կա յուրաքանչյուրում։
-Կարծեմ՝ 7 հանձնախում կա։ Ամեն հանձնախմբում մեկ ղեկավար կա, ով կարող է մինչև 6 օգնական ընտրել։ Նրանցից մեկը ղեկավարի անձնական օգնականն է՝ փոխարինողը, մյուս հինգը՝ ուղղակի օգնականներ են։ Երբ ղեկավարը առաջադրանք է ստանում, նրանք օգնում են առաջարդանքը կատարելու հարցում։
-ԱԽ-ում կա՞ հանձնախումբ, որ զբաղվում է աշակերտների բողոքներով ու առաջարկներով։
-Այո, կա։ Այդ հարցերով զբաղվում է ընդհանուր հանձնախմբերի նախագահը։ Դրված են արկղեր, և ով ինչ-որ բողոքներ, դժգոհություններ ունի, գրում է թղթի վրա ու գցում այդ արկղը։ Տնօրենը պարբերաբար կարդում է այդ գրությունները։ Կարգն այդպիսին է։
-Ձեր դպրոցում երբվանի՞ց է գործում աշակերտական խորհուրդը։ Դու ե՞րբ ես տեղեկացել, որ դպրոցում նման բան կա։
-Հաստատ չեմ կարող ասել, թե երբվանից կա։ Տարրական դասարանից ինքս տեղյակ չեմ էղել, բայց արդեն 5-րդ դասարանում իմացա, որ գործում է Աշակերտական խորհուրդ։
-Որքանո՞վ է Աշակերտական խորհուրդը բաց նոր առաջարկների համար։
-Կարծում եմ՝ նոր առաջարկներն ու մտքերը կընդունեն։ Իմ դեպքում, կոնկրետ, եղել է այդպիսի դեպք։ Դասարանների մաքրությունը ստուգելը իմ նախաձեռնությունն է եղել, որ առաջարկել եմ և ընդունվել է խորհրդի կողմից։