ba4ef9efde76864502f9f92ed85bcfe5.jpg

Վենետիկի 58-րդ արվեստի միջազգային բիենալեին Հայաստանը կներկայանա «Հեղափոխական սենսորիում» խորագրով նախագծով |armenpress.am|

armenpress.am։ Նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության առավել հիշարժան դեպքերին և իրադարձություններին  վերաբերող վավերագրական նյութերի հավաքված, զտված և հետազոտված տարբերակներն ընդգրկված են «Հեղափոխական սենսորիում» անվանմամբ տեսաինստալացիայում, որը կներկայացվի Վենետիկի 58-րդ արվեստի միջազգային բիենալեում: Բիենալեն կանցկացվի այս տարվա մայիսից մինչև նոյեմբեր:

Հայաստանյան տաղավարի նախադիտումը տեղի կունենա մայիսի 9-ին Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում:
Հանրության համար ցուցահանդեսը կբացվի մայիսի 11-ին:

Նախագծի համադրող Սուսաննա Գյուլամիրյանը նշեց, որ նախագիծը բաղկացած է երեք մասից: «Առաջին մասը «Հեղափոխական սենսորիումն» է: Այն 2018 թվականի հեղափոխության նշանակալի իրադարձությունների դրվագների ներկայացումն է և ունի մի քանի թեմատիկ ուղղվածություն` հեղափոխության ստեղծագործականությունը, հեղափոխական բազմությունը, բռնության դրվագները, վերամասնակցումը: Կարևորվել են նաև դրոնային նկարահանումները, որոնք մեծ դեր են խաղացել ամբողջ հեղափոխության ընթացքում»,- ներկայացրեց նա:

Գյուլամիրյանն ասաց, որ երկրորդ հատվածում ծագումով հայ Նարինե Առաքելյանը Վենետիկի փողոցներից մեկում կամավոր հիսուն կանանց հետ հանդես կգա «շեփոր-կաթսա» կատարմամբ, որը ներկայացնում է հեղափոխության օրերին կանանց  անհնազանդությունը:

Մյուս մասը հայաստանյան  տաղավարի  համադրողի նախաձեռնած և կազմակերպած «Երկխոսություններ հեղափոխության և իշխանության մասին» խորագրով տեսագրություններն են, որոնցում կին փորձագետներ, ֆեմինիստ և քաղաքացիական ակտիվիստներ Գայանե Այվազյանը, Ռուզաննա Գրիգորյանը, Աննա Ժամկոչյանը և Աննա Նիկողոսյանը հանդես են գալիս վերլուծություններով, հեղափոխական պոեմ-մանիֆեստի ընթերցմամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն