Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրինագծերում նախատեսվող հիմնական կարգավորումները:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիմանկան զեկուցող Արտակ Զեյնալյանին լսելուց հետո անդրադարձավ ներկայացված նախագծին, ասելով, որ դրանով նախատեսված փոփոխությունները նախկին արատավոր հանգամանքները չեն փոխում։
«Հայտնի է, որ պետական կառավարման այս սուպերվարչապետական կառուցվածքը անվանվել է Սերժ Սարգսյանի կոստյում։ Հիմա Դուք բերել եք նախագիծ, որով առաջարկում եք հետևյալը․ ասում եք՝ այ էս կոստումի երկու կոճակները հանում եք, մեկ էլ մյուս կողմից եք մի երկուսը հանում, ու ասում եք՝ վսյո, արդեն լավ կոստյում ա։ Ուրեմն՝ այն կոստյումը, որ կարվել էր, չի փոխվել և սուպերվարչապետական համակարգը մնացել է ուժի մեջ։ Մենք ոչ թե կասկածներ ունենք, այլ ձեզ ասում ենք՝ ինչու՞ վարչապետի խոստումը չեք կատարել այս նախագծով։ Իսկ վարչապետն այս ամբիոնից ասել է, որ գտնում ենք՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, հետևաբար մտնելու են կառավարության կառուցվածք։
Հիմա «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկություն է ներկայացրել, որ մենք ունենանք ազգային անվտանգության նախարարություն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, արտաքին գործերի, առողջապահության, գյուղատնտեսության նախարարություններ, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարություն, իրավական հարցերի նախարարություն, կրթության, գիտության և սպորտի նախարարություն՝ առանց մշակույթի, պահպանում ենք մշակույթի նախարարությունը, ներքին գործերի նախարարություն, որտեղ միավորվում է ԱԻՆ-ը, շրջակա միջավայրի պաշտպանության և տնտեսական զարգացման նախարարություններ, ՊՆ և ֆինանսների նախարարություն, որտեղ ներառված է ՊԵԿ-ը։
Այսինքն՝ մեր ներկայացրած համակարգով կառավարության կառուցվածքում տեղավորվում է ամբողջ պետական կառավարման համակարգը, որը խորհրդարանական վերահսկողության ներքո է։ Այ այստեղ է լինելու։ Իսկ Ձեր ներկայացրած համակարգը Սերժ Սարգսյանի համակարգն է։ Կոստյումից երկու կոճակ եք հանել, հենց գիտեք, թե բան եք փոխել։ Դրա արդյունքում՝ վարչապետը մնացել է ոստիկանության, ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի պետը։ Եվ չկա միջանկյալ այլ քաղաքական օղակ, որը կկրի պատասխանատվություն այս մարմինների համար»,- ասաց Էդմոն Մարուքյանը։