c92edc3618c0575ed65fe0854226b9dd.jpg

Նպատակահարմար չենք համարում այս պահին ուժային կառույցները դարձնել քաղաքական կառույցներ․ Լիլիթ Մակունցը ԱԱԾ-ի ու ոստիկանության վերաբերյալ

Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրինագծերում նախատեսվող հիմնական կարգավորումները:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձավ Էդմոն Մարուքյանի քննադատություններին ու դիտարկմանը, թե իրենց ներկայացրած առաջարկը մերժվել է։

«Առաջարկ ներկայացնելը չի նշանակում ներկայացնել այլընտրանքային նախագիծ կառավարությանը։ Այն, ինչ Լուսավոր Հայաստանի մեր գործընկերները ներկայացրել են այլընտրանքային մոդելային նախագիծ է, որի իրավունքը Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով մենք չունենք։ Դա ՀՀ կառավարության տիրույթում է։ Եվ ուրեմն՝ պետք է իրատեսական ներկայացնել այդ ամենը։

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին ու ոստիկանությանը և նրան, թե ինչու կառավարության այս նախագիծը չի ենթադրում նաև նրանց ներառումը։ Նորից ուզում եմ հիշեցնել առաջին հատվածում ասածս՝ սա կառավարության աշխատանքներն արդյունավետ դարձնելու մասին նախագիծ է, և չի վերաբերում Ազգային ժողովի վերահսկողական գործիքներն ավելացնելուն։ Աշխարհի ոչ մի կառավարություն չի ներկայացնում նախագիծ, որով փորձում է իր լիազորությունները դարձնել ավելի վերահսկելի։ Դա մեր գործառույթն է․ Սահմանադրության 88-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ-ին վերապահված է լիազորություն՝ վերահսկելու գործադիր իշխանությանը։ Եվ այն պնդումը, որ մենք չունենք վերահսկողություն ԱԱԾ-ի ու ոստիկանության նկատմամբ, ճիշտ չի արտացոլում իրական պատկերը։

 Մենք, ինչպես և դուք, ցանկություն ունենք, որ նրանց աշխատանքները դառնան ավելի հրապարակային, և օրինակ՝ նրանք ներկա լինեն այստեղ հարցուպատասխանի ընթացքում։ Այժմ Իմ քայլը խմբակցության անունից ես բաց առաջարկ եմ անում իմ բոլոր գործընկերներին երկու ընդդիմադիր խմբակցություններից, որ մենք հենց վաղը պատրաստ ենք ձեզ հետ մշակել օրենսդրական նախագիծ, որով ԱԱԾ-ին ու ոստիկանությանը, այնպես ինչպես կառավարության մնացած մարմիններին, հրավիրել այստեղ՝ հարցուպատասխանի։ 

Իսկ ինչ վերաբերում է Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը նախարարություններ դարձնելուն՝ այո՛, մենք նպատակահարմար չենք համարում այս պահին ուժային կառույցները դարձնել քաղաքական կառույցներ՝ հաշվի առնելով թ՛ե մեր, թե՛ տարբեր երկրների փորձով որոշ մտահոգություններ։ Դա այս պահին, միգուցե հետագայում, ինչպես նշել էինք նախկինում, խոսենք, քննարկենք և հասկանանք, որ իրականում նման խնդիր չկա»։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն