0e949e0579aa61b3a3d063138f93e9f6.jpg

Արդեն իսկ խնդիր ունենք ընտրական բարեփոխումները ժամանակի առումով հասցնելու․ Դանիել Իոաննիսյան

2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ մշակվում էր Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որոնք ենթադրում էին ռեյտինգային ընտրակարգի վերացում, կուսակցությունների և դաշինքների համար խորհրդարան անցնելու շեմի, ինչպես նաև ընտրական գրավի նվազեցում և այլն։ Սակայն, նախագիծը չընդունվեց այն ժամանակվա ԱԺ-ի կողմից։ Այժմ, կարծես, վերսկսվում է ԸՕ-ի բարեփոխումների ուղղությամբ աշխատանքները։

Ընտրական բարեփոխումների մեկնարկի, ժամկետների, ՏԻՄ ընտրությունների հետ կապված խնդիրների շուրջ զրուցել ենք «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ։ Նա դեկտեմբերի արտահերթ ընտրությունների համար ստեղծված՝ ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարն էր։

 -Մոտ մեկ ամիս առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրեց սկսելու ընտրական բարեփոխումների մշակման փուլ։ Տեղյա՞կ եք՝ այդ հայտարարությունից հետո սկսվել է արդոք որևէ գործընթաց։ Եթե այո, ի՞նչ մասնակցություն ունեք Դուք։

-Ըստ էության, ես լսել եմ այն, ինչ մյուսները, այսինքն՝ ԱԺ խոսնակի հրապարակային խոսքը, և այնուհետև տեսել ենք, որ խորհրդակցություն է տեղի ունեցել խորհրդարանական ուժերի հետ։ Սակայն, առայժմ քաղաքացիական հասարակությունը մասնակցության որևէ հրավեր չի ստացել, և մենք դեռևս չգիտենք՝ գործընթացն ինչպես է կազմակերպվելու։ Ամեն դեպքում, ակնկալում ենք, որ մեր մասնակցությունը լինելու է ոչ պակաս, քան եղել է անցած տարվա խմբում։ Եթե հնարավորություն ունենանք ազդելու որոշումնեի կայացման վրա, պատրաստ ենք աշխատել նրանց հետ։

-Ժամանակի սղության պատճառով նախորդ նախագծում միայն խիստ անհրաժեշտ փոփոխություններն էիք ընդգրկել։ Այժմ ի՞նչ այլ բարեփոխումների անհրաժեշտություն եք տեսնում։

Այն ամենից բացի, ինչն այն ժամանակ արդեն մշակվել էր, անհրաժեշտ է բարեփոխել ՏԻՄ ընտրությունների հարցը, քննարկել տեղական հանրաքվեների հարցը, նաև ավելի գլոբալ ու երկարաժամկետ լուծումներ պահանջող հարցեր և ամենակարևորներից մեկը՝ անհրաժեշտ է քննարկել կուսակցությունների և քարոզարշավի ֆինանսավորման հետ կապված հարցերը։

-Ձեր կարծիքով՝ մինչև 2020 թվականին նախատեսվող ՏԻՄ ընտրությունները բարեփոխումների նախագիծը պատարաստ կլինի՞։

-Այդ առումով պետք է ասեմ, որ մենք արդեն իսկ ժամանակի առումով խնդիր ունենք, և որպեսզի 2020 թվականի ՏԻՄ ընտրություններն անցնեին նոր օրենսգրքով, լավ կլիներ՝ գոնե ձմռանը ընդունվեր ընտրական օրենսգիրքը, ու նաև համապատասխան փոփոխություններ կրեր Տեղական ինքնակառավարման մասին օրենքը։ Այլ կերպ, եթե այդ ժամկետում չարվի, կարող ենք խնդիրներ ունենալ ՏԻՄ ընտրությունների ժամանակ և առերեսվել բազմաթիվ հակաժողովրդավարական երևույթների, որոնց առերեսվել ենք նախկինում։ Օրինակ, բոնուսային համակարգը, երբ մի ուժ, որը, ենթադրենք, հավաքում է մանդատների 40%-ը, մեխանիկորեն ստանում է մեծամասնություն։ Դրան մենք ականատես եղանք Գյումրիում, երբ մի ուժը հավաքեց քվեների ընդամենը 38%-ը, բայց ստացավ քաղաքապետի պաշտոնը։ Սա անընդունելի երևույթ է։

-Ըստ Ձեզ՝ համայնքների ղեկավարները պետք է շարունակեն ուղի՞ղ ճանապարհով ընտրվել, թե՞ ավագանիների միջոցով, ինչպես Երևանում, Գյումրիում ու Վանաձորում։

-Սա քննարկման հարց է։ Այն, որ համայքների ավագանիները պետք է ընտրվեն համամասնական ընտրակարգով, ինչպես երեք խոշոր քաղաքներում է, այստեղ մենք միարժեք մոտեցում ունենք, այստեղ նաև իշխանություններն ամբողջությամբ համակարծիք են մեզ հետ։ Բայց, թե ինչպես պետք է արվի այդ անցումը, պարզ չէ։ Բազմաթիվ նրբություններ ու բաց հարցեր կան այստեղ։ Համայնքի ղեկավարի ուղիղ ընտրությունը լավ է այն առումով, որ քաղաքացիներն են ուղիղ ընտրում, թե ով է լինելու իրենց համայնքի ղեկավարը։ Արդյունքում՝ համայնքի ղեկավարն ու ավագանին ինչ-որ առումով սկսում են իրար բալանսավորել։ Այսինքն՝ գործ ենք ունենում իշխանության տարանջատման հետ, հակառակ պարագայում թուլանում է իշխանության տարանջատումը, բայց ավելանում է համայնքային մասշտաբների կայունությունը և համայնքի կառավարման էֆեկտիվությունը։ Պետք է ծանրութեթև անել՝ հասկանալու համար, թե որ ուղղությամբ ենք գնում։

Աստղիկ Քեշիշյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն