48720186787b08837cc8ede4befafd7f.jpg

Իշխանության լեգիտիմության կարևորությունը այսօր զգում եմ իմ աշխատանքում, միջազգային հարաբերություններում․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Վիեննայում՝ Հայաստանի դեսպանությունում հայ համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը նշել է, որ իր աշխատանքային ու պաշտոնական այցերի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները իր ամենասպասված հանդիպումների թվում են:

«Իսկապես Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների առանցքային և կարևորագույն իմաստն այն մթնոլորոտն է, սերն է, որ կա մեր միջև: Այսօր իսկապես շատ կարևոր է արձանագրել, թե ինչ հանգրվանի վրա է գտնվում Հայաստանի Հանրապետությունը, այն իրոք ժողովրդավարական պետություն է, որտեղ իշխանությունն իսկապես պատկանում է ժողովրդին:

Ինձ համար մեծ պատիվ է լինել այս կարգավիճակում ոչ թե այն պատճառով, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, այլ բացառապես այն զգացման պատճառով, որ ես ՀՀ վարչապետ եմ բացառապես ՀՀ ժողովրդի ցանկության, ընտրության բերումով: Սա ամենակարևորն է:

Մենք անընդհատ քննարկել ենք իշխանության լեգիտիմության հարցը, և այսօր այդ պնդման կարևորությունը զգում եմ իմ աշխատանքում, միջազգային հարաբերություններում: Կասկած չունեմ, որ տեղի ունեցած փոփոխությունները, ժողովրդական հեղափոխությունը մեզ բերելու է իրական, ռեալ տնտեսական քաղաքական հաղթանակների:

Արդեն իսկ ամենակարևոր հաղթանակը տեղի է ունեցել. դա ժողովրդի իշխանության հաստատումն է Հայաստանի Հանրապետությունում: Այն տնտեսական ցուցանիշները, որ սկսում են այսօր երևալ, այն գնահատականները, որ մեր տնտեսական զարգացման մասին անում են միջազգային կազմակերպությունները` ցույց են տալիս, որ մենք իրար հետ հաջողելու ենք նաև տնտեսական հեղափոխության գործընթացում:

Բայց այս ամենի ամենակարևոր հիմքն աչքերի և հայացքների հեղափոխությունն է, այն հեղափոխությունը, որ տեղի է ունենում մեր հայացքներում: Մենք այսօր միմյանց աչքերում կարդում ենք փոխադարձ վստահություն, փոխադարձ սեր, փոխադարձ հարգանք և իհարկե պատրաստակամություն` լինել իրար հետ, կողքի կողքի և մեր ուսերին իրար հետ տանել մեր հայրենիքի ապագայի պատասխանատվությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն