«Հայաստան» դաշինքն Ազատության հրապարակից սկսում է համազգային դիմադրություն ձեւավորելու գործընթաց․ Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքը Ազատության հրապարակից սկսում է Համազգային դիմադրություն ձեւավորելու գործընթաց՝ ընդդեմ կառավարող ուժի։ Դաշինքի մաս կազմող ՀՅԴ կուսակցության ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ այդ դիմադրությունը պետք է կանխի Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը եւ կանխի նոր կապիտուլյացիան․

«Համազգային դիմադրությունը պետք է ունենա երկու ճակատ՝ արտաքին եւ ներքին։ Արտաքին ճակատում մենք ողջ աշխարհին, մեր թշնամիներին պետք է ցույց տանք եւ ապացուցենք, որ Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կերպարը չէ, Նիկոլը չունի մանդատ՝ երկիրը տանելու նոր զիջումների։ Մենք այսօր այս հրապարակից պետք է ձեւակերպենք այդ դիմադրությունը, որ այս իշխանության կողմից ստորագրված ցանկացած հակահայ փաստաթուղթ մեզ համար անընդունելի է լինելու։ Երկրորդ ճակատը՝ պետք է դիմադրություն ցույց տանք ներքին կյանքում, դիմադրություն ցույց տանք մեր պետությունը քայքայող բոլոր երեւույթների նկատմամբ»,- ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ բոլոր ոլորտներում պետք է ձեւավորել մեծ ու փոքր դիմադրություն։

Պատգամավորը հայտարարեց, որ իրենց այս պայքարը կարող է տեւել օրեր ու շաբաթներ, եւ այն մեկ մարդու, մեկ ուժի, մեկ կուսակցության պայքար չէ, այլ յուրաքանչյուրի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter