d1ce486704aa833f934ac41c8cd83702.jpg

Երևանում մայիսի 15-ից կգործարկվի առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը |armenpress.am|

armenpress.am։ Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը 2019-2020 ուսումնական տարվանից իրականացվելու է բացառապես առցանց գրանցման տարբերակով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրին ՀՀ ԿԳ փոխնախարար Լուսինե Առաքելյանը և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը։

«Մայիսի 15-ին, առավոտյան ժամը 9-ից համակարգը կգործարկվի և յուրաքանչյուր ծնող կարող է գրանցել իր երեխային դպրոցում առցանց տարբերակով: Այս ծրագրի միջոցով նպատակ ունենք սկսել մրցակցային և ավելի հավասար պայմաններով մեկնարկային փուլ: Նախնական ծրագիրը լինելու է միայն Երևանում, ապա կընդլայնվի նաև ՀՀ բոլոր մարզերում»,- ասաց փոխնախարարը։

Նա նաև նշեց, որ այս տարի Երևանի դպրոցներում կա 14  358 տեղ և նախատեսում են ընդունել 13 հազարից մի փոքր ավելի առաջին դասարանցու:
«Այն ծնողներն, ովքեր Հայաստանի տարածքից դուրս կգտնվեն և մինչև սեպտեմբեր ամիսը չեն կարողանա վերադառնալ՝ իրավական հիմքերով, լիազորագրի միջոցով կարող են կազմակերպել այդ գործընթացները:

Ծանոթացնելով գրանցվելու պայմաններին Արտակ Պողոսյանն առաջին հերթին նշեց, որ համակարգ մուտք գործել հնարավոր կլինի hayt.emis.am էջի միջոցով:

Այդ գործողություններն անելուց հետո համակարգում կհայտնվի երեխայի սոցիալական քարտի համարանիշը մուտքագրելու համար անհրաժեշտ դաշտը։ Մուտքագրումից հետո համակարգը բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ կներբեռնի երեխայի անձնական մյուս տվյալները` անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ և այլն։ 

«Տվյալները ստուգելուց հետո անհրաժեշտ է սեղմել «շարունակել» կոճակը, ինչից հետո էկրանի վրա կհայտնվի հայտի հաստատումը հավաստող էջն ու ծնողի էլ.փոստին կուղարկվի ծածկագիր։ Այնուհետև ծնողը ծածկագիրը պետք է տեղադրի վերևի պատուհանում, մուտք գործի իր համար ստեղծված էջ և տեսնի տեղեկատվություն` դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և դրանք դպրոց ներկայացնելու ժամկետի մասին»,- ասաց ԿՏԱԿ-ի տնօրենը և հավելեց, որ համակարգը ստուգում է նաև ծնող-երեխա կապը, որպեսզի որևէ այլ անձ չկարողանա հայտագրել ոչ իր երեխային։

Պողոսյանի հավաստմամբ՝ իրենք պայմանավորվածություններ ունեն ՀՀ ոստիկանության, Արդարադատության նախարարության համապատասխան բաժնի հետ:
Սահմանված վերջնաժամկետում փաստաթղթերը դպրոց չներկայացնելու դեպքում հայտը կչեղարկվի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն