Այսօր Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ թավշյա հեղափոխության մասին խոսելիս շատերի մետ տպավորություն է ստեղծվել, թե վերադառնում ենք 1917 թվական և պայքարում բոլոր հարուստների դեմ, կուլակաթափություն անում, սակայն, դա այդպես չէ։
«Հստակ ասվել է, որ մենք կառուցելու ենք արժանի երկիր արժանի քաղաքացիների համար, այո՛, հնարավորինս բարձր աշխատավարձով։ Ու՞մ է պետք ապահովել հարկային մուտքերի ավելացումը, եթե դրա արդյունքում քաղաքացին չպետք է ավելի լավ ապրի, դպրոցի ուսուցչին ավելի բարձր աշխատավարձ չտրվի։ Եվ եկեք անկեղծ լինենք, այո՛, պետական կառավարման համակարգում աշխատավարձները նախկինում էլ, ներկայում էլ բավականին ցածր են։ Առաջ ո՞նց էր այդ հարցը լուծվում, ինձ թվում ա՝ ափսոս ա էս ամբիոնը, ես այդ լուծումը և կոռուպցիոն ռիսկերն այս ամբիոնից չեմ ներկայացնի»,- ասաց պատգամավորը։
Նա նշեց, այժմ փորձ է արվել այդ գաղտնի պարգևատրումների, լրավճարների, հավելավճարների փոխարեն որդեգրել ավելի թափանցիկ համակարգ։ «Իհարկե, կարող է էդ համակարգը ունի որոշակի խնդիրներ, թերացումներ։ Գուցե ժամանակավրեպ է, գուցե չպետք է այս պահին ներկայացվեր, մենք այդ ամենը հասկանում ենք, բայց սրա հետ զուգահեռ մենք չպետք է մոռանանք, որ հեղափոխության ամենակարևոր նվաճումներից մեկը պետք է լինի այն, որ ՀՀ քաղաքացին սկսի լավ ապրել և այդ թվում՝ աշխատավարձի բարձրացման միջոցով, եթե նման հնարավորություն կա։ Ռազմական կոմունիզմ կառուցելու որևիցե ցանկություն չկա, համենայնդեպս, ես դրա մեջ չեմ, և «Իմ քայլը» խմբակցությունը դրա մեջ չի»,- վստահեցրեց Վարդանյանը։
Ներդրումների վերաբերյալ «Իմ քայլ»-ի պատգամավորն ասաց, որ չափազանց կարևոր է ապահովել ներդրումային կլիմա, և որ դրանից լուրջ խնդիր չունենք։ «Բայց հարգելինե՛րս, արդյոք էդ ներդրումային կլիման մենք կկարողանա՞նք ապահովել, եթե թույլ տանք, որ Հայաստան մուտք գործեն փողերի լվացման սխեմայով ներգրավված ռեսուրսներ, և մենք դառնանք Ադրբեջանի պես մի երկիր։ Պարոն Մելքումյանը մասնակցել է ԵԽԽՎ վերջին նիստերին, ադրբեջանական լանդրոմատը ամեն պատգամավորի շուրթերին է, որովհետև լանդրոմատը հասել է այնպիսի ծավալների, որ նույնիսկ եվրոպացիները չէին կարող հասկանալ կամ պատկերացնել»,- նշեց նա։
«Հայաստանը փողերի լվացման տեղ չպիտի լինի»,- ասաց Վլադիմիր Վարդանյանն ու ավելացրեց, որ սա պատասխան է և՛ բանկային գաղտնիքի սահմանափակմանը՝ ելնելով միջազգային պարտավորություններից, և՛ պատասխան է նրան, որ ներդրումային կլիմայի ապահովման հարցում չափազանց զգուշավոր պետք է լինենք։
«Այո՛, ապահովենք ամեն անհրաժեշտը ներդրողի համար, բայց նաև չներկայացնենք Հայաստանը որպես մի լավ նավահանգիստ կեղտոտ փողերը լվանալու համար»,- նշեց պատգամավորը։