0a0971b583d86e159b4e22c38f661fb4.jpg

Եվ՛ ներմուծում, և՛ արտադրություն ունենալու դեպքում ցեմենտի գինը մատչելի կլինի. Հայկ Սարգսյան |aysor.am|

aysor.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը պնդում է՝ Հայաստանի շուկայում ցեմենտի գինը պետք է լինի մատչելի։

«Մենք պետք է ունենանք ցեմենտի տեղական արտադրող, և ոչ թե միայն ներկրենք», – այսօր հայտարարեց Հայկ Սարգսյանը։

Նա անդրադարձավ ԱԺ ՏՆտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր վիճահարույց հայտարարությունը՝ ավելի լավ է 400 աշխատատեղ ունենա՞լ, թե էժան ցեմենտ. «Ես ասել եմ, որ ժամանակն է հասկանալ, թե որն է մեզ, որպես պետություն, ավելի ձեռնտու՝ ունենալ ավելի շատ աշխատատե՞ղ, թե ցեմենտ։ «Բարգավաճ Հայաստանի» որոշ պատգամավորներ ենթադրել են, որ ես դեմ եմ աշխատատեղերին։ Բայց ես նման բան չեմ ասել, դա անտրամաբանական է»։

Մեր դիտարկմանը, թե նման հարցադրումը հենց ենթադրում է, որ դեմ եք աշխատատեղերին, Սարգսյանը արձագանքեց. «Իմ հարցադրումը ենթադրում էր, որ մենք պետք է ունենանք մատչելի ցեմենտ մեր շուկայում, և նաև ունենանք տեղական արտադրող։ Դա նաև պայմաններից մեկն է, որ ունենանք էժան ցեմենտ Հայաստանում, որովհետև եթե չունենանք արտադրություն, մեր հարևան երկրները ցեմենտի գինը շատ արագ կբարձրացնեն»։

Պատգամավորի խոսքով՝ ներմուծման ու արտադրություն ունենալու դեպքում կարող է լինել մատչելի գնով ցեմենտ։ Նա նշեց, որ իրանական ցեմենտի մուտքը Հայաստան նպաստեց, որ տեղական ցեմենտի գինը 10 հազար դրամով նվազի։

«Մինչև հեղափոխություն, Հայաստանում ցեմենտի բաց թողնման գինը 50 հազար դրամ էր, հեղափոխությունից հետո կառավարության ղեկավարի ջանքերի շնորհիվ ցեմենտի գինը 10 հազարով նվազեց», – հավելեց պատգամավորը։

Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ այժմ ցեմենտ արտադրողների ներկայացուցիչների, շինարարների, ներկրողների հետ հանդիպումները շարունակում են՝ հասկանալու՝ որն է կոնսենսուսային տարբերակը, որը չի վնասի որևէ մեկին։

«Օրինագծի առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում կքննարկվեն վիճահարույց հարցերը և հնարավոր միասնական տարբերակ կգտնվի», – ասաց պատգամավորը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն