05703a4547f54d9ef6c2802a655d6ace.jpg

Ջուլիան Ասանժ․ գաղափարախոս, թե՞ ուշադրություն փնտրող

Աջակիցների համար Ասանժը ճշմարտության խիզախ մարտիկ է, քննադատների համար նա հանրության ուշադրությունը փնտրող անձնավորություն է, որը վտանգի տակ է դրել մարդկային կյանքեր՝ հրապարակելով հսկայական ծավալի գաղտնի նյութեր։

Ասանժի հետ աշխատած մարդիկ վերջինիս նկարագրում են որպես ակտիվ, էներիգիայով լի ու շատ խելացի անձնավորություն՝ օժտված համակարգչային կոդերը կոտրելու արտակարգ ունակությամբ։

Ասսանժը 2006թ․ հիմնադրում է Wikileaks-ը`  հայտնի գաղտնի փաստաթղթերի ու նկարների բացահայտումներով, իսկ 2010թ․ ամբողջ մամուլը ողողված էր Wikileaks-ի հրապարակած տեսանյութով, որտեղ երևում էր, թե ինչպես են ամերիկյան զինվորներն Իրաքում ուղղաթիռից կրակում առնվազն 18 քաղաքացիական անձանց վրա։

Ասանժը ձերբակալվում է Մեծ Բրիտանիայում, երբ Շվեդիան սեռական ոտնձգությունների համար Ասանժի դեմ գործ է հարուցում ու կալանավորման մասին որոշում ընդունում, որն ուներ միջազգային ուժ։ Հետագայում, սակայն, Ասանժը գրավի դիմաց ազատ է արձակվում։

Շվեդիայի իրավապահները ցանկանում էի հարցաքննել Ասանժին իր դեմ հարուցված 2 գործի շրջանակում․ մի գործով նա մեղադրվում էր բռնաբարության մեջ, իսկ մյուսով՝ մեկ այլ կնոջ նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների ու բռնի ուժի կիրառման մեջ։

Երկու միջադեպն էլ տեղի են ունեցել 2010թ․ օգստոսին, երբ Ասանժը հրավիրվել էր Ստոկհոլմում դասախոսություններ կարդալու։

Պատասխանելով մեղադրանքներին՝ Ասանժն ասել է, որ 2 կնոջ հետ շփումներն եղել են փոխադարձ համաձայնությամբ։ Երկարատև իրավական պայքարն ավարտվեց նրանով, որ Ասանժն ապաստարան խնդրեց Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ խուսափելով արտահանձնումից։

Դեսպանատանը գրեթե 7 տարի անցկացնելուց հետո, 2019թ․ ապրլի 11-ին Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալում է Ասանժին այն բանից հետո, երբ էկվադորի նախագահ Լենին Մորենոն թվիթերում գրառում է կատարում, որ որ իր երկիրը որոշում է կայացրել դադարեցնել Ասանժին ապաստան տրամադրելու որոշումը։

Wikileaks-ի հիմնադիրը չէր լքում դեսպանատան տարածքը, քանի որ ուներ մտավախություն, որ Շվեդիա արտահանձնվելուց հետո իրեն այնտեղից կարտահանձնեն ԱՄՆ, որտեղ սպասվում է դատավարություն ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար։

Հաքերություն

Ասանժը մեծամասամբ հրաժարվում էր պատմել իր կյանքի մասին մինչև Wikileaks-ը, սակայն որոշակի մանրամասներ լրագրողներին հայտնի դարձան։

Նա ծնվել է Ավսրտալիայի Քվիսլենդ նահանգի Թաունսվիլ քաղաքում 1971թ․։ Նրա ծնողները շրջիկ թատրոն ունեին, ուստի նրա մանկությունն անցել էր անդադար ճամփորդություններում։

Ջուլիան Ասանժը The New Yorker-ի թղթակից Ռաֆֆի Խաչատրյանի հետ զրույցում իր մանկությունը նմանեցրել է Թոմ Սոյերի արկածների հետ։ 

18 տարեկանում Ասանժը հայր է դառնում, սակայն շուտով ամուսինները բաժանվում են, որին հետևում են որդու խնամակալության համար դատական մարտերը։

Փոքր տարիքից իր բացառիկ մաթեմատիկական ունակություններով աչքի ընկնող Ասանժին ինտերնետի զարգացումը հնարավորություն տվեց կիրառել իր ունակությունները։ 1980-ական թթ․ վերջին Ասանժը ու ևս 2 հաքեր ձևավորում են խումբ, որը հայտնի է դառնում «Միջազգային դիվերսանտներ» անունով։ Նրանք կոտրում են Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի մի շարք համակարգչային համակարգեր, այդ թվում՝ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտինն ու Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայինը։

1995թ․ Ասանժին ու նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվում հաքերական գործունեության համար։ Ու թեև հաքերներն այնքան հմուտ էին, որ հետևում էին իրենց հետևող իրավապահներին, ի վերջո Ասանժին ու իր ընկերոջը ձերբակալում են․ երկուսն էլ ընդունում են առաջադրված մեղադրանքները։ Նա վճարում է մի քանի հազար Ավստրալիական դոլար տուգանք ու խուսափում կալանավորումից՝ պայմանով, որ այլևս չի շարունակի իր հակաօրինական գործունեությունը։

Դրանց հետո նա 3 տարի աշխատում է գիտնական, լրագրող ու գրքերի հեղինակ Սուիլեթ Դրեյֆուսի հետ, որն ուսումնասիրում էր ինտեներտի՝ ի հայտ եկող վտանգավոր, դիվերսիոն բնույթը։ Ասանժն ու Դրեյֆուսը հրատարակում են իրենց «Underground» գիրքը, որը դառնում է բեսթսելլեր համակարգչային աշխարհում։

Գրքում Ասանժը տալիս է հակերների առաջին ոսկե կանոնների սահմանումը՝
• Մի՛ փչացրու այն համակարգչային համակարգը, որտեղ մուտք ես գործել,
• Մի՛ փոխիր համակարգում եղած տեղեկատվությունը, բացառությամբ լոգերի, որպեսզի չկարողանան քեզ հայտնաբերել, 
• Տարածիր ստացված տեղեկությունները։

Տիկին Դրեյֆուսը, խոսելով Ասանժի մասին, նրան նկարագրում է որպես «շատ հմուտ գիտնական», որը «շատ հետաքրքրված էր էթիկայի ու արդարադատության հայեցակարգերով, այն հարցերով, թե կառվարություններն ինչ պիտի և ինչ չպիտի անեն»։

Ասանժը, որպես Կաֆկայի, Կյոստլերի ու Սոլժենիցինի գաղափարական հեևորդ, հավատում էր, որ ճշմարտությունը, ստեղծարար միտքը, սերն ու կարեկցանքը կոռումպացվել են ինստիտուցիոնալ հիերարխիաների կողմից։

Դրան հետևում է ուսուցում Մելբուռնի համալսարանում, որտեղ նա ուսումնասիրում է մաթեմատիկա և ֆիզիկա ու հայտնի դառնում մաթեմատիկական շրջանակներում իր նորարաություններով։

Wikileaks

Ասանժը տվեց Wikileaks-ի գործունեության մեկնարկը 2006թ․՝  համացանցում աշխատող մի խումբ համախոհների հետ։

2006թ․ դեկտեմբերին Wikileaks-ը հրապարակում է իր առաջին փաստաթուղթը՝ Սոմալիի ապստամբ առաջնորդ Շեյխ Հասսան Դահիր Ավեյսի կողմից ստորագրված գաղտնի որոշումը, որտեղ ասվում էր, որ պետք է սպանել կառավարության անդամներին՝ այդ նպատակով օգտագործելով վարձու մարդասպանների։ Ասանժն ու թիմակիցները վստահ չէին, որ փաստաթուղթը իրական է, սակայն կարծում էին, որ ընթերցողները, օգտագործելով կայքի՝ Վիկիպեդիային նմանվող գործիքները, կարող են ինքնուրույն վերլուծել նյութը։

«Մեր աղբյուրների անվտանգությունն ապահովելու նպատակով մենք ապակենտրոնացրեցինք մեր սերվերները, կոդավորում էինք ամեն ինչ ու տեղաբաշխում հեռահողարդակցության միջոցներն ու մարդկանց ամբողջ աշխարհով մեկ՝ գործի դնելով տարբեր երկրների պաշտպանական օրենսդրությունը»,-ասել էր Ասանժը BBC-ի հետ հարցազրույցի ժամանակ 2011թ․։

«Մենք դարձել էինք գիտակ ու երբեք որևէ գործ չենք պարտվել կամ աղբյուր կորցրել, բայց մենք չէինք կարող ակնկալել, որ բոլորը մեզ պես պատրաստ են գնալու արտակարգ քայլերի»։

Ասանժը վարում էր քոչվոր կյանք՝ ղեկավարելով Wikileaks-ի գործունեությունը ժամանակավոր, անընդհատ փոփոխվող վայրերից։

Նա կարող էր երկար ժամանակ չուտել ու քնին տրամադրելով ընդամենը մի քանի ժամ՝ ամբողջովին կենտրոնանալ աշխատանքի վրա, ինչի մասին գրում է The New Yorker ամսագրի թղթակից Ռաֆֆի Խաչատրյանը, ով մի քանի շաբաթ ճանապարհորդել է Ասանժի հետ։

«Ասանժն իր շուրջ այնպիսի մի միջավայր էր ստեղծել, որ մտերիմ մարդկանց մոտ ցանկություն էր առաջանում նրա մասին հոգ տանել, աջակցել, որ շարունակի իր գործը։ Կարծում եմ, որ դա կապված է իրա խարիզմայի հետ», – գրում է Ռաֆֆի Խաչատրյանը։

Զրպարտության արշավ

Wikileaks-ն ու Ասանժն իրենց վրա ուշադրություն հրավիրեցին, երբ հրապարակեցին տեսահոլովակ, թե ինչպես են ամերիկյան զինվորներն Իրաքում ուղղաթիռից կրակում առնվազն 18 քաղաքացիական անձանց վրա: Սպանվածների թվում էինա Ռոյթերս գործակալության 22-ամյա լուսանկարիչ Նամիր Նուր-Էլդենը ու նրա 40-ամյա վարորդ Սայեդ Չմաղը։ Նախկինում Ռոյթերսը, օգրոգործելով Տեղեկատվության ազատության մասին ակտը, երեք տարի շարունակ զինված ուժերից պահանջում էր այդ հոլովակը, սակայն անհաջող։ Հարկ է նշել նաև, որ ի սկզբանե ԱՄՆ զինված ուժերը հայտարարել էին, որ բոլոր սպանվածներն ապստամբներ էին։

Տեսահոլովակի հրապարակմանը հետևեց հսկայական քանակի ԱՄՆ զինվորական գաղտնի փաստաթղթերի հրապարակումը, որոնք վերբերում էին 2010թ․ հուլիս ու հոկտեմբեր ամիսներին Աֆղանստանում իրականացրած գործողություններին։

Չարաշահումերի մասին հրապարուկմերով հայտնի դարձած կայքը շարունակեց իր գործունեությունը՝ տեղադրելով փաստաթղթերի հերթական փաթեթը, ներառյալ՝ ԱՄՆ-ում գտնվող Ստրատֆոր հետախուզական ընկերության 5 միլիոն գաղտնի էլեկտրոնային նամակ։

Հենց 2010թ․ էլ սկսվում է նաև Wikileaks-ի գոյության պահպանման համար պայքարը, երբ ԱՄՆ մի շարք ֆինանսկական հաստատություններ սկսեցին արգելափակել դրամական նվիրատվությունները։

2010թ․ սկսում են նաև Շվեդիայի փորձերը՝ հարցաքննել Ասանժին նրա դեմ հարուցված սեռական ոտնձգությունների գործի շրջանակներում։ Ասանժը դրանք որակում է որպես «քաղաքական» ու զրպարտության արշավի մի մաս։

Օգնության խնդրանքով Ասանժը դիմում է Էկվադորի այդ ժամանակվա նախագահ Ռաֆայել Կորեային, ում հետ ունեին նմանանատիպ հայացքներ ազատության հարցում։

Էկվադորի դեսպանատան տարածքում գտնվելու ընթացքում Ասանժը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս մամուլի համար հայտարարություններով ու հարցազրույցնեորվ։ Բրիտանական Leveson Inquiry իրավական պարբերականի հետ զրույցի ժամանակ նա հայտարարում է, որ իր դեմ սկվել է լայնածավալ, ոչ ճշգրիտ ու բացասական լրատվական քարոզարշավ։

Որոշ ժամանակ անց Ասանժի մոտ ի հայտ եկան առղջական խնդիրներ, սակայն 2014թ․ օգոստոսին նա հերքեց շրջանառվող լուրերը, որ կլքի դեսպանատան տարածքը համապատասխան բժշկական հետազոտություն ու բուժում ստանալու համար։

Կարևոր հաղթանակ

Որոշ ժամանակ անց Ասանժը բողոք է ներկայացնում ՄԱԿ, որ նա ապօրինի կերպով ազատազրկվել էր, քանի որ դեսպանատան տարաժքը լքելուն պես իրեն սպառնում է ձերբակալություն։

2016թ․ փետրվարին ՄԱԿ-ի փորձագետների խումբը որոշում կայացրեց Ասանժի օգտին՝ հայտարարելով, որ նա «կամայականորեն ձերբակալվել է», որ նրան պետք է շնորհվի ազատ տեղաշարժի հնարավորություն, ինչպես նաև՝ փոխհատուցում տրվի «ազատությունից զրկելու» համար։

Ասանժը սա անվանեց «մեծ հաղթանակ», իսկ որոշումը՝ «պարտադիր»։ Ասանժի իրավաբանները դիմում են Շվոդիայի կառավարությանը էքտրադիցիայի մասին որոշումն անհապաղ չեղարկելու համար։

Սակայն ՄԱԿ-ի որոշումը պարտադիր չէր իրականացման համար Բրիտանիյում, ու Մեծ Բրիտանիայի արտաքին հարաբերությունների նախարարությունն արձագանքում է ՝ հայտարարելով, որ «այն ոչինչ չի փոխում»։

2016թ․ Շվեդիայի գլխավոր դատախազ Ինգրիդ Իսգրենը գնում է Լոնդոն ու Էկվադորի դեսպանատանը հարցաքննում Ասանժին բռնաբարության մեղադրանքի գործի շրջանակներում։ Քանի որ Ասանժին հարցաքննելու ու նրա դեմ մեղադրանքներ առաջադրելու համար նախատեսված ժամկետն արդեն անցել էր, դատախազները ստիպված էին մեղադրանքները թեթևացնել, այժմ նա մեղադրվում էր սեռական բնույթի գործողություններ իրականացնելու մեջ։ ՈՒ քանի որ մեղադրանքը մեղմացվել էր, ուժը կորցնում է նաև համաեվրոպական կալանքի որոշումը։

Սակայն Լոնդոնի ոստիկանությունը հանդես է գալիս հայտարարությամբ, որ Ասանժի նկատմամբ դեռ ուժի մեջ է ավելի թեթև մեղադրանք․ 2012թ․ Ասանժը չի ներկայացել դատարան, ինչի համար սահմանված է պատիժ՝ մինչև 5 տարի ազատազրկում կամ տուգանք։

Հենց այդ որոշումն էր, որը հիմք դարձավ դարձավ 2019թ․ ապրիլի ձեռբակալության համար։ Հիմք ընդունելով 2012թ․ հունիսի 29-ի Վեստմիստերի դատարանի՝ Ասանժի կալանավորման մասին որոշումը, Լոնդոնի ոստիկանությունը հաղորդում է, որ «Պարոն Ասանժը տարվել է Լոնդոնի կենտրոկան ոստիկանական բաժանմունք, որտեղ կմնա մինչև Վեստմիստերի դատարան ներկայանալը, ինչը կիրականացվի հնարավորինս շուտ»։

Ոստիկանությունը նաև ասում է, որ իրենց դեսպանություն է հրավիրել Էկվադորի դեսպանը։

Էկվադորի փոփոխական դիրքորոշումը

Էկվադորի դիրքորոշումն Ասանժի նկատմամբ փոխվեց նախագահական ընտրությունների հետո, երբ Ասանժի համախոհ Կորեային 2017թ․ մայիսին փոխարինեց Լենին Մորենոն։

Նախագահ Մորենոյի ու նրա կառավարության դժգոհությունը գնալով աճում էր, որի պատճառներից մեկն այն էր, որ Ասանժը հրաժարվում էր հետևել դեսպանատանն իր երկարատև կացության սահմանված կանոններին։

Իր հեռուստահայտարարության մեջ նախագահ Մորենոն ասել է, որ նա «ժառանգել է այս իրավիճակը» ու որ պարոն Ասանժն անտեսել է Էկվադորի պահանջները «հարգել ու ենթարկվել այդ կանոններին»։

Ինչպես նշել էր նախագահ Մորենոն, նրա այս որոշումը պայմանավորված էր «միջազգային կոնվենցիաների ու դեսպանատան առօրյա գործունեության կանոնկարգի խախտումներով»։

Մասնավորապես, նա նշում է, որ Ասանժը խախտել է «այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու կանոնը», որի վերջին դեպքն արձանագրվեց 2019թ․ հունվարին, երբ Wikileaks-ը հրապարակեց Վատիկանի մասին նյութեր։

Այդ նույն հեռուստահայտարարության մեջ Մորենոն նաև նշում է, որ ինքը պայման է դրել, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն Ասանժին չի հանձնի 3-րդ պետությանը, որտեղ նրան կարող է սպառնալ խոշտանգում կամ մահապատիժ։

Հիմնական ժամանակացույց։

  • 2010 օգոստոս – Շվեդիայի դատախազությունն առաջին անագամ Ասանժի ձերբակալման մասին որոշում է ընդունում։ Որոշման մեջ ասվում է, որ առկա է երկու մեղադրանք՝ բռնաբարության ու սեռական բնույթի ոտնձգության։ Ասանժը մեղադրանքները որակում է «անհիմն»։
  • 2010 դեկտեմբեր – Լոնդոնում Ասանժը ձերբակալվում է ու 1-ին անհաջող փորձից հետո ազատ արձակվում գրավի դիմաց։
  • 2012 մայիս – Մեծ Բրիտանիայի բարձրագույն դատարանը որոշում է կայացնում, որ Ասանժը պետք է տարհանվի Շվեդիա՝ իր դեմ հարուցված գործի շրջանակներում հարցաքննվելու համար։
  • 2012 հունիս – Ասանժը մուտք է գործում Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն։
  • 2012 օգոստոս – Էկվադորն Ասանժին ապաստան է տրամադրում՝ որոշումը հիմնավորելով, որ էքստրադիցիայի դեպքում վերջինիս իրավունքները կարող են խախտվել։
  • 2015թ․ օգոստոս – Շվեդիայի դատախազությունն իր հետաքննությունը բաժանում է երկու գործի՝ սեռական բնույթի ոտնձգություն և անօրինական պարտադրում, քանի որ անցել էր հարցաքննելու օրենքով սահմանված ժամկետը։ Սակայն բռնաբարության շատ ավելի լուրջ մեղադրանքը դեռ ուժի մեջ էր։
  • 2015 հոկտեմբեր – Ոստիկանությունը հայտարարում է, որ ոստիկանության աշխատակիցներն այլևս չեն հերթապահելու Էկվադորի դեսպանատան մոտ։
  • 2016 փետրվար – ՄԱԿ փորձագետների խորհուրդը որոշում է, որ Մեծ Բրիտանիայոի ու Շվեդիայի իշխանությունները 2010թ․-ից սկսած Ասանժին ենթարկել են «կամայական ազատազրկման»։
  • 2017 մայիս – Շվեդիայի հանրային դատախազությունը հայտարարում է, որ Ասանժի նկտամամբ հարուցված բռնաբարության մեղադրանքը մեղմացվել է։
  • 2018 հուլիս – Մեծ Բրիտանիան ու Էկվադորը հաստատում են շրջանառվող լուրերը, որ տեղի են ունենում երկկողմանի բանակցություններ Ասանժի ճակատագրի վերաբերյալ։
  • 2018 հոկտեմբեր – Էկվադորի դեսպանատունն Ասանժին տալիս է իր ներքին կանոնակարգերի ցուցակը։
  • 2018 հոկտեմբեր – Հայտնի է դառնում, որ Ասանժը պատրաստվում է ձեռնարկել իրավական քայլեր Էկվադորի կառավարության դեմ՝ մեղադրանք առաջադրելով, որ խախտվում են իր «հիմնարար իրավունքներն ու ազատությունները»։
  • 2018 դեկտեմբեր – Ասանժի դատապաշտանը մերժում է Էկվադորի նախագահի առաջարկը՝ լքել դեսպանատան տարածքը։
  • 2019 փետրվար – Ավստրալիան Ասանժին տրամադրում է նոր անձնագիր, միաժամանակ սկսում են տարածվել լուրեր, որ Էկվադորը կարող է դադարեցնել ապաստանի տրամադրումն Ասանժին։
  • 2019 ապրիլ – Անգլիայի ոստիկանությունը բերման է ենթարկում Ասանժին 2012թ․ որոշման շրջանակներում «դատարան չներկայանալու» պատճառով։

Հղումներ`

https://www.newyorker.com/magazine/2010/06/07/no-secrets

https://www.bbc.com/news/world-europe-11949341

https://www.bbc.com/news/world-11047811

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն