Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին հարյուրավոր քաղաքացիներ են մնացել. Արցախի ոստիկանություն

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՆԳՆ ոստիականության մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական կոնվենցիաներով նախատեսված նորմերը, հերթական անգամ ոտնահարում է արցախահայության հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ 

Այս պահին Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին, որը փակ է առավոտյան ժամը 10։30-ից` բնապահպանական պատճառաբանություններով»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ մի խումբ ադրբեջանցիներ այսօր դարձյալ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցիները վրաններ են տեղադրել այնտեղ։ Տեղում մոտ երկու տասնյակ ռուս խաղաղապահներ կան։ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ 

Արցախի նախագահը նույնպես անդրադարձել էր միջադեպին՝ նշելով, որ «սա աննախադեպ մարտահրավեր է մեր պետության ու ժողովրդի համար, և կոչ եմ անում ողջ հասարակությանը համախմբվել ու հանգստություն ցուցաբերել, քանի որ Ադրբեջանի իշխանությունների նպատակներից մեկն էլ Արցախում ներքին պառակտման ու խուճապի հրահրումն է»:

Ստեղծված իրավիճակի ֆոնին այսօր հեռախոսազրույց են ունեցել նաև ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը։ Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման որոշ գործնական ասպեկտներ, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և լոգիստիկ կապերի վերականգնման ծրագրերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով