Դիմում ենք Արցախի քաղաքացիներին՝ ցուցաբերելու զսպվածություն, լինելու զգոն․ Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային ռումբեր օգտագործած ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով վերջին օրերին երկրորդ անգամ արգելափակեցին Ստեփանակերտ-Գորիս կյանքի ճանապարհը` նոյեմբերի 9(10)-ի եռակողմ համաձայնագրով միջանցքի կարգավիճակ ստացած մայրուղին:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները, որոնք միտված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:

Դիմում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիներին` ցուցաբերել զսպվածություն, լինել զգոն, որպեսզի միասնական ջանքերով կանխենք ադրբեջանցիների ցանկացած սադրիչ գործողություն: Իր գոյապայքարի ընթացքում բազում դժվարություններ հաղթահարած մեր ժողովուրդը այս անգամ էլ կդիմակայի առկա և ապագա մարտահրավերներին:

Միջազգային հանրությանը կոչ ենք անում կոնկրետ քայլերով գործողություններ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները:

Ռուս խաղաղապահներին հորդորում ենք եռակողմ համաձայնագրի շրջանակում առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների նմանօրինակ հակամարդկային գործողությունները:

«ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

խմբակցության ղեկավար՝ Դ. ՄԵԼՔՈՒՄՅԱՆ,

«ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

խմբակցության ղեկավար՝ Ա. ՄՈՍԻՅԱՆ,

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ»

խմբակցության ղեկավար՝ Դ. ԳԱԼՍՏՅԱՆ,

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ»

խմբակցության ղեկավար՝ Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆ,

«ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ – ՔՄԴ»

խմբակցության ղեկավար՝ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով