Մենք չգիտենք՝ դեռ որքան կշարունակվի այս արգելափակումը, հնարավոր են սադրանքներ, որոնցից խուսափել է պետք. Արցախի պետնախարար |armtimes.com|

armtimes.com: Արդեն 48 ժամից ավել է՝ Արցախում շարունակվում է ստեղծված իրավիճակը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ ցանկանում էր անձամբ հայտնել իրավիճակի մասին տեղեկություններ՝ խուսափելու համար կեղծ լուրերից, որոնք ֆեյք էջերով տարածում է Ադրբեջանը:

Նա հավելեց, որ Արցախում խուճապ չկա, մարդիկ հանգիստ են և վստահ, որ իրավիճակը արագ հանգուցալուծում կստանա:

Ռուբեն Վարդանյանը նշեց մի շարք կարևոր հարցեր, որոնցից առաջնայինը վառելիքի խնդիրն է.

«Մենք չգիտենք, թե դեռ որքան կշարունակվի այս արգելափակումը, որոշ ժամանակ կպահանջվի վառելիքի հարցը լուծելու համար, մենք դրանով զբաղվում ենք: Այս պատճառով մենք անցել ենք խնայողական ռեժիմի՝ ընդ որում կառավարության մարմինների և իշխանությունների համար: Ասվածը չի տարածվում միայն արտակարգ ծառայությունների, շտապ օգնության, հասարակական տրանսպորտի և խիստ անհրաժեշտ մյուս մարմինների վրա:

Էկոնոմ-ռեժիմը վերաբերում է նաև բոլոր պաշտոնյաներին, չկան բացառություններ»,-նշեց Վրդանյանը:

Խոսելով երկրորդ կարևոր խնդրից, պետնախարարը հայտնեց, որ դա այն մարդկանց հարցն է, որոնք ստիպված են գտնվել իրենց ընտանինքներից հեռու:

«Կան մարդկանց մի շարք խմբեր, այդ թվում՝ մեծ թվով երեխաներ, որոնք մեկնել էին Երևան՝ «Եվրատեսիլ» մրցույթը դիտելու և այժմ հեռու են այժմ իրենց ընտանիքներից, նրանց ծնողներն Արցախում են, երեխաները՝ Հայաստանում, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ նրանք ունենան մաքսիմալ լավ կեցության պայմաններ: Գորիսում այդ կապակցությամբ ամեն բան արվում է: Կան էլի խմբեր, որոնք մեկնել են բուժման կամ աշխատանքի նպատակով և այժմ ունեն վերադարձի խնդիր»,-ասաց պետնախարարը:

Ըստ նրա՝ գլխավոր խնդիրն է մնում, իհարկե, ճանապարհի բացումը, որի ուղղությամբ ևս աշխատանքներ տարվում են, պետնախարարի վստահեցմամբ՝ իրավիճակը լարված է, հնարավոր են սադրանքներ և հարկավոր է անել ամեն բան՝ այդ սադրանքներից խուսափելու համար: Արցախի իշխանությունները պատրաստ են բանակցությունների:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ 

Իսկ երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիների կողմից խափանվել է Արցախը սնուցող գազատարի աշխատանքը: Պատկան մարմինների փոխանցմամբ՝ դադարեցվել է դասապրոցեսը դպրոցներում, որոնք ջեռուցվում են գազով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն