Վանաձորի ավագանու անդամներին փոխկապակցված ընկերությունները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել համայնքի հետ
«Ինֆոքոմն» ուսումնասիրել է Վանաձոր քաղաքի զբոսայգիներից մեկի հիմնանորոգման համար հայտարարված մրցույթը և պարզել, որ այգու հիմնանորոգումը իրականացվել է այնպիսի ընկերությունների կողմից, որոնք փոխկապակցված են համայնքի ավագանու անդամների և նրանց ընտանիքների, ինչպես նաև քաղաքային նախկին իշխանության ներկայացուցիչների հետ։
Վանաձոր քաղաքի Սայաթ-Նովայի անվան զբոսայգին քաղաքում ամենամեծերից մեկն է։ Զբոսայգու հիմնանորոգումը ներառված է եղել Վանաձորի 2018-2021 թվականների զարգացման ծրագրում (էջ 36, հվծ․ 1-ին, տող 11-հեղ․)։ Սակայն, Վանաձորի համայնքապետարանն այդ նպատակով մրցույթը հայտարարել է միայն 2021 թվականի հուլիսին։ Ըստ արդիականացման ծրագրի՝ հիմնանորոգման աշխատանքների համար 215 մլն դրամ էր անհրաժեշտ, մինչդեռ ծախսվել է 341 մլն դրամ։
Այգին հիմնանորոգելու համար հայտարարված հրատապ բաց մրցույթը կազմակերպվել է 3 չափաբաժնով, որոնցից 1-ինում հաղթել է «Ռ․ Ղազարյան» ՍՊԸ-ն, 2-րդում՝ «Վանտեխմատ» ՍՊԸ-ն, 3-րդում՝ «Հայմաս» ՍՊԸ-ն։ Իսկ զբոսայգու նախագծային աշխատանքներն իրականացրել է Վանաձորի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանին պատկանող «Շինէքսպրտ» ՍՊԸ-ն։ Ավելի վաղ Վանաձորի համայնքային գնումներին այս ընկերության մասնակցության մասին անդադարձել էր «Ազատությունը»։
Ավագանու անդամի հորը պատկանող ընկերությունը հաղթում է ինչպես այգու հիմնանորոգման, այնպես էլ համայնքային այլ գնումներում
«Վանտեխմատ» ՍՊԸ-ն պետք է այգու շատրվան-ջրավազանները փոխարիներ ժամանակակից, լուսային, պարող շատրվաններով՝ ներառյալ ինժեներական բոլոր ենթակառուցվածքները։ Այս աշխատանքներն իրականացնելու համար 2021 թվականի օգոստոսի 31-ին համայնքը ընկերության հետ կնքել է 18․6 մլն դրամի պայմանագիր։
Այս ընկերությունը 2019 թվականի մայիսին հիմնադրել է Հարություն Մելիքյանը։ Երկու ամիս անց ընկերության գործադիր տնօրեն է նշանակվել նրա եղբայրը՝ Անդրանիկ Մելիքյանը։ 2023 թվականին ընկերության 100 տոկոս բաժնետեր է դարձել Հայկ Հովսեփյանը, իսկ տնօրենը շարունակել է մնալ Անդրանիկ Մելիքյանը։ Հայկ Հովսեփյանը Վանաձոր համայնքի «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ավագանու անդամ Յանա Հովսեփյանի հայրն է, որը զբաղեցրել է համայնքի ղեկավարի խորհրդականի պաշտոնը։
«Վանտեխմատ» ՍՊԸ-ն համայնքին ծառայություններ է սկսել մատուցել 2019 թվականից։ 2019-2025 թվականներին այս ընկերությունը համայնքի հետ կնքել է 260 մլն դրամի 11 պայմանագիր, որոնցով տեղադրել, սպասարկել և վերանորոգել է Վանաձոր քաղաքի մի քանի շատրվաններ ու ջրավազաններ։
Ընկերությանից առաջին և ամենախոշոր՝ 150 մլն դրամ արժեցող գնումը եղել է 2019-ին՝ Հայքի հրապարակում երգող, պարող և լուսային շատրվանների տեղադրման աշխատանքների համար։ 2023 թ․-ին՝ ավագանու անդամի հոր՝ ընկերության բաժնեմասերը ձեռք բերելուց հետո «Վանտեխմատ» ՍՊԸ-ն համայնքի հետ կնքել է 3 պայմանագիր՝ ընդհանուր 39․5 մլն դրամի չափով։
Նշենք, որ այս ընկերության մասնակցությամբ ընթացակարգերի գերակշիռ մասը կազմակերպված են եղել մեկ անձ ընթացակարգով և կապված են եղել Վանաձոր քաղաքի Հայքի հրապարկի, Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու, Տարոն 4 թաղամասի Մարդու իրավունքների այգու և Սայաթ-Նովայի անվան այգու շատրվանների և ջրավազանների սպասարկման ու վերանորոգման ծառայություններ մատուցելուն։ 2023-ին այդ ծառայությունները համայնքի համար արժեցել են 16 մլն դրամ, իսկ 2024–ին և 2025-ին՝ 11․6 մլն դրամ։
Հատկանշական է, որ Այգու հիմնանորոգման աշխատանքներում ներգրավված ընկերություններից մյուսը՝ «Հայմաս» ՍՊԸ-ի տնօրենը նույնպես «Վանտեխմատ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրանիկ Մելիքյանն է։ Այս ընկերությունը պետք է իրականացներ արտաքին պուրակային լուսավորության մոնտաժում, որի համար համայնքի հետ կնքել է 64․4 մլն դրամի պայմանագիր։
Մրցույթներին հաղթող մեկ այլ ընկերություն՝ կապված ավագանու անդամի հետ
«Ռ․ Ղազարյան» ՍՊԸ-ն պետք է իրականացներ աշխատանքների ամենախոշոր հատվածը: Ընկերությունը պիտի փոխարիներ հատակի հին ծածկույթը, կառուցեր ճեմուղիներ, տեղադրեր նոր եզրաքարեր, կառուցեր սիզամարգեր, վերակառուցեր ջրավազանը, վերականգներ մանկական երկաթուղին, տեղադրեր նստարաններ և զրուցարաններ, ցանկապատեր և կանաչապատեր այգին։ Այս աշխատանքներն իրականացնելու համար 2021 թվականի սեպտեմբերի 10-ին համայնքը ընկերության հետ կնքել է շուրջ 246 մլն դրամի պայմանագիր։ Հետագայում՝ աշխատանքների ժամկետները երկարաձգելու և ծավալներն ավելացնելու հետ մեկտեղ, ավելացել է նաև պայմանագրի գինը՝ դառնալով 258 մլն դրամ։
«Ռ․ Ղազարյան» ՍՊԸ-ն 2019-ին հիմնադրել է Ռիմա Ղազարյանը՝ Վանաձորի նախկին՝ 1999-2016 թվականների քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորորդու կինը։ Ռիմա Ղազարյանի հետ նույն հասցեում է գրանցված նաև Վանաձոր համայնքի «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ավագանու անդամ Հայկազ Մովսիսյանի կինը՝ Նազելի Դարբինյանը։ Նա Սամվել Դարբինյանի եղբոր՝ Սեյրան Դարբինյանի դուստրն է։
«Ռ․ Ղազարյան» ՍՊԸ-ն պետական գնումներին սկսել է մասնակցել 2020 թվականի օգոստոսից։ Վանաձոր համայնքի հետ առաջին պայմանագիրը կնքել է 51․8 մլն դրամով՝ քաղաքի Տարոն 4 թաղամասում Մարդու իրավունքների այգու կառուցման աշխատանքների նպատակով։
Ընկերությունը 2020-2024 թթ․ին համայնքի հետ կնքել է 10 պայմանագիր՝ ընդհանուր 1․4 մլրդ դրամի չափով։
Մինչև նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը «Ռ․ Ղազարյան» ՍՊԸ-ի հետ պայմանագրերը կնքվել և ստորագրվել են հենց նրա կողմից։ Իսկ Ասլանյանի ձերբակալությունից հետո կնքված պայմանագրերը լրացնող/փոփոխող համաձայնագրերն արդեն ստորագրվել են նորանշանակ քաղաքապետ Արկադի Փելեշյանի կողմից։
Ապրանքային բետոնի արտադրությամբ զբաղվող «Ռ․ Ղազարյան» ՍՊԸ-ն համայնքի հետ իր ամենախոշոր պայմանագիրը կնքել է 2024 թվականի հուլիսին՝ շուրջ 602․5 մլն դրամով։ Այդ պայմանագրով ընկերությունը պետք է հիմնանորոգեր Տարոն 2 և Տարոն 4 թաղամասերի փողոցները։ Ընկերությունը եղել է հայտ ներկայացրած միակ մասնակիցը։
Այսպիսով՝ Սայաթ-Նովայի զբոսայգու հիմնանորոգումը ցույց է տալիս, որ Վանաձորում հաճախ գնման պայմանագրեր են կնքվում համայնքային պաշտոնյանե։ Ավելի վաղ «Ինֆոքոմն» անդրադարձել էր, թե ինչպես էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակցին և ավագանու անդամին փոխկապակցված ընկերությունները մասնակցել ու հաղթել համայնքի կազմակերպած մրցույթներում՝ կնքելով խոշոր պայմանագրեր։