«Իրական Հայաստանի» ծրագիրը, որ Նիկոլ Փաշինյանը հրամցնում է, «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտն է. Սաղաթելյան | news.am

news.am Նիկոլ Փաշինյանը փորձում է ամբողջությամբ մոռացության տալ, այն, ինչ որ տեղի է ունեցել, փորձում է այս ողբերգությունը կոծկել, և ցանկացած քայլ անել Ադրբեջանին և թուրքերին դուր գալու համար։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19–ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նրան, որ Արցախի հայաթափման օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր էջում ջազային երաժշտություն է հրապարակում և նշում, թե սա աշխատանքային օրվա լավ մեկնարկ է։

«Ինքը այլ առաքելություն չունի, պետք է լեգիտիմացնի այս ամեն ինչը, փորձի փակել այս էջը և այն ողբերգությունը, հայրենազրկումը, որ տեղի է ունեցել, ջազ, երաժշտությամբ, Ջենիֆեր Լոպեսով ու մնացածով փորձի ծածկել։ Բայց ինքը ավելի խորքային, ավելի ծանր բան է անում մեր հասարակությանը։ Նա ասում է՝ գիտեք ինչ կա, հայ ժողովուրդը երբեք ազգային նպատակներ չի ունեցել, ազգային հարցերի համար չի պայքարել, ինքը ստամոքսով մտածող ժողովուրդ է եղել, որ իր համար կենցաղը ավելի առաջնահերթ է։ Իսկ այն փառահեղ էջերը, որ մեր պատմության մեջ ունեցել ենք, դա ընդամենը եղել է կայսրությունների թելադրանք, որտեղ հաց, էնտեղ՝ կաց, ժողովուրդ ջան, ի՞նչ եք ուզում, ստամոքսով մտածեք, ես այդ ստամոքսի հարցը կլուծեմ, դուք չեք կարող ունենալ այլևս ազգային նպատակ, ազգային երազանք, ինքնության համար պայքար։

Իսկ այն իրական Հայաստանի ծրագիրը, որ ինքը հրամցնում է մեր ժողովրդին, դա ըստ էության, «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտն է։ Նիկոլ Փաշինյանը խաղաղության հետ ոչ մի առնչություն չունի։ Այն ծրագիրը, որ նա ներկայացնում է ժողովրդին որպես խաղաղություն, դա խաղաղ հանձնվելու ծրագիր է։ Եթե հիշում եք, 2024–ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2024–ը եղել է մեր անկախ պետականության ամենախաղաղ տարին։ Բայց 2024–ին մենք Ադրբեջանին ծանր զիօջումներ ենք արել Տավուշի հատվածում՝ փլուզելով մեր ամբողջ պաշտպանական համակարգը և մեր վերահսկողության տակ գտնվող Տավուշի հատվածից 4 գյուղ հանձնել Ադրբեջանին։ Իհարեկ, չեն կրակել, չեն հարձակվել, բայց առանց կրակոցի հանձնել են։ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ծրագիրը դա է»,–ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև