tert.am: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, որ ռուսական հրթիռը չէր խոցի Դնեպրում գտնվող բնակելի շենքը, եթե այն չխփվեր ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, որը, ըստ նրա, գտնվում էր բնակելի թաղամասում։
Ինչպես գրում է kommersant.ru-ն, Նեբենզիան դա անվանել է «մարդասիրական իրավունքի խախտում»:
«Քաղաքի ենթակառուցվածքի վրա արձակված ռուսական հրթիռը խոցվել է ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, քանի որ հակաօդային պաշտպանության կայանքը տեղակայված է եղել բնակելի տարածքում՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, որոնց մասին դուք այդքան խոսում եք։
Խոցված հրթիռն ընկել է բնակելի շենքի վրա. եթե Ուկրաինայի իշխանությունները լսեին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները, այս ողբերգությունը տեղի չէր ունենա»,- ասել է Նեբենզյան:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին ՌԴ զինված ուժերն զանգվածային հրթիռակոծության էին ենթարկել Ուկրաինայի տարածքը։ Պայթյունների մասին հայտարարել էին Կիևի, Լվովի, Վինիցայի, Նիկոլաևի, Օդեսայի, Իվանո-Ֆրանկովսկի, Խմելնիցկի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում։
Դնեպրում հրթիռն ընկել էր բնակելի շենքի վրա, դեպքի վայրում լսվում էին ճիչեր։ Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ Դնեպրի բազմահարկ շենքի վրա ընկել էր ռուսական X-22 հրթիռը, որը նախատեսված է ծովում ավիակիրների ոչնչացման համար։