«Ականապատումների մասին Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքները փլուզվեցին»․ Փաշինյանն անդրադարձավ Հաագայի դատարանի որոշումներին

Արդարադատության միջազգային դատարանը արձանագրեց, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է։ Այս մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա կարող է մեր հանրության համար տարօրինակ թվալ այն իմաստով, որ միջանցքի փակ լինելը ակնհայտ է բոլորիս համար, բայց Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ միջանցքը փակ չէ։ Ինչքան էին միջազգային հանրության ներկայացուցիչները հավատում՝ ուրիշ հարց է։ Սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը, և դա արձանագրեց համաշխարհային բարձրագույն դատական ատյանը»,- նշեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար՝ ըստ էության լուրջ չհամարելով միջանցքը էկոակտիվիստների կողմից փակելու հանգամանքը, և հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը։

«Հաջորդ կարևոր հանգամանքը, որդատարանը վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը նույն փաստաղթով պարտավոր է երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը ԼՂ-ից դեպի Հայաստան ու Հայաստանից դեպի ԼՂ։ Եվ Լաչինի միջանցքը պետք է լինի ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Ըստ էության արձանագրեց, որ սա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է»,- ասաց Փաշինյանը։

Մյուսը հանգամանքը, ըստ գործադիր ղեկավարի, այն է, որ դատարանը հստակ արձանագրեց ԼՂ միավորի գոյությունը՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ըստ այդմ՝ նաև տվյալ հայտարարությանն ու դրա դրույթներին, այդ թվում՝ ԼՂ-ի և շփման գծի առկայության վերաբերյալ տրվեց միջազգային իրավական նշանակություն։

«Դատարանն արձանագրեց նաև, որ խաթարվել են սննդի, դեղամիջոցների, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները ԼՂ, սահմանափակվել է էթնիկ հայերի հասանելիությունը մի շարք կենսական բժշկական ծառայություններին՝ այսպիսով հաստատելով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայության փաստը»,- ընդգծեց Փաշինյանը։

Անդրադառնալով նաև այն փաստին, որ դատարանը համարել է, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել այն հանգամանքի վերաբերյալ, թե Ադրբեջանն է խափանում բնական գազի և էլեկտրական հոսանքի մատակարարումը ԼՂ բնակիչների համար, ՀՀ վարչապետը հաստատեց, որ նման վիճակի պատճառն այն է, որ ԼՂ-ին գազ մատակարարող խողովակի փականը գտնվում է Հայաստանի համար ոչ հասանելի տեղում, նույնը կարելի է ասել նաև էլեկտրական հոսանքի անջատման կետի մասին։

«Եվ այստեղ իսկապես ուղղակի անհերքելի ապացույցներ Հայաստանը չի կարողացել ներկայացնել։ Բայց սա նաև նշանակում է, որ այն պահին, երբ մենք կկարողանանք ձեռք բերել ուղղակի ապացույցներ, այդ հիմքով կկարողանանք նորից դիմել դատարանին, և հավանականությունը, որ դատարանը կբավարարի նաև այս հայցապահանջը, մեծ կլինի»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այս պահին ԼՂ գազամատակարարումն իրականացվում է լիարժեք։

Նշենք, որ Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: 

ՀՀ վարչապետը այս փաստով արձանագրեց, որ արդեն մի քանի ամիս բոլոր միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքները՝ ականապատումների մասին, փլուզվեցին։

«Պիտի ընդգծեմ, որ Ադրբեջանը պետք է տեսանելի միջոցներ ձեռնարկի՝ Լաչինի միջանցքը բացելու համար։ Ամենասկզբում և ամենպրիմիտիվ քայլը կարող է լինել, օրինակ, իշխանության ամենաբարձր օղակից Լաչինի միջանցքը բացելու կոչ, պահանջ հնչեցնելը «էկոակտիվիստներին»։ Ամեն դեպքում Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունը կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների»,- եզրափակեց իր հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով