news.am: Արցախի անկախությունը գալիս է առաջին հերթին ոչ միայն միջազգային կազմակերպություններից, այլ մեր ցանկությունից: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, Երեւանում անցկացվող «Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովին Արցախից տեսակապով հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյաը:
«Ես վերջին վեց ամիսն Արցախում եմ եւ կարող եմ վստահեցնել, որ արցախցիների մեծամասնությունն այդպես է մտածում, իրենք չեն տեսնում իրենց ոչ մի ուրիշ տարբերակում, բացի անկախ լինելուց: Նույն ժամանակ մենք ունենք խնդիր, որ մարդիկ կորցրել են հավատն իրենց նկատմամբ, հավատ՝ դեպի արդարություն, դեպի ղեկավարություն եւ ապագան: Եթե չունես հավատ, շատ դժվար է պայքարելը»,- ընդգծեց Վարդանյանը:
Նրա խոսքով՝ Արցախը կանգնած է շատ լուրջ փոփոխությունների առջեւ.
«Ինչպես 1998 թվականին Արցախում երբ սկսեց շարժումը, մենք ոչ թե միայն քննարկում էինք Արցախի անկախության հարցը, այլ քննարկում էինք մեր արժեքները, մեր սկբունքները, ինչին ենք պատրաստ, ինչին՝ ոչ: Այդպես է ստացվել, որ մենք ունենք անկախ Հայաստան, Սփյուռք, ունենք Արցախում ապրող 120 հազար հայ, որոնք ուզում են միանալ Հայաստանին, բայց միաժամանակ ունենք խնդիր, որ այս իրավիճակում առաջին քայլը, որը պետք է անենք, դա Արցախի անկախությունը եւ ինքնորոշման ճանապարհը վերջացնելն է: Վստահ եմ, որ այս դժվարությունները կարող ենք հաղթահարել միայն մեկ դեպքում, եթե այդ գործն անենք ամեն օր եւ դա լինի մեր համար ամենակարեւոր գործը: Այն մարդիկ, որոնք վստահ են, որ սա հայկական ամենակարեւոր հարցերից մեկն է: Տեսնում եմ այն հիվանդությունները, որոնք ունենք մեր մեջ, եւ առաջին թշնամին մենք ենք, մենք, որ չենք հասկանում, որ ամենօրյա կյանքով ապրելով, չի ստացվելու փոխել այն, ինչը պետք է փոխենք»:
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ի Կառավարության նիստում Արցախի նախագահ Հարությունյանը հրապարակել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը և նշել․ «Ցավոք, Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարմանն ընդամենը օրեր անց հաջորդեց Արցախի շրջափակումը, որը գրեթե չեզոքացրեց այն բոլոր ծրագրերը, որոնք պետք է իրագործվեին նրա և կառավարության կողմից: Մեր ժողովուրդը համառորեն համախմբվեց և ընտրեց մեզ բաժին հասած դժվարություններն ու փորձությունները արժանապատվորեն և բաց ճակատով հաղթահարելու ճանապարհը: Ես հիմա ուզում եմ հրապարակայնորեն ասել, որ այդ պայքարը նաև հանուն մեզ համար մեծ արժեք ներկայացնող Ռուբեն Վարդանյան անձի էր»:
Ռուբեն Վարդանյանը իր հերթին հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշված էր․ «Ուզում եմ արձագանքել մի քանի թեզերի: Առաջինը, ինչու ես հրաժարական չտվեցի: Ուզում եմ, որ պարզ լինի, ես համարել եմ, որ զինվոր եմ, չեմ կարող հրաժարական տալ, եթե պետք է՝ գլխավոր գերագույն հրամանատարը պետք է ինձ ազատի գործից․․․ դրսի ճնշումը իսկապես շատ մեծ էր, պարոն նախագահը ավելի շատ տեղեկություն ունի, և հասկանում է իրավիճակը: Գիտեմ, որ իմ՝ Արցախում մնալու հետ կապված ճնշում կա, բայց նշեմ, որ ես ոչ միայն չեմ գնալու, այլեւ չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի»։