Հիմա եթե Լաչինի միջանցքը բացվի, դա Հաագայի դատարանի որոշմամբ բացվե՞ց, թե՞ Ռուբեն Վարդանյանի գնալով. Օսկանյան |news.am|

news.am: Ադրբեջանը չի բանակցում խաղաղության համար, նա բանակցում է պատերազմում ձեռք բերած իր ավարը օրինականացնելու, ֆորմալիզացնելու եւ դրան միջազգային ճանաչում տալու համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում նշեց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Մենք պետք է գիտակցենք, որ պատերազմի վախը, որ մեր մեջ սերմանել ենք, դա Ադրբեջանի ձեռքին դարձել է մի այնպիսի զենք, որով մեզ սպառնում է եւ պարտադրում է իր կամքը: Վերջին վկայությունը Ռուբեն Վարդանյանի ազատումն է: Մենք ջրեցինք այն հաջողությունը, որ վերջին օրերին ունեցանք: Ռուբեն Վարդանյանի գնալով, ենթադրում եմ, պայմանն այն էր, որ Ադրբեջանը պետք է սահմանը բացի, բայց նույն Ռուբեն Վարդանյանին դուրս մղելու օրը եղավ միջազգային դատարանի որոշումը, որը պարտադրում է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը: Հիմա եթե Լաչինի միջանցքը բացվի, դա դատարանի որոշմամբ բացվեց, թե՞ Ռուբեն Վարդանյանի գնալով: Մենք Ռուբեն Վարդանյանին աշխատանքից ազատելով ջրեցինք այդ ձեռքբերումը, որ ունեցանք միջազգային դատարանում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։  

Իսկ փետրվարի 23-ին Կառավարության նիստում Արցախի նախագահ Հարությունյանը հրապարակել է Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն