ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնք ընդունվել են փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև վարույթում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վստահությունը Արդարադատության միջազգային դատարանին, որոնք խնդրել էին լուծել իրենց տարաձայնությունները:
Նա հիշեցնում է, որ դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար, և հույս հայտնում, որ կողմերը կկատարեն իրենց պարտականությունները՝ ներառյալ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովումը։
Գլխավոր քարտուղարը հույս է հայտնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն աշխատել իրենց երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ և վճռականորեն խրախուսում է կառուցողական երկխոսությունը»,- նշված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։
Միևնույն ժամանակ Դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։