Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 02․04․20 (թարմացվող)
00:50 - 03 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 02․04․20 (թարմացվող)

0։01- «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ 

22։39-Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:

Երեկվա դրությամբ մեկուսացված երկու քաղաքացիների և այսօր օրվա ընթացքում ևս 1 քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը եղել է բացասական: Ընդհանուր առմամբ, այսօր ստացվել է 3 քաղաքացու հետազոտության արդյունքները՝ բացասական ելքով:

Ներկայումս ունենք մեկ քաղաքացի, ով օրեր առաջ գտնվել է վարակի օջախ հանդիսացող բնակավայրում (ՀՀ), նրա դեպքում առայժմ թեստավորում չի իրականացվի, քանի որ վարակին բնորոշ ախտանիշներ առկա չեն: [ԱՀ ԱՆ]

22։23- Այսօր երեկոյան ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանորդ Բորիս Սահակյանը տեսակապով զրուցել են «Դոմոդեդովո» օդանավակայում գտնվող մեր հայրենակիցների հետ։
Քաղաքացիների հետ կրկին տեսակապ կհաստատվի ապրիլի 3-ի առավոտյան։
Վաղվա ընթացքում օդանավակայանում գտնվող քաղաքացիներին կայցելեն դեսպանության աշխատակիցները։ [ՀՀ ԱԳՆ]

21:34- «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։  Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ։ [Առողջապահության նախարարություն]

19:38- Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին ՀՀ-ում գտնվող Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն վերադառնալ հայրենիք, կարող են ապրիլի 3-ին Երևանից մեկնել Սոչի։ Հայաստանում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել «Ուրալյան ավիաուղիներ»-ի Երևան-Սոչի չվերթից, որը լինելու է ապրիլի 3-ին: Չվերթի համարն է SVR2762, իսկ տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության www.uralairlines.ru կայքում: Դեսպանատունը խորհուրդ է տալիս քաղաքացիներին վերադառնալ ՌԴ և օգտվել այս հնարավորությունից, անկախ նրանից, թե որ քաղաքում են ապրում, որովհետև այս պահին այլ չվերթեր չեն ծրագրվում։ 
[ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն]

19:33- ԵՄ-ն 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։ Այն ներառում է մասնավորապես՝ 18 մլն. եվրո նոր ֆոնդեր և ընթացիկ ֆոնդերից 33 մլն. եվրո վերաբաշխում՝ բժշկական սարքավորումների մատակարարման, բժշկական և լաբորատորիաների անձնակազմի համար դասընթացների կազմակերպման, ՓՄՁ-ներին և բիզնես հանրությանը ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի բռնկման հետևանքով տուժած անձանց սոցիալական և հումանիտար օգնության տրամադրման նպատակով: Ավելին կհատկացվի տարածաշրջանային կարևոր բանկային գործիքների և ծրագրերի հետագա վերաբաշխման միջոցով։

18:38- 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 02.04.20թ. ժամի 18-ի դրությամբ մուտքերը կազմել են 856 մլն 253 հազար դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը` 3239: [ՀՀ ֆինանսների նախարարություն]

18:15- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկները ժամանակ առ ժամանակ անցել են ընթացիկ վերապատրաստման կուրսեր եւ պատրաստ են ընդունելու COVID-19-ով վարակված անձանց։ Հիվանդանոցում գործում է համաճարակաբանական ծառայություն։ Այն ժամանակվանից, երբ Հայաստանում այս վիրուսի տեսանկյունից իրավիճակը լարվել է, մասնագետները պարբերաբար անցել են վերապատրաստումներ։ Առաջիկայում, եթե կլինի անհրաժեշտություն, կարող են դրանք կրկին անցկացվել։ |armtimes.com|

18:00- Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովն ամբողջությամբ իրականցնում է իր գործառույթներն և ապահովում է աշխատանքների բնականոն ընթացքը: Հայտերը օպերատիվ կերպով շրջանառվում ու քննարկվում են և ոլորտը կարգավորող իրավական ակտերին համապատասխանելու դեպքում հաստատվում են: Բարեգործական ծրագրերի վերաբերյալ հայտերի քննարկումը կազմակերպվում են հարցման կարգով (հեռակա քվեարկությամբ): 

17:55- Արարատի մարզի Բուրաստան համայնքի համայնքապետ Աշոտ Թարվերդյանն ընտանիքի 3 անդամների հետ մեկուսացված է, նրանց մոտ հաստատվել է կորոնավիրուսով վարակը:

17։28- Ապրիլի 2-ի ժամը 10։00-ի դրությամբ Սյունիքի մարզի Կապան համայնքում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 9 դեպք, իսկ Մեղրի համայնքում՝ 8 դեպք: Վարակի տարածման հետագա միտումը նվազեցնելու և տարածման շղթաները կոտրելու նպատակով՝ հորդորում ենք խստորեն հետևել հանրապետությունում արտակարգ դրության պայմաններում պարետատան սահմանած սահմանափակումներին, մնալ տանը՝ ինքնամեկուսանալ, տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության պարագայում, պահպանել անձնական հիգիենայի բոլոր կանոնները: [Սյունիքի մարզպետարան]

17։25- Ես շատ եմ կարևորում մեր շահառու հանդիսացող տարեցների և խոցելի խմբերի տանը մնալու հանգամանքը։ Կոչ եմ անում նրանց, որպեսզի խուսափեն Հայփոստի մասնաճյուղեր, սոցիալական ապահովության տարբեր ծառայություններ այցելելուց, քանի որ իրենց իրավունքների իրացման հարցով որևէ խնդիր և դժվարություն չեն ունենա։ Անհրաժեշտ դիմումների ժամկետների սպառման դեպքում անգամ հաշվի կառնվի արտակարգ դրության հանգամանքը և դիմումների ընթացքը կտրվի այս իրավիճակի ավարտվելուց հետո։ 2020 թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը սկսվել է այսօրվանից: Հանրապետությունում ապրիլ ամսվա կենսաթոշակների (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում: Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել՝ շահառուի՝ հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի քաղաքացու հաշվառման հասցեի փոստային բաժանմունքներում՝ ապրիլի 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները: [Զարուհի Բաթոյան] |armenpress.am|

16։40- Ամենօրյա և ամենժամյա ռեժիմով մենք կապի մեջ ենք այն քաղաքացիների հետ, ովքեր մեր շահառուներն են։ Բոլոր միջոցներով կապի մեջ ենք և բոլոր միջոցներով փորձում ենք օգնել։ Անկախ ամեն ինչից աջակցությունը տրամադրում ենք օրենքի սահմաններում կամ՝ մեր այլ գործընկերներին դիմելով։ Նպաստառու կամ աջակցության համար մեզ դիմած քաղաքացիների թիվը 105 հազար է, այս քաղաքացիները միշտ կապի մեջ են և՛ մեզ, և՛ մարզպետարանների, և՛ համայքապետարանների հետ։ Մենք էլ մեր հերթին մշտապես կապի մեջ ենք։
[Զարուհի Բաթոյանը՝ կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացմանը վերաբերող ասուլիսին]

16։36- ԱՍ նախարարության կողմից կորոնավիրուսով պայմանավորված օգնություն ստացող մինչև 18 տարեկան երեխաներին վերաբերող տեղեկատվությունը պետք է հրապարակվի միայն ընտանիքների համաձայնությունը ստանալու դեպքում և չեն հրապարակվի երեխաների անձնական տվյալները։ Սա  կարևոր է աշխատանքի թափանցիկության համար։ Ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ թափանցիկությունը, սոցիալական համերաշխությունը շատ կարևոր են։ Ընտանիքների տվյլաները հրապարակվելու են բացառապես նրանց թույլտվությամբ։
[Զարուհի Բաթոյան]

16։29- 🛫❌Նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով օդային հաղորդակցության ոլորտում կիրառվող սահմանափակումների պայմաններում Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր առաջին իսկ հնարավոր չվերթով պատրաստ են ուղևորվել Երևան, խնդրում ենք իրենց անձնագրային և գործող կոնտակտային տվյալներն(բջջային հեռախոսահամար) ուղարկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության էլ. փոստի հասցեին՝ [email protected]:
Միաժամանակ հայտնում ենք, որ ներկա պահին ԱՄԷ-ից դեպի Երևան որևէ չվերթ նախատեսված չէ, և ձեր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կօգտագործվի միայն օպերատիվ իրավիճակով պայմանավորված դեպքերում:
[ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն]

15։57- Այսօրվա դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք: 
🛑Այսպիսով, մեր մարզում ընդհանուր դեպքերի թիվը հասավ 5-ի: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են:    [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]

15։16- Հասարակության շրջանում լուրեր են տարածվում, որ արտերկրից ներմուծումը արգելվելու կամ սահմանափակվելու է։ Մասնավորապես, իբր Վրաստանից գյուղմթերքի և սննդամթերքի ներմուծումը արգելվելու է։Նման բան չկա։
Այնպես որ, կարող եք հանգիստ լինել. Հայաստանում սննդամթերքի և գյուղմթերքի դեֆիցիտ չկա և չի էլ լինի։
Պետք չէ իզուր խուճապ տարածել և դրանով նպաստել գյուղմթերքի արհեստական թանկացմանը։ [
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյան]

15։04- «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն։ [ԱՆ խոսնակ  Ալինա Նիողոսյան]

14։59- Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ քննարկումները միջազգային գործընկերների, հայ և օտարազգի մասնագետների ու գիտնականների հետ։ Նախագահը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ անվանի բժիշկ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, դոկտոր Էրիկ Էսրաիլյանի հետ: Սարգսյանը և դոկտոր Էսրաիլյանն անդրադարձել են նոր կորոնավիրուսի գլոբալ համավարակի խնդիրներին և Հայաստանում դրա դեմ պայքարի հարցում համագործակցության հնարավորություններին: Նախագահը կարևորել է ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում ջանքերի համատեղումը, փորձի փոխանակումն ու փոխօգնությունը: 

14։32- Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ուսումնական շրջանը կվերականգնվի ապրիլի 14-ին։ Դասերի վերսկսմանն ընդառաջ, կրթահամալիրի բոլոր շինություններում, ամբողջ տարածքում իրականացվել են ախտահանման աշխատանքներ։Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումներն ախտահանել են բոլոր սենյակները, դասարանները, սրահները։ Մինչև ուսումնական կիսամյակի ավարտը ռազմամարզական վարժարանը կգործի ուժեղացված ռեժիմով, ելումուտի խիստ սահմանափակմամբ։ [ՀՀ ՊՆ]

13։58- ✈️ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին «Ուրալյան ավիաուղիների»՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության կայքում՝ www.uralairlines.ru:
Դեսպանատունը Հայաստանում գտնվող ՌԴ բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տալիս ՌԴ վերադառնալու ցանկության դեպքում օգտվել այդ հնարավորությունից:
Այս պահին այլ չվերթներ չեն ծրագրվում:

13։45- Կորոնավիրուսի վարակով պայմանավորված բժշկական անձնակազմի /բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժաշխատող/ հավաքագրման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններից թվով 31 բուժաշխատող, այդ թվում՝ 22 բժիշկ, 8 բուժքույր, 1 կրտսեր բուժաշխատող: [Երևանի քաղաքապետարան ]

13։43- ԱԻ նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում շարունակվում են իրականացվել վարակազերծման գործողություններ նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում:
Փրկարար ծառայության ստորաբաժանումները մարտի 28-ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել հանրապետության ինը մարզերի 30 քաղաքներում և Երևանում, ընդհանուր թվով՝ 1899 հանրային վայրերում՝ հանրային փոխադրամիջոցների կանգառներում, բնակելի շենքերի շքամուտքերի և աստիճանավանդակների, վերելակների և բանկոմատների, ինչպես նաև գազալցակայանի սպասասրահներում: [ՀՀ ԱԻՆ]

13։36- Հաշվի առնելով  երկրում հայտարարված արտակարգ դրությունը և այն հանգամանքը, որ այդ ընթացքում առանց եկամուտների վերականգնման  հաճախորդները դժվարություններ կունենան արտոնյալ ժամանակահատվածից հետո վարկի մարում իրականացնել՝ IDBank-ը հայտարարում է հաճախորդներին աջակցման երկրորդ փուլի մասին։ Այն ենթադրում է՝ 
Վարկային արձակուրդը երկարաձգվում է մինչև մայիսի 17-ը
Վարկային արձակուրդին հաջորդող 3 ամսվա ընթացքում ֆիզիկական անձ հաճախորդները կարող են վճարել միայն տոկոսագումարները,
Նշված ժամանակաշրջանի ընթացքում չկատարված պարտավորությունները կբաշխվեն վարկի մարման հաջորդող ամբողջ ժամանակահատվածի վրա։

13։23- ՀՎԿԱԿ- ի 14 վարակակիր բուժաշխատողները  բարեբախտաբար իրենց լավ են զգում, գրեթե ամբողջությամբ նրանք փոխարինվել են մեր այլ աշխատակիցներով, որպեսզի մասնաճյուղը շարունակի իր բնականոն աշխատանքը։ [Արսեն Թորոսյան]

13։21- Մահճակալներ  նախատեսվում են տեղադրել ոչ միայն Կարեն Դեմրճյանի անվան  մարզահամերգային համալիրի սպասասրահի տարածքում, այլև Հայաստանի բոլոր մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ, դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների՝  միջին և միգուցե նաև ծանր վիճակում գտնվող պացիենտներ համար։ Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարների, տարօրինակ կլիներ, եթե չմտածենք այդ սցեննարների ուղղությամբ։ [Արսեն Թորոսյան]

13։18- Այս պահին ունենք 55 թոքերի արհեստական շնչառական սարքեր, ևս 20 կլինի պատրաստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում, 100 սարք մոտակա օրերին  Չինաստանից կներմուծվի, 
ևս 50 պատվիրել ենք, որոնք կլինեն ապրիլի կեսից մայիսի կես ժամանակահատվածում։ [Արսեն Թորոսյան]

13։16- Առավոտվա տվյալներով ծայրահեղ ծանր 5 անձ ունենք , որոնք միացված են արհեստական շնչառական համակարգի, որից 4-ը տարեց են և ունեն խրոնիկ հիվանդություններ, միայն մեկն է, որ երիտասարդ է, նրա հիվանդությունների շրջանակը պարզվում է, քանի որ շատ ատիպիկ թոքաբորբ է տանում և վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները պայքարում են բոլորի կյանքի համար։
 [Արսեն Թորոսյան]

13։16- Վարակված  բուժաշխատողների թիվը ցավալիորեն ավելանում է, որն անխուսափելի է։ Սա մեր հիմանական խնդիրներից մեկն է, որ հնարավորինս պաշտպանենք բուժաշխատողներին։
[Արսեն Թորոսյան]

13։11- ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ-ում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել, ինչի արդյունքում Պահպանության բաժնի 5 աշխատակցի մոտ ախտորոշվել է COVID-19։ Բոլոր 5 անձինք մեկուսացվել են բուժհաստատություններում։ Վերոնշյալ աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են ՔԿՀ բնակելի գոտու սահմաններից դուրս և  կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որևէ շփում չունեն։ ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ-ի պահպանության բաժնի մյուս աշխատակիցները՝ թվով 28 անձ, այս պահին ևս մեկուսացվել են, կատարվում է նմուշառում։ 
Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ։
[ՀՀ Արդարադատության նախարարություն]

13։06- Ես խոսել եմ օպերային երգչուհու հարազատների հետ։ Այս դեպքում պետք է պաշտպանվի անձնական և բժշկական գաղտնիք։ Ես չգիտեմ, թե որ լրատվամիջոցն էր այն հանրայնացրել։ Կինը ապրել է միայնակ, չգիտեմ ունեցել է թոքաբորբ, թե ոչ։ Դա պետք է հաստատվի դիահերձումից հետո, և չգիտեմ  կհանրայնացվի, թե ոչ։ Ամեն դեպքում գրանցվել է շտապ օգնության կանչ, երգչուհին հրավիրվել է հիվանդանոց, որպեսզի անցնի թեստավորում և ստանա բուժում։ Վերջինս այդ պահին հրաժարվել է՝ նշելով, որ վաղը կգնա հիվանդանոց, ինչից հետո՝ առավոտյան մահը վրա է հասել։ Վարակակիր անձանց շրջանակը պարզվում է։ Քույրը վատառողջ է և մեր մասնագետները կապ են հաստատել նրա հետ։ 
[ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ օպերային երգչուհու մահվան մասին]

13։00- Տեսականորեն հնարավոր է, որ Հայաստանում բոլորին թեստավորեն, բայց գործնականում հնարավոր չէ։ Կա հարց՝ 
«Ի՞նչ կտա դա մեզ»։ Այդ պահին վիրուսի բավական մեծ ծանրաբեռնվածություն ունեցող անձանց մոտ  կստանանք դրական արդյունք, որից հետո կարող ենք որոշել՝ նրանց մեկուսացնել, բուժել կամ ոչինչ չանել։ Իսկ բացասականների դեպքում արդյունք չի տա, որովհետև բացասական արդյունք ունեցող քաղացին կարող է 1 օր հետո վարակվել։ Սա նշանակում է, որ ամբողջ բնակչությանը մենք պետք է թեստավորենք պարբերաբար  ոչ թե միանգամից։ Այլ խնդիր է թեստավորման ծավալների ավելացումը՝ գոնե բժշկական ցուցումներով։ Եթե բժշկական ցուցում չկա, առաջանում է այն հարցը, թե ինչքա՞ն հաճախ թեստավորել։ Մենք մեծացնում ենք մեր ծավալները, շուտով կհասնենք օրական 400 թեստի, իսկ որոշ ժամանակ անց՝ նոր սարքավորումների ձեռքբերումներից հետո, կկարողանանք օրական 1500 թեստ անել։
[Արսեն Թորոսյան]

12։53- Իրականում կա նման կետ, երբ  մենք կասենք, որ այլևս հնարավոր չէ, օրինակ, գնալ ցանկացած նոր դեպքի հետևից, բայց մենք դեռ հեռու ենք այդ կետից և մեր խնդիրն է այդ կետը հնարավորինս հեռացնել։ Եթե հնարավոր չլինի հեռացնել, ապա գալու է նման պահ, երբ առողջապահական համակարգը զբաղվելու է միջին կամ ծանր վիճակում գտնվող պացիենտների բուժմամբ, թեթև վիճակում գտնվողներին խորհուրդ է տրվելու բուժվել տանը։ Մեր հասարակության, պետական կառավարման համակարգի ջանքերը պետք է ներդրվեն այդ կետը անհասանելիորեն հեռացնելու համար։
[Արսեն Թորոսյան]

12։49- Վարակվածների շարքերում երեխաներ քիչ կան, հղիներ կան՝ նորից քիչ թվով, կան իհարկե տարեցներ և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձիք, ովքեր ռիսկի խմբում են։ Պացիենտների մոտ 80 տոկոսը ասիմպտոմ է, չունեն սիմպտոմներ՝ ջերմություն և այլն։ Դա չի նշանակում, որ իրենք լիարժեք առողջ են և վտանգ չեն ներկայացնում ուրիշների համար։ Նրանք նույնպես պետք է մնան հսկողության տակ՝ հետագա բարդացումներից խուսափելու համար։
[Արսեն Թորոսյան]

12։45- Թռիչքաձև աճ չէի անվանի այսօրվա թեստերի արդյունքները, այլ կանվանեի՝ ավելի շատ դեպքեր, քան երեկ։ Դա պայմանավորված է երկու գործոնով՝ առաջինը` կա վարակի տարածում և նոր բերովի դեպքեր և երկրորդը՝ մեր կողմից իրականացվող ամենօրյա թեստավորումները։ Պիկի կանխատեսում անել հնարավոր չէ, այն կարող է լինել ամեն պահի։ Այդ օրը կանխատեսել չենք կարող։
[Արսեն Թորոսյան]

12։37- Ապրիլի 1-ին  իրականացվել է 328 կորոնավիրուսի թեստի նմուշ, որոնցից 92-ը եղել է դրական։ [Արսեն Թորոսյան]

12։25- Սիրելի հայրենակիցներ.
Այս ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստացել, որոնց հեղինակները պատմել են իրենց վիճակը, ասելով, որ երեխաներ ունեն, բայց այս պահին եկամտի որեւէ աղբյուր չունեն, քանի որ օրավարձով աշխատող են եղել ու կորոնավիրուսի պատճառով հիմա չունեն նաեւ աշխատանք:
Այսօր ընդունեցինք հակաճգնաժամային 9-րդ միջոցառումը, որով միանվագ աջակցություն կցուցաբերենք նաեւ այս խմբի մեր հայրենակիցներին:
Ընդհանուր առմամբ ընդունել ենք 9 հակաճգնաժամային միջոցառում, որոնցից 4-ը տնտեսական աջակցության, 5-ը սոցիալական աջակցության:
Համոզված եմ, այդ միջոցառումները կթեթեւացնեն մեր հարյուր հազարավոր հայրենակիցների հոգսերը՝ ճգնաժամային այս իրավիճակում: [Նիկոլ Փաշինյան]

12։06- Ի գիտություն ՀՀ-ից Ճապոնիա և Կորեա ժամանող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 3-ից անորոշ ժամկետով մուտքի արգելք կիրառել 49 պետություններից և շրջաններից ժամանող կամ վերջին 14 օրերի ընթացքում այդ երկրներ և շրջաններ այցելած քաղաքացիների նկատմամբ: Ըստ այդ որոշման, մուտքի արգելք կկիրառվի նաև Հայաստանից ժամանող քաղաքացիների նկատմամբ: Մուտքի արգելքը չի տարածվի միայն «Հատուկ հանգամանքներ» ունեցող քաղաքացիներին, ովքեր կկարողանան մուտք գործել Ճապոնիա, սակայն պարտադիր կանցնեն նոր կորոնավիրուսի թեստավորում, իսկ թեստի արդյունքներից հետո էլ քաղաքացիներին կխնդրեն 14 օր լինել ինքնամեկուսացված և չօգտվել հասարակական տրանսպորտից: Ինքնամեկուսացման հորդորին առնչվող սահմանափակումը (սահմանափակումը վերաբերվում է երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիներին (այդ թվում նաև ճապոնացիներին), սակայն պարտադիր բնույթ չի կրում) կգործի մինչև ապրիլի 30-ը: Նշված ժամկետը, սակայն, կարող է երկարացվել:

11։56- ✔️Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը։
✅Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին: 
✅Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.
✅երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.
✅երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և նրանցից մեկը չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում.

11։28- Ինքնամեկուսացման ցուցում ունեցող քաղաքացիներին կոչ եմ անում խստորեն պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը, քանի որ այսօրվանից համապատասխան մարմիններից կստանան ճշգրտող զանգեր։ Եթե նույնիսկ այդ քաղաքացիները այս պահին չունեն ախտանշաններ։ 
[ՀՀ պարետ Տիգրան Ավինյան]

11։22- Մենք ունենք 16 հաստատություն, որտեղ պահվում են մեր այն պացիենտները, որոնց թեստի արդյունքները դրական են, բայց թեթև վիճակում են գտնվում և այն քաղաքացիները, որոնք շփվել են հաստատված կոնտակտների հետ։
Այս պահի դրությամբ Հայաստանում 9 բժշկական հաստատություն զբաղվում են միայն կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժմամբ։
 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը այսօր կդատարկվի և կդառնա միայն կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց։Այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ հիվանդանոցներ, ինչը դեռ երկար ժամանակ թույլ կտա, որ մենք ունենանք բավարար մահճակալային ֆոնդ, որպեսզի  բոլոր պացիենտները հոսպիտալացվեն։ Թեթև սիմպտոմներ ունեցող պացիենտները կտեղափոխվեն մեկուսացման այլ վայրեր , հյուրանոցներ և այլն։ [Արսեն Թորոսյան]

11-15- Հաստատված դեպքերի մեծ մասը եղել են մեկուսացման մեջ կամ ի սկզբանե եղել են կասկածելի, քանի որ անմիջական շփում են ունեցել հաստատաված դեպքերի հետ։ Կան նաև նոր դեպքեր, բայց դրանք մեծամասամբ բերովի դեպքեր են՝ թե՛ ցամաքային, թե՛ օդային ճանապարհով։ Կազմակերպվում է նաև նրանց շփման շրջանակի հայտնաբերման և մեկուսացման գործընթացները։[Այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց Արսեն Թորոսյանը]

11։04-Ունենք 2 առողջացած

Ապրիլի 1-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ: Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ։

Ունենք 2 առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 33։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]

10։59-02.04.2020, ժամը 11։00֊ի դրությամբ.

Հաստատված դեպքեր - 663
Բուժվածներ - 31
Մահվան դեպքեր - 4

10։44- ➡️ ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի աջակցությամբ այսօր տեղի կունենա նոր կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն և բուժմանն ուղղված տելեկոնֆերանս:
💻Տելեկոնֆերանսը կիրականացվի zoom ծրագրի միջոցով :
🔗 Տվյալ հղումով՝ https://us04web.zoom.us/j/922469922 կարող եք միանալ տելեկոնֆերանսին:
🎙 Տելեկոնֆերանսի ձայնի թեստավորումը կիրականացվի ժամը 11:15-ից, իսկ դասընթացը կսկսվի ժամը 11:30-ին:
Տելեկոնֆերանսը կտևի երեք ժամ:
➡️ Հեռավար դասախոսությունը անց է կացվելու Հայաստանի Հանրապետության գլխավոր վարակաբանի կողմից: Հնարավոր կլինի տալ հարցեր:

09։06- ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակից ելնելով՝ ս/թ․ ապրիլի 1-ից դեսպանությունում գործում են թեժ գծի հետևյալ հեռախոսահամարները։
+ 7 (495) 624 – 32 – 43 – բազմաալիք
+ 7 (495) 624 – 12 – 69
Գործում են նաև +7 (968) 378 – 78 – 33; +7 (903) 130 – 56 – 37/ WhatsApp/Viber.
Խնդրահարույց իրավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիները կարող են [email protected] էլ․հասցեին ուղարկել հետևյալ տեղեկատվությունը․
• Անուն, ազգանուն, անձնագրի պանճենը (առաջին էջը), ՌԴ-ում փաստացի բնակության հասցեն, հեռախոսահամարը։
Խնդրում ենք նամակում ներկայացնել խնդրո առարկան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել