Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.03.20 (թարմացվող)
22:51 - 15 մարտի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.03.20 (թարմացվող)

22։12- Մեր ընտանիքը մինչև այժմ Սևանում է։ Մեր մեկուսացման առիթը Բրազիլիայից եկող լուրերն էին։ Շաբաթ օրը մենք ստացանք բացասական թեստ։ Այսօր նոր արձանագրված դեպքը Մեղրիից եկող բնակչի մոտ է։ Ես այդ քաղաքացու հետ շփում եմ ունեցել։ Նոր թեստ հանձնեցի, պատասխանը կլինի գիշերը, եթե պատասխանը լինի դրական, ես և իմ ընտանիքը կշարունակենք ինքնամեկուսացումը։ Եթե ոչ, կվերադառնամ Երևան։ [Նիկոլ Փաշինյան]

22։05- Էջմիածինեցիներին պետք է խնդրենք 23։00-ից քաղաքից առկա 27 ելքերից օգտվել 3-ից

  • Էջմիածին-Երևան
  • Էջմիածին-Աշտարակ
  • Էջմիածին-Մասիս 
    [Նիկոլ Փաշինյան]

 

22։04- Այս պահին ունենք 28 ախտորոշված դեպք։ [Նիկոլ Փաշինյան]

 

22։03- Առաջին պացիենտը դուրս կգրվի բուժումով։ Նրա վերջնական տեստը բացասական է։ [Նիկոլ Փաշինյան]

 

21:51- Շիրակի մարզում այս պահի դրությամբ վիրուսակիր լինելու հաստատված դեպք չկա։ Ռիսկային երկրներից մոտ օրերս վերադարձած մեկ երիտասարդի տեղափոխում են Երևան նմուշառումն այնտեղ իրականացնելու նպատակով։ [Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան]

 

21։39- Դատական իշխանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները իր գործունեությունն անխափան իրականացնելու համար: Միաժամանակ, ընդգծելով կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված յուրաքանչյուր ջանքի գործադրման կարևորությունը, ԲԴԽ-ն հորդորում է
-  դատավարության ներկա լինել ցանկացողներին զերծ մնալ դատական նիստերին ներկայանալուց, բացառությամբ ԶԼՄ ներկայացուցիչներից, որոնց հորդորում ենք ապահովել հնչեղություն ունեցող գործերի ուղիղ հեռարձակումը,
- դատավարության կողմերին բավարարվել դատական նիստերին իրենց ներկայացուցիչների մասնակցությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայությունը պարտադիր է,
- հանձնարարում է դատական կարգադրիչների ծառայությանը բացառել դատարաններում մարդկանց կուտակումները,
- հանձնարարում է դատարանների նախագահներին, Դատական դեպարտամենտին և Դատական կարգադրիչների ծառայությանը ապահովել աշխատակիցների որոշ մասի աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։ [ԲԴԽ]

 

21։29- Ախտահանվում են նաև միկրոավտոբուսները. գործընթացն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը։ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ԱՆ-ի ցուցումով այսօրվանից սկսել են ախտահանման աշխատանքներ տարվել նաև մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերությունների հավաքակայաններում: Ի դեպ, այս գործընթացի պատասխանատվությունը ևս ամբողջությամբ իր վրա է վերցրել համայնքը: Երեկվանից ախտահանվում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրանսպորտը՝ ավտոբուսները, տրոլեյբուսները, մետրոն։ [Երևանի քաղաքապետարան]

 

20:20- Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով խստիվ հորդորում ենք ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ծառայություններից հնարավորության դեպքում օգտվել առցանց եղանակով: Ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգում էլ-ստորագրության առկայության դեպքում առցանց հասանելի են հետեւյալ ծառայությունները՝
✅ անհատ ձեռնարկատիրոջ սկզբնական պետական հաշվառում, անհատ ձեռնարկատիրոջ անձնագրային տվյալների փոփոխություն,
✅ նմուշային ձևի փաստաթղթերով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սկզբնական գրանցում և
ընկերության գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տվյալների փոփոխություն,
✅ Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից տեղեկատվության ստացումը նույնպես կարող եք իրականացնել առցանց տարբերակով:
Գործակալությանն ուղղված այլ տեսակի դիմումները կարող եք ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեով: Հրատապ հարցերի և համակարգից օգտվելիս խնդիրների լուծման նպատակով կարող եք զանգահարել +374 (10) 201445 հեռախոսահամարով։ [ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն]

 

20։05- Ունենք ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողները հայտնաբերվում են, որպեսզի մեկուսացվեն: Այսօր կլինի ևս մեկ թարմացում:
[Արսեն Թորոսյան]

 

20։03-  Այսօր տեղի է ունենալու Հռոմից թռիչք։ Հայաստան հասնելուն պես մեր հայրենակիցները կգտնվեն կարանտինում։ Մեր որոշ հայրենակիցներ էլ, իմանալով կարանտինի մասին, փորձել են այլ ճանապարհով վերադառնալ։ Բայց անկախ չվերթից՝ Իտալիայից եկած քաղաքացիները կարանտինի կենթարկվեն։ [Տիգրան Ավինյան]

 

20։02- Առողջապահության նախարարությունը ձեռք  է բերելու թեստեր, որոնք 15 րոպեի ընթացքում ցույց են տալիս պատասխանները։ 
[Տիգրան Ավինյան]

 

20:01- Մենք  շատ կարճ ժամկետում կունանք ծրագիր, որով կփորձենք մեղմել բացասական հետևանքները։ Տեղեկացրել էինք, որ պետական գերատեսչություններին հանձնարարվել է դիտարկել աշխտակացիների մի մասի աշխատանքը հեռահար եղանակով կազմակերպել։ Վաղը այս որոշման մեջ կավելացվեն բազմազավակ մայրերը և հղի կանայք։ Հեռահար աշխատանքի իրականացումը հնարավոր է իրականացնել նաև մասնավոր ոլորտում։ [Տիգրան Ավինյան]

 

19:55- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ ՊԲ ժամկետայի զինծառայող Աշոտ Փաշինյանը զորամասում է և շարունակում է իր ծառայությունը: Աշոտ Փաշինյանը որևէ տեսակի արձակուրդ չի ստացել, քանի որ, ինչպես տեղեկացված եք, կորոնավիրուսի ներթափանցումը ԶՈւ կանխելու նպատակով բոլոր արձակուրդները հետաձգվել, չեղարկվել են։ [ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան]

 

19:42- Ելնելով նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ կապված հանրապետությունում ստեղծված իրավիճակից՝ պահանջում եւ կոչ ենք անում
➡️զերծ մնալ ու խուսափել զանգվածային միջոցառումների (հարսանիք, նշանդրեք, ծնունդ, հուղարկավորություն եւ այլն) ու մարդկային մեծ կուտակումների, հավաքների մասնակցելուց։
➡️Հատկապես ուշադիր լինել ու սահմանափակել երեխաների ու 60 տարեկանն անց եւ խրոնիկ հիվանդություներով անձանց շփումները։
➡️Սուր շնչառական վարակների նշանների դեպքում (չոր կտրուկ հազ, 37 աստիճանից բարձր ջերմություն, շնչահեղձություն) ինքնամեկուսանալ ու չզբաղվել ինքնաբուժությամբ, անհապաղ հեռախոսով կապվել ձեր ընտանեկան բժշկի կամ տարածքային պոլիկլինիկայի բժշկի հետ՝ բուժման հետագա գործողությունները կազմակերպելու համար։
➡️Չայցեցել նաեւ ոչ պարենային խանութներ, հանրային սպասարկման օբյեկտներ (գեղեցկության սրահներ, արհեստանոցներ եւ այլն)։
➡️Հատկապես գյուղական բնակավայրերի բնակիչներին տեղեկացնում ենք, որ բոլոր համայնքներում ստեղծված են մոբիլ խմբեր, որոնցում ընդգրկված են նաեւ ձեր վարչական ղեկավարներն ու գյուղական բուժաշխատողները, եւ ինչ-ինչ հարցերի կամ խնդիրների դեպքում անմիջապես դիմեք նրանց։ [Սյունիքի մարզպետարան]

 

18։54- Անվտանգության նկատառումներից ելնելով` Ռիո մոլը ևս փակ կլինի մարտի16-ից 23-ը։Կաշխատի միայն Երևանի Սիթի սուպերմարկետը՝ հաշվի առնելով առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու կարևորությունը։

 

18։51- Մարտի 16-23-ը Տաշիր առևտրի կենտրոնը չի գործի։ Այս որոշումը բխում է հանրային շահերից, քանի որ մեզ համար առաջնայինը մեր ժողովրդի առողջությունն ու անվտանգությունն է: Վստահ ենք, որ համընդհանուր պայքարի շնորհիվ կկարողանանք հաղթահարել կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը։ [Տաշիր առևտրի կենտրոն]

 

18։39-  Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները, մարդկանց կուտակումներից և շփումներից խուսափելու համար հայտարարում ենք, որ մարտի 16-ից մինչև մարտի 23-ը չեն գործի «Ռոսիա մոլը», «Երևան տոնավաճառը» և «Ռոսիա» առևտրի կենտրոնը: Նշված օրերին անխափան կաշխատեն «Կարֆուր» սուպերմարկետը, տոնվաճառներում գործող մթերային խանութները, սննդի բազան, ինչպես նաև առևտրի կենտրոններում գործող դեղատները և Հայէկոնոմբանկի մասնաճյուղերը: [«Սիլ» գրուպ ընկերություն]

 

18։19-  «Էրեբունի» ԲԿ-ի ծննդատան մուտքի դիմաց գրված է, որ կանխարգելիչ միջոցառումներից ելնելով` ԲԿ-ն արգելում է տեսակցության մուտքը ծննդատուն այն քաղաքացիների համար, որոնք վերջին 21 օրերի ընթացքում ժամանել են Չինաստանից, Իտալիայից, Իրանից, Սինգապուրից, Կորեայից: Բոլոր այցելուները ծննդատուն և բժշկական կենտրոնի գլխավոր մուտք մտնելուց հետո ստուգվում են ջերմաչափով: |hetq.am|

 

18։13- Սիրելի քաղաքացիներ, առաջարկում եմ ինքնակազմակերպվել  ու ձեռք բերել ալկոհոլային նյութեր, մաքրող միջոցներ և այլ նյութեր, որոնք կտրամադրվեն ռիսկային իրավիճակում գտնվող ընտանիքներին: Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքները ամենախոցելիներն են այս համաճարակային իրավիճակում: Կան շատ թաղամասեր, որտեղ առկա է հոսող ջրի խնդիր, ընտանիքները չունեն ֆինանսական և այլ ռեսուրսներ անհրաժեշտ հիգիենայի պարագաներ գնելու համար: Եկե՛ք ձեռք բերենք անհրաժեշտ նյութեր և տրամադրենք տվյալ ընտանիքներին:  Անհրաժեշտ նյութերը կհավաքենք Մարտի 19-ին, ժամը 12:00-ից, որից հետո հավաքված նյութերը կտրամադրենք ընտանիքներին: [Տաթև Խաչատրյան]

Միջոցառման հղումը

 

18:02-  Մարտի 15-ին ԱԻՆ-ում Փրկարար ծառայության տնօրենը անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների կազմակերպմանը: Հանձնարարվել է 911 ծառայության հերթապահ բժշկական և հոգեբանական աջակցության անձնակազմի հետ իրականացնել կրկնակի հրահանգավորում, որ առավել արդյունավետ ու օպերատիվ իրականացվեն բնակչության հետ տարվող աշխատանքները: Մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչություններին ու ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատին հանձնարարվել է իրենց ստորաբաժանումներում ստեղծել 5-10 փրկարարից բաղկացած հատուկ վարակազերծման խմբեր։ [ԱԻՆ]

 

17:53- Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մարտի 13-ին գումարված ժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով հետևողականությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված ցուցումները և իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները: Հոգևոր հովիվներին տրված են եղել անհրաժեշտ թելադրություններ՝ ի մասնավորի կիրակնօրյա պատարագի ժամանակ եկեղեցիներում կանխարգելիչ միջոցների ձեռնարկման կապակցությամբ: Մայր Աթոռում ևս դադարեցված է մի շարք կառույցների` ներառյալ կրթական, սոցիալական խնամատարական հաստատությունների, Մայր Աթոռի թանգարանների գործունեությունը: Վաղը Վեհափառի նախագահությամբ գումարվելու է ժողով, որի ընթացքում կքննարկվեն մի շարք կարևոր հարցեր։ [Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյան]

 

17:48- ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է բոլոր կանխարգելիչ միջոցների ձեռնարկման և քաղաքացիների տեղեկացվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ որպես կորոնավիրուսի տարածումը կանխարգելող նշանակալի գործոն:

 

17:40- Այսօր մասամբ փակ էին Էջմիածնի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող, հանրությանը «լեժանկաներ» անունով հայտնի հագուստի փոքր կրպակները:  Այս օրերի համար չկան հիգիենիկ կանոնները պահելու պայմաններ: Մարդիկ ազատ ելումուտ են անում տաղավարներով: Տարածքում դժվար է նաև ախտահանիչ միջոցներ ձեռնարկելը: Էջմիածնի համայնքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանը ասաց, որ ոստիկանության հետ համատեղ քայլեր են ձեռնարկում քաղաքում բացօթյա առևտուրը դադարեցնելու ուղղությամբ: Պայմանավորվածություն են ձեռք բերել հանրային սննդի օբյեկտների հետ, որպեսզի չեղարկեն լայնամասշտաբ միջոցառումները: 2 հարսանյաց սրահների հետ բանակցությունները շարունակվում են, և մինչև օրվա վերջ պարզ կլինի նաև նրանց դիրքորոշումը: |hetq.am|

 

17:21- Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե իբր զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ կան, կեղծ է:  Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան, ավելին՝ որևէ զինծառայող վարակված կամ կարանտինում գտնվող քաղաքացիների հետ որևէ շփում չի ունեցել:

Հ.Գ. հարգելի լրագրողներ, նյութը վերնագրելիս բարեխիղճ եղեք և նշեք, թե որ երկրի ՊՆ-ն է նման տեղեկություն հայտնում: [ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]

 

17:08- «Զանգակ» հրատարակչությունը մարտի 16-ից փակելու է «Դալմա գարդեն մոլ» «Ռիո մոլ» և «Մեգամոլ Արմենիա»-ի գրատները, իսկ 17-ից՝ Աբովյան և Կոմիտասի մասնաճյուղերը:

 

17:06- Համացանցում շրջանառվող տեղեկատվությունը, թե այս պահին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսանողներին տարհանում են, չի համապատասխանում իրականությանը: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներն ուսանում են ավագ դպրոցի ծրագրով, իսկ մինչև մարտի 23-ը  կրթական հաստատություններում դասերն ու աշխատանքները դադարեցված են, հետևաբար վարժարանի սաներին ևս տրամադրվել է արձակուրդ:
[ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան]

 

17:05-  Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մեր հայրենակիցները դեռևս Հռոմի օդանավակայան ճանապարհին են: Վերջիններիս Հայաստան տեղափոխող թռիչքը դեռ տեղի չի ունեցել: Խնդրում ենք ձեռնպահ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին: [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

 

16:27-  Megamall Armenia-ն մարտի 16-ից մինչ մարտի 23-ը փակ կլինի, սակայն Yerevan City-ն չի դադարեցնի իր գործունեությունը և բաց կլինի 24 ժամ։

 

16:03- Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը կորոնավիրուսի տարածման պատճառով խաղացանկից հանել է մարտի 14-ից 23-ը հայտարարված ներկայացումները: Գնված տոմսերը կարող եք վերադարձնել տոմսարկղ մինչև տվյալ ներկայացման օրը ներառյալ՝ ժամը 12-ից 19:00:

 

15:55- Լոռու մարզի Չկալով, Շիրակի մարզի Գեղանիստ, Նահապետական, Տոֆաշեն համայնքներում հերթական, իսկ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են: ԿԸՀ կողմից ընտրությունները կամ քվեարկությունը չեղարկելու կամ կասեցնելու մեխանիզմ առկա չէ, այսինքն՝ ԿԸՀ-ն չի կարող դադարեցնել քվեարկությունը կամ ընտրությունների ընթացքը: ՏԸՀ-ներն ապահովվել են ախտահանող նյութերով։ [ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյան]

 

15:15- «Զվարթնոց» օդանավակայանն իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով, ընդունում և ճանապարհում է չվացուցակով նախատեսված չվերթերը, սակայն չի բացառում, որ իրավիճակից ելնելով՝ որոշ չվերթերի ուղևորներ վերցվեն սանիտարակարանտինային հսկողության տակ։ Այս պահի դրությամբ նման սանիտարակարանտինային հսկողության ենթարկվելու են միայն մարտի 15-ին Իտալիայից Երևան ժամանող ոչ կանոնավոր չվերթի ուղևորները, որոնք օդանավակայանից դուրս են բերվելու հատուկ ելքով:


14:48- «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցը և PlayLab խաղային կենտրոնները որոշում են կայացրել փակել բոլոր սրահները  մարտի 16-ից 23-ը:


14:40- Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հանձնարարությամբ շարունակվում են քաղաքի տարբեր թաղամասերի մարդաշատ փողոցների ու մայթերի քլորամաքրման աշխատանքները: Ախտահանվում են նաև կանգառներն ու հասարակական վայրերում տեղադրված նստարանները:


14:35- Արտահանողներին տեղեկացնում ենք, որ Վերին Լարսի մաքսակետում եղանակային պայմանների պաճառով առաջացել են մեքենաների կուտակումներ: Այս խնդրով պայմանավորված՝ կուտակումներ են առաջանում նաև Հայաստանի և Վրաստանի սահմանային մաքսային անցակետերում:

Այդ կապակցությամբ դիմում ենք տնտեսվարողներին հնարավոր դեպքերում որոշ ժամանակով նվազեցնելու բեռնափոխադրումները նշված ուղղությամբ: Մշտական օպերատիվ կապի մեջ լինելով մեր գործընկերների հետ՝ անմիջապես հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ, երբ եղանակային պայմանները թույլ տան վերադառնալ բնականոն բեռնափոխադրումներին: [ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյան]


14:29- Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ իմ մայրը, ով Էջմիածնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչն է, երբևէ նոր կորոնավիրուսային վարակի առաջին դեպքին՝ այսքան քննարկվող կնոջը, չի հետազոտել: Վերջապես դադարեցրեք այս իրավիճակում մոլորության մեջ գցել հանրությանը և փորձել խաթարել նրանց հավատն առ պետական ու տեղական մարմիններ։ [Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան]


14:25- Հայտնում ենք, որ եղանակային անբարենպաստ պայմանների և նաև նոր տիպի կորոնավիրուսի չտարածման նպատակով ռուս-վրացական սահմանին իրականցվող ախտահանող միջոցառումների հետ կապված, վրաց-ռուսական սահմանին կան բեռնատարների կուտակումներ։ [Վրաստանում Հայաստանի դեսպանություն]


14:18-Քիչ առաջ ավարտեցինք նոր կորոնավիրուսի 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը դրական: Բոլոր նոր դրական դեպքերը կապված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 23 դեպք: 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան և բացասական լինելու դեպքում, նա դուրս կգրվի հիվանդանոցից: 21 պացիենտների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում: [Արսեն Թորոսյան]


14:10- Վանաձորի քաղաքապետարանի և համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակից կանայք, որոնք ունեն մանկահասակ կամ դպրոցական տարիքի՝ խնամքի կարիք ունեցող երեխաներ, կարող են աշխատանքի չներկայանալ։ [Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյան]


14:00- #Հայաստան Վաղվանից չեն գործի Արտ Լանչի 20 սննդի կետեր: Իսկ այն կետերը, որտեղ կշարունակվեն աշխատանքները, կիրականացվի խստացված ռեժիմ։


13:45- Քիչ առաջ խորհրդակցության ժամանակ կայացրել ենք մի շարք որոշումներ, որոնք նպաստելու են կրթական և ոլորտային գործունեության շարունակականությանը:
✅ Մարզպետարանների համար պատրաստվելու են դպրոցների ախտահանման ուղեցույցեր, ներկայացվելու են ախտահանող ընկերությունների և ախտահանող նյութեր արտադրող ընկերությունների ցանկեր` ուսումնական հաստատություններում ախտահանման և հիգիենայի ապահովման գործողությունները դասերն ապագայում վերսկսվելուց հետո պատշաճ կազմակերպելու համար:
✅ Կազմակերպվելու են առցանց հարթակներ ուսումնական հաստատությունների սաների կրթական գործընթացների շարունակականությունը հնարավորինս ապահովելու համար:
✅ Կազմվել են նախարարության աշխատակիցների խոցելի խմբերի ցանկեր` աշխատանքը հեռավար կազմակերպելու համար:
✅ Վաղվանից խիստ միջոցառումներ կիրականացվեն նախարարությունում հակահամաճարակային գործողությունների շրջանակներում` աշխատակիցների ջերմաչափումներ, ձեռքերի ախտահանում և այլն:
✅ Հանձնարարվել է թանգարանների և թատրոնների հետ մշակել և կազմել առցանց ծրագրերի ցանկ` սահմանափակումների այս փուլում աշակերտների կրթամշակութային ներգրավվածությունն ապահովելու համար: [Արայիկ Հարությունյան]


13:40- Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներն այսօր վաղ առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան: Նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Իտալիայի հեռավոր շրջաններից, մեր դեսպանությունը, Վենետոյում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի հետ համագործակցաբար ապահովել է համապատասխան տրանսպորտային միջոցներ։ Հռոմի օդանավակայանում մեր քաղաքացիներին դիմավորելու են ՀՀ
դեսպանության աշխատակիցները: [Իտալիայում Հայաստանի դեսպանություն]


13:28- Երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին չթիրախավորելու համար չի նշվում Էջմիածնի դպրոցի համարը: Շփման շրջանակը մեկուսացվում է: [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]


13:20- Բազմամարդ պատարագ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Հազվադեպ կարելի էր հանդիպել քաղաքացիների, որոնք դիմակ էին կրում։ Հավատացյալները մոտենում և հոգևորականից օրհնություն էին խնդրում։ 


12:30- Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ Նա հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են։
[ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]

12:20- Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների նախապես հայտարարված դասընթացների օրերը մարտի 15-ից տեղափոխվում են։ Կոչ ենք անում խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց։ [ՀՀ ԿԸՀ]

12:00- Դալմա Գարդեն մոլը մարտի 16-ից մինչև մարտի 23-ը փակ կլինի՝ կանխելու կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը։

11:30- Խորհուրդ է տրվում խուսափել վարակի տարածման երկրներ, մասնավորապես՝ Իրան, Չինաստան, Հվ Կորեա, Ճապոնիա, ԱՄՆ և ԵՄ և այլ եվրոպական երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն, Բելգիա և Ավստրիա) այցելություններից։ Կորոնավիրուսի վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից, պետք է  ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում: [ՀՀ ԱԳՆ]

11:20- ✅ Այսօր Մեծամորի բժշկական կենտրոնից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որով արդեն իրականացվել է առաջին հետազոտությունը:
✅ Ըստ անհրաժեշտության՝ Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադները կսպասարկեն նաև Վաղարշապատի հիվանդանոցի կանչերը:
✅ Ըստ անհրաժեշտության՝ Մեծամորի բժշկական կենտրոնը բուժօգնություն կցուցաբերի նաև Էջմիածնի բնակիչներին:
✅ Մարզը ներկայացնող բժիշկները պատրաստ են անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել մարզային ենթակայության բժշկական հաստատություններում:
✅ ՀՀ Արմավիրի մարզպետի հանձնարարությամբ հանգստյան օրերին մարզային ենթակայության պոլիկլինիկաները կաշխատեն մինչև երեկոյան ժամը 19:00-ն:
✅Մարզում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ուղեգծերը սպասարկող տրանսպորտային միջոցներն օրվա ընթացքում պարբերաբար ախտահանվում են: [Արմավիրի մարզպետարան]


11:10- Կորոնավիրուսով պայմանավորված «Երևան Մոլ»֊ը չի աշխատի մարտի 16-23֊ը։ Չեն գործելու նաև «Երևան Մոլ»-ի կազմում գտնվող «Կինոպարկ» կինոթատրոնը և «Նավապետ Քիդ» զվարճանքի կենտրոնը։ Գործելու է միայն Քարֆուր սուպերմարկետը՝ սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը չսահամանափակելու նպատակով։

11:05- Զվարթնոց օդանավակայանի տարածքում գտնվող ընկերության վարչական շենքը ոչ ոք չի կարող մուտք գործել կամ լքել այն: Շենքում է ընկերության ղեկավարությունը և մասնագետների անհրաժեշտ նվազագույն 75-հոգանոց անձնակազմը: Այս որոշումը կապահովի անխափան օդային երթևեկությունը ՀՀ օդային տարածքում, ինչպես նաև երկրի երկու միջազգային օդանավակայաններում: Որոշումը կայացվել է համատեղ՝ Առողջապահության նախարարության, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից։

10:40- Տեղեկացնում եմ, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձանժողովի նիստի որոշմամբ պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։ Սա հատկապես վերաբերում է 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձնաց աշխատանքի կազմակերպմանը։ [Տիգրան Ավինյան]

10:30- Ձևավորում է մեկ ընդհանուր շտաբ Առողջապահության նախարարության, ուժային կառույցների, տեսչական մարմնի աշխատակիցների մասնակցությամբ, որը զբաղվում է որոնողական աշխատանքներով, և այս պահի դրությամբ բավականին արդյունավետ այդ աշխատանքները իրականցվում են։ Մեր գրասենյակը, ԱՆ-ն ու ԱԳՆ-ն կրկին ամենօրյա ռեժիմով աշխատանքի մեջ են լինելու։ [Տիգրան Ավինյան]

10:00- Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրանսպորտի ախտահանման աշխատանքներ կիրականացվեն ամեն օր՝ յուրաքանչյուր հերթափոխից հետո: Ընդհանուր առմամբ ամեն օր կախտահանվի շուրջ 150 ավտոբուս, 40 տրոլեյբուս և մետրոյի 30 վագոն: Հասարակական տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերություններին ևս ուղարկվել են առողջապահության նախարարի ցուցումները և հորդորել ենք, որպեսզի նրանք ևս իրականացնեն նմանատիպ աշխատանքներ։ [Երևանի քաղաքապետարան]

09:30- Ուզում եմ հիշեցնել, որ առնվազն Հվ Կորեայում և Իրանում նոր կորոնավիրուսային վարակը իր պայթյունաձև տարածումն է ստացել հենց կրոնական արարողությունների պատճառով։ Հետևաբար կոչ եմ անում մեր քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև համաճարակի վտանգի իսպառ վերացումը։ Մարդկանց առողջությունը վեր է ամեն ինչից։ [Արսեն Թորոսյան]

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20 (թարմացվող)


Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13.03.20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել