Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22.03.20 (թարմացվող)
22:59 - 22 մարտի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22.03.20 (թարմացվող)

21։25- Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսով վարակի 194 դեպք։ [Նիկոլ Փաշինյան]
 
20։08- ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը վստահեցնում է, որ ուրբաթ օրը ԱԺ-ում քննարկված, արտակարգ դրության օրերին տեղեկատվության տարածումը սահմանափակող կարգը խախտողներին պատասխանատվության ենթարկելու նախագիծը ԶԼՄ-ներին չի վերաբերում։ Նախագիծը վերաբերում է բլոգերներին, ֆեյսբուքյան էջերին, ԶԼՄ գործունեություն ծավալող, բայց ԶԼՄ չհանդիսացողներին և մի շարք այլ խմբերի։ |hetq.am| 
 
19։49- «ՍԱՍ Գրուպ»-ի աշխատակիցներից մեկը ասաց, որ ընկերության տնօրենը իրեն եւ իր կոլեգաներին կանչել է գրասենյակ եւ ասել, որ դիմում գրեն ու իրենց հաշվին արձակուրդ վերցնեն՝ սպառնալով հակառակ պարագայում ազատել աշխատանքից: ՍԱՍ Գրուպ»-ի ղեկավարությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ նախարարությունը իրոք մշակում  է օրենսդրական փոփոխություն, որ վերաբերում է արտակարգ դրության իրավիճակում աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը: |armtimes.com|
 
 
19։14- Հարգելի՛ դպրոցականներ, այսուհետ մեր էջում յուրաքանչյուր շաբաթ կկիսվենք «շախմատ» առարկայի օնլայն դասերով, որը հնարավորություն կտա հետ չմնալ դպրոցական ծրագրից։ Յուրաքանչյուր տեսահոլովակ ներառում է 2 դաս։ Դասընթացները վարում է Հայկ Ազիզբեկյանը։ [Հայաստանի շախմատի ակադեմիա]
 
18։47- Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման և վերահսկման նպատակով Վրաստանի Կառավարությունն ընդունել է նոր կանոնակարգ։ Մասնավորապես, Վրաստանի քաղաքացիները հայրենիք կարող են վերադառնալ միայն Բագրատաշեն-Սադախլո սահմանային վերահսկման անցակետով, որը բաց կլինի ժամը 10։00-18։00։ Բեռնատարների համար բաց են սահմանային բոլոր վերահսկման անցակետերը շուրջօրյա ռեժիմով։ [Հայաստանում Վրաստանի դեպանություն]
 
18։24- Նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածումն Արցախում կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ԱՀ քաղաքաշինության նախարարությանը հանձնարարվել էր ՀՀ-ԱՀ հսկիչ անցակետերում իրականացնել կահավորման և բուժանձնակազմի համար հարմարությունների ստեղծման աշխատանքներ:

⚠️ Արցախի հսկիչ սահմանային անցակետերում իրականացվել են հետևյալ աշխատանքները.

↪️«Խարխափուտ» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ և 1 կունգ (9մ երկարությամբ՝ բոլոր հարմարություններով):
↪️«Աղավնո» հսկիչ կետում տեղադրվել է 1 վագոն-տնակ՝ բուժանձնակազմի և այլ պատասխանատու անձանց գիշերակացի համար, միաժամանակ՝ կահավորվել է սպասասրահը՝ վարակակիրների մեկուսացման համար:
↪️«Կովսական» անցակետում տեղադրվել է 1 վագոն-տնակ:
«Խնձորեսկ» հսկիչ կետում տեղադրվել է 2 վագոն-տնակ և կահավորվել: [ԱՀ քաղաքաշինության նախարարություն]

 
18։11- Ի կատարումն ԱՀ կառավարության ս.թ. մարտի 19-ի որոշման,նոր կորոնավիրուսի կանխարգելման և տարածման դեմ պայքարի միջոցառումները շարունակելու նպատակով ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանի հրամանով մինչև ս.թ ապրիլի 14-ը ուսումնական հաստատություններում դադարեցված է ուսումնական գործընթացը։ Այս պահին քայլեր են ձեռնարկվում ուսուցման այլընտրանքային ձևերի և մեխանիզմների գործարկման ուղղությամբ:

💻 Առայժմ դասերն իրականացվում են ըստ հնարավորությունների, ուսուցիչներն օգտագործում են հեռավար ուսուցման տարբեր հարթակներ, մասնավորապես՝ Zoom.us, Google Classroom, «Քան» ակադեմիայի հարթակները ,Viber, Skype, WhatsUpp հավելվածները։

🤝 ԿԳՍ նախարարությունը համագործակցում է հայաստանյան գործընկերների հետ, մշտական կապի մեջ է կրթության փորձագետների հետ.օրակարգում է տեղեկատվական միասնական հարթակ ստեղծելու հարցը։

📚 Նախարարությունն ուսուցիչներին օգնելու համար այժմ փաթեթներ է մշակում՝ ըստ առարկաների և դասարանների: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 
17:35- Գիտեք, որ գործարկվել է https://heravar.armedu.am/ կայքը, որտեղ հավաքված են բոլոր այն հարթակները, որով կարող է իրականացվել հեռավար ուսուցում։ Մեզ տեղեկություններ են հասնում, որ այս օրերին հեռավար կրթության հետ կապված անտատներ, կազմակերպություններ վճարովի ծառայություններ են առաջարկում, կցանկանայինք՝ դուք հետևեիք իմ նշած կայքում եղած հղումներին։ Եթե կլինեն գործընկերներ, որոնք կառաջարկեն նոր հարթակներ, խնդրում ենք դիմել մեզ։ Ըստ էության, սա արձակուրդ չէ, կապ պահպանեք դպրոցի հետ, որպեսզի դասապրոցեսը շարունակվի։ Գիտեք նաև, որ Հանրային հեռուստատեսության հետ համագործակցությամբ ունենք  հեռուստադասեր, 8:30-9:30 և 11:30-12:40 դասեր են լինելու Հանրայինի եթերում։ Բացի այդ, կան ձայնագրված դասեր, որոնք կհրապարակվեն մեր ֆեյսբուքյան էջում, կա նաև մեր պաշտոնական յութուբյան էջը, որտեղ կկուտակվեն բոլոր դասերը։ Առողջական խնդիրներից խուսափելու համար Հանրայինի եթերում լինելու են ֆիզկուլտուրայի ընդմիջումներ։ [Արայիկ Հարությունյան]


16:40- Կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով մինչ այս պահը կատարվել է 1246 լաբորատոր հետազոտություն (թեստավորում)։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]


16:05- Այս պահին 190  պացիենտներից 14-ը թոքաբորբ ունեն, նրանցից 6-ն ունի ինտենսիվ թերապիայի կարիք, քանի որ ունեն հարակից ուղեկցող հիվանդություններ։ Նրանք ինկուբացված չեն, վիճակը ծանր չէ, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչն արվում է։ Մյուս քաղաքացիները հատուկ բուժում չեն ստանում, միայն՝ ջերմիջեցնողներ։ Մի քանի օրից կլրանա մեր բազմաթիվ քաղաքացիների վարակվելու 14-րդ օրը, թեստեր կանենք ու առողջություն մաղթելով՝ կուղեկցենք նրանց իրենց բնակավայրեր։ [Արսեն Թորոսյան]


15:40-Հանրագումարով հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: Ինչպես հայտնել էի երեկ` 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Մնացած 6 պացիենտի սերտ կոնտակավորները ևս պարզված են: [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]


15:00- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ` «Հայկական կարմիր խաչ» կազմակերպությունը սննդի և հիգիենիկ պարագաների մեկամսյա և եռամսյա  փաթեթներ կտրամադրի աջակցության կարիք ունեցող 1400 քաղաքացիների: Շահառուները հիմնականում միայնակ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք են, այդ թվում՝ սիրիահայ փախստականներ և հանրակացարաններում բնակվող անձինք։


14:20- Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված շուրջ 140 ՀՀ քաղաքացիներն այսօր գիշերը Հայաստան անցնելիս սահմանին անցել են ջերմաչափում ու անհրաժեշտ արտաքին զննում։ Բոլոր քաղաքացիների առողջական վիճակը սահմանված կարգով դիտարկվել է. կասկածելի ախտանշաններ որևէ մեկի մոտ չի գրանցվել։ Հոսպիտալացում չի եղել։ Նրանց համար լրացվել են հասցեական քարտեր։ Դրանք կտրամադրվեն ՀՀ վերադարձած անձանց բնակության կամ գրանցման վայրի պոլիկլինիկաներին` այս անձանց առողջական հետագա վիճակը հսկողության տակ պահելու համար։ [ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին]


13:30- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է արտակարգ դրության պայմաններում աշխատողների իրավունքները: Նշվում է, որ վերջին օրերին գործատուների մի մասը առաջնորդվում է Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ և վճարում է իր աշխատողներին, մի մասն էլ՝ նույն հոդվածի 6-րդ մասով՝ ընդհանրապես չվճարելով, մինչդեռ ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ցուցաբերել մեկ միասնական մոտեցում՝ ապագայում հնարավոր աշխատանքային վեճերից խուսափելու և խնդիրները դատական կարգով չլուծելու համար:


13:15- Հաշվի առնելով արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ արտասահմանից վերադառնալու հանգամանքը և շփումների շրջանակը՝ պարոն Գրիգորյանը թեստ է հանձնել. արդյունքը բացասական է, կորոնավիրուս չի հայտնաբերվել: [Արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյան]


12:00- Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են ախտահանման աշխատանքեր՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար:  Այդ աշխատանքներին ներգրավված են ՀՀ տարածքում գործող բոլոր հրշեջ-փրկարարական խմբերի մարտական հաշվարկները. ախտահանվում են բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքները և տեխնիկան: [ԱԻՆ]


11:40- Նվիրատվությունների պահեստավորման նպատակով Երեւանում եւ մարզերում առանձնացվել են հատուկ կետեր։


11:00- Վերջին շրջանում արտերկրի որոշ հասարակական շրջանակներ կազմակերպում են դրամահավաքի զանազան միջոցառումներ՝ նշելով, որ ողջ հասույթը մտադիր են ծախսել բանակի բժշկական կարիքների համար, ինչն անթույլատրելի է: Հորդորում և պահանջում ենք զերծ մնալ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելուց և բանակի անունը շահարկելուց: Հավաստիացնում ենք՝ Զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի նյութերով ու պարագաներով և հավելյալ օգնության կամ աջակցության կարիք չունեն: Խնդրում ենք ձեռնպահ մնալ ՊՆ անունից կամ նախարարության համար ներկայացվող որևէ դրամահավաքության մասնակցությունից: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]


10:20- Առողջապահության ազգային Ինստիտուտ/ National Institute of Health, Armenia-ի, NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի և մասնագիտական ասոցիացիաների հետ մեկտեղ սկսում ենք տեսադասախոսությունների շարք նոր կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ բուժաշխատողների համար, որպեսզի բարձրացնենք առողջապահական համակարգի պատրաստվածության աստիճանը։ [Արսեն Թորոսյան]


10:00- Հայաստանում մարտի 22-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 190-ի, գրանցվել է վարակի ևս 30 դեպք։  [ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն]


Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23.03.20
 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21.03.20 (թարմացվող)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել