Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 02․06․20 (թարմացվող)
22:45 - 02 հունիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 02․06․20 (թարմացվող)

22:10- Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ կփակվի 72 ժամով, հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Նա ավելի վաղ լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր. «Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տուն գնալիս։ Ահա թե ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար»:


20:50- Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում մայիսի 28-ին թեստավորվել է 51 հոգի, այդ թվում՝ ադմինիստրատիվ կազմը և բուժական բաժանմունքներում աշխատող ՀԱՊԱԿ աշխատակիցները։ Արդյունքում՝ 7 հոգու մոտ հաստատվել է հիվանդությունը։ Մայիսի 30-ին թեստավորվել է 101 հոգի, որից՝ նույն բաժանմունքի 54 պացիենտ և 47 աշխատակից։ Մայիսի 31-ին թեստավորվել է ևս 155 աշխատակից։ 

Այսպիսով, երեք օրվա ընթացքում կատարվել է 307 թեստավորում, որի արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 49 հոգի, նրանցից 9-ը պացիենտ է, իսկ 40-ը՝ ադմինիստրատիվ, տնտեսական և բուժական բաժանմունքների աշխատակիցներ։ [Ալինա Նիկողոսյան] |factor.am|


20:30- Երեկ երեկոյան ես և ընտանիքիս անդամները ևս նոր կորոնավիրուսի թեստ ենք հանձնել։ Քիչ առաջ ինձ տեղեկացրեցին, որ բոլորիս թեստերի պատասխանը բացասական է։ Առողջություն եմ մաղթում բոլորին։ [Արարատ Միրզոյան]


20:27- Եթե համեմատում ենք ապրիլ ամսվա ընթացքում արձանագրված դեպքերի թիվը մարտ ամսվա դեպքերի թվի հետ, ապա տեսնում ենք, որ թվերը աճել են 3 անգամ, իսկ, եթե մայիս ամսվա թվերը՝ 13 անգամ: [Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյան] |armenpress.am|


19:40- Կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 8 քաղաքացու մոտ, որոնք Շահումյանի շրջանում հաստատված վարակի օջախի նույն շրջանակից են: Նրանց նախապես մեկուսացրել էին համապատասխան վայրերում: Նոր վարակակիրների մեջ նաև Ստեփանակերտի բնակիչներ կան և բժիշկների հսկողության ներքո շարունակում են մեկուսացման վայրում մնալ:

Ընդհանուր առմամբ, Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպք գրանցվել է 54 քաղաքացու շրջանում, որից 26-ն արդեն առողջացել են: Մեկուսացված է 100 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է: [Արցախ / Տեղեկատվական շտաբ]


19:33- Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 1-ի դրությամբ կայացվել է 1 393 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 20 141 ստուգում, որից միայն 681-ը՝ նշված օրը: [Կառավարություն]


19:25- Այսօր կանգնած ենք հետևյալ հանգրվանի առջև՝ կա՛մ այն փաստի բերումով, որ կանոնները չեն պահպանվում, նորից գնում ենք համատարած արգելափակումների՝ զուգորդելով դրանք պարետային ժամով, երկիրը ենթարկելով նոր տնտեսական ու սոցիալական ցնցումների, կա՛մ միասին, իրար հետ համագործակցված հսկողության տակ ենք առնում այս իրավիճակը և շատ արագ արդյունքներ արձանագրում։ [Նիկոլ Փաշինյան]


17։56- Կրթության տեսչական մարմինը ոստիկանության հետ վերահսկողություն է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություններում արձանագրվել են խախտումներ՝ օգտագործվող սպասքի, ծորակների ինչպես նաև անկողնային պարագաների ախտահանման հետ կապված: Տնօրեններին հանձնարարվել է անհապաղ միջոցներ ձեռք առնել տվյալ թերությունները վերացնելու համար։

 

17։50- ՔՏՀԱ Տեսչական մարմինը  ոստիկանության հետ ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում՝ հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ Պարետի կողմից տրված ցուցումներին հետևելու և պահպանելու նպատակով։ Թե՛ ուղևորները, թե՛ վարորդները սկսել են ցուցաբերել անհատական բարձր պատասխանատվություն և, արձանագրվել է խախտումների նվազման տեմպ։ Այնուամենայնիվ, հայտնաբերվել են խախտումներ՝ կապված միկրոավտոբուսի առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցման, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում՝ վարորդի կողքին ուղևորի նստեցման հետ: [ՔՏՀԱ]

 

17։23- ԱԱՏՄ մասնագետները ստուգայցեր են իրականացրել Երեւանի Շենգավիթ, Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջաններում։ Մշտադիտարկումների զգալի մասի դեպքում արձանագրվում են խախտումներ։ Դրանք առկա են առավելապես գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում։ Վերջիններում ամենալուրջ բացթողումներն առնչվում են ախտահանման, մանրէազերծման, նախամանրէազերծման, բժշկական թափոնների խոտանման աշխատանքներին։ [ԱԱՏՄ]

 

16։31- Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» շուկայում առևտուր իրականացնողները բողոքի ակցիա են կազմակերպել՝  հակահամաճարակային կանոնների խախտումներ հայտնաբերելու հիմքով 24 ժամով շուկայի աշխատանքը կասեցնելու պարետի որոշման դեմ։ Գյուղացիները նշել են, թե չեն կարող դադարեցնել աշխատանքը, քանի որ իրենց ապրանքը 24 ժամում կփչանա։ Վաճառողներին առաջարկվել է մինչև օրվա ավարտը վաճառել եղած ապրանքը, իսկ արդեն հունիսի 3-ին մեկ օրով կդադարեցվի շուկայի աշխատանքը։ |armenpress.am|

 

15։11- Տեղի է ունեցել ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը, որը հեռավար վարել է Նիկոլ Փաշինյանը: Նշվել է, որ չնայած սահմանափակումներին՝ երկրում արձանագրվում են զանգվածային միջոցառումների կազմակերպման դեպքեր, որոնք ևս բացասական ազդեցություն են ունենում ընդհանուր համաճարակաբանական իրավիճակի վրա։ Փաշինյանը հանձնարարել է վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ղեկավարներին ամենօրյա համատեղ գործողություններով խստագույնս վերահսկել կանխարգելիչ կանոնների պահպանումը, զանգվածային տարատեսակ միջոցառումների կազմակերպումը:

 

14։55- Պատրաստվում ենք դիմել իրավապահ մարմիններին, պարզելու համար, թե ով է այդ էջի հետևում կանգնած, քանի որ, կարծեմ, ֆեյսբուքյան էջից է արտահոսքը տեղի ունեցել, ու նաև պարզելու համար, թե ինչպես է այդ ինֆորմացիան հասել տվյալ էջին։ Ոտնահարվել են մարդկանց իրավունքները, ամբողջությամբ հրապարակվել են նույնականացնող, անձնական տվյալներ, ինչն ուղղակի անընդունելի է։ [ԱՆ խոսնակը՝ մի քանի կայքի կողմից համավարակից մահացած 132 անձանց տվյալները հրապարակելու վերաբերյալ] |factor.am|

 

14։36-  Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել, կան մոտ 20 կոնտակտավոր անձինք, որոնք մեկուսացվել են: Այս մասին հայտնեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօրվա դրությամբ 96 է: Նախորդ օրվա համեմատ այդ թիվն ավելացել է 5-ով: Գրանցվել է մահվան եւս 1 դեպք (ընդհանուր առմամբ՝ 2-ը): |armtimes.com|

 

14։29-  Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է COVID-19. նրա շփման շրջանակը պարզված է։ Այս մասին ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Աշխատակիցը քաղաքապետարանի ղեկավար կազմից չէ։ Քաղաքապետարանին կից մի քանի կառույցում նույնպես կան վարակված անձինք։ |armenpress.am|

 

13։35- Միջոցառումը կազմակերպվել է Բագրատունյաց 34 և 36 շենքերի բակում։ Վարչական շրջանը որեւէ առնչություն չունի այդ դեպքի հետ։ Համատիրության հետ խոսել ենք, համատիրությունը եւս չի կազմակերպել։ Ծնողներն իրենք են կազմակերպել այդ միջոցառումը, կարծում եմ պատասխանատվության կենթարկվեն։ [Շենգավիթի թաղապետը՝ վարչապետի տարածած տեսանյութի վերաբերյալ, որտեղ երևում էր, թե ինչպես են մի քանի տասնյակ երեխաներ հունիսի 1-ը նշում] |news.am|

 

12։40- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Նրանք մտքեր են փոխանակել կորոնավիրուսային համաճարակի և այդ ուղղությամբ պայքարի միջոցառումների վերաբերյալ: Լուկաշենկոն շուտափույթ ապաքինում է մաղթել վարչապետ Փաշինյանին և նրա ընտանիքին՝ հույս հայտնելով, որ շուտով հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսային համաճարակը:

 

12։26- Պետական բոլոր հանրակրթական դպրոցներում այս տարի առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով։ Հունիսի 1-ից hayt.emis.am կայքում մեկնարկել է բուն հայտագրման գործընթացը։ Արդեն հայտագրվել է 4745 առաջին դասարանցի։ Հայտագրումն ընթացել է հարթ, տեխնիկական խնդիրներ չեն առաջացել։ [ԿԳՄՍՆ]

 

12։02-  Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 3-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը 46 է։

 

11։55- Վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման արդյունավետ հսկողությունը։  Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 19811 արձանագրություն, իսկ հունիսի 1-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1011 դեպք։ Այսօր՝ վաղ առավոտից, արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ուժեղացված ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ [ՀՀ Ոտիկանություն]

 

11։50- Ոստիկաններն ու ԱԻՆ ծառայողներն այցելում  են ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց բնակավայրեր: [ՀՀ Ոստիկանություն]

 

10։54-  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 81 (կին), 80 (տղամարդ), 53 (տղամարդ), 64 (տղամարդ), 80 (տղամարդ), 82 (տղամարդ), 50 (կին), 75 (տղամարդ), 58 (տղամարդ), 74 (կին), 69 (տղամարդ), 57 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (կին), 63 (տղամարդ), 69 (տղամարդ), 60 (կին), 75 (տղամարդ), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]

 

10։53- Հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած, 158-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6368 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 59917 թեստավորում: Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 517 նոր դեպք և 25 առողջացած։

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 02․06․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․06․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել