Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 06․06․20 (թարմացվող)
21:45 - 06 հունիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 06․06․20 (թարմացվող)

20։58- Բաքվի, ինչպես նաև Ադրբեջանի մի շարք այլ խոշոր քաղաքների բնակիչները հանգստյան օրերը կանցկացնեն տանը՝ ամբողջական մեկուսացման պայմաններում։ Հունիսի 6-ի կեսգիշերից մինչև հունիսի 8-ի առավոտյան ժամը 06:00-ը, Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում, Լենքորանում և Ապշերոնի շրջանում մտցվել է խիստ կարանտինային ռեժիմ։ Վերջին տվյալներով Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի 6 860 դեպք, ապաքինվածների թիվը հասել է 3 871-ի, իսկ մահացածներինը՝ 82-ի։ |hetq.am|

 

18։17- Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը, համաձայն վերջին տվյալների, 6,885,499 է։ Մինչ այս պահը մահացել է 399,005 հոգի, ապաքինվել՝ 3,375,706 հոգի։ Վարակվածների ընդհանուր թվով առաջին տեղում շարունակում է մնալ Միացյալ Նահանգները։ Այստեղ վերջին 24 ժամում գրանցվել է վարակի նոր 1,565 դեպք, վարակավածների ընդհանուր թիվը 1,967,273 է։ Մահերի թիվն ավելացել է 18-ով, ընդհանուր առմամբ մահացել է 111,408 մարդ։ Մինչ այս պահն ապաքինվել է 738,729 մարդ։ |worldometers.info|

 

14։36- ՆԱՏՕ-ի ղեկավարությունը համավարակի երկրորդ հնարավոր ալիքի դեմ նախապատրաստական միջոցառումներ է ձեռնարկում: Նպատակն է ունենալ կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգված գործողություններ:
Արդեն մոտ ապագայում ծրագրի նախապատրաստման աշխատանքներն ավարտված կլինեն: Հունիսի կեսերին այն կներկայացվի ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների վիրտուալ քննարկմանը: [ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ] |dw.com| |armenpress.am|

 

13։16- Հնդկաստանում առկա է կորոնավիրուսի 236 հազար 954 հաստատված դեպք: Մահերի թիվը կազմում է 6 հազար 649: Վարակվածների թվով հաջորդող երկիրը Իտալիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 234 հազար 531, մահերինը՝ 33 հազար 774: Իտալիային հաջորդում է Պերուն, որն էլ իր հերթին վարակվածների թվով շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է 187 հազար 400 ընդհանուր, 5 հազար 162 մահվան դեպքով: |armenpress.am|

12։01-Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որը նախկինում ձեռնպահ էր մնացել համընդհանուր դիմակներ դնելու առաջարկությունից, վերանայել է այս հարցով իր դիրքորոշումը։  Կազմակերպությունը մարդկանց խորհուրդ է տալիս կրել բժշկական դիմակներ, երբ առկա է կորոնավիրուսի արագ տեմպերով տարածման վտանգ և չկա հնարավորություն հեռավորություն պահպանելու։ 

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը պարզաբանել է, որ դիմակներ պետք է դնել տրանսպորտում, խանութներում կամ այլ վայրերում, ուր մարդիկ հաճախ են այցելում: |interfax.ru| |armenpress.am|

10։38-Ես հենց հիմա հայտարարում եմ՝ Միացյալ Նահանգները լքել է ԱՀԿ-ն, և մենք նույնպես ապագայում դիտարկում ենք այդ հնարավորությունը։ Կա՛մ ԱՀԿ-ն աշխատում է առանց գաղափարական կողմնակալության, կա՛մ մենք նույնպես հեռանում ենք։ Մեզ պետք չէ, որ դրսից մարդիկ մատնանշեն ինչ անել մեր առողջապահության ոլորտում։ [Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարու] |ABC||tert.am|


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել