Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26․06․20 (թարմացվող)
23:10 - 26 հունիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26․06․20 (թարմացվող)

21:20- Նորքի տուն-ինտերնատի կորոնավիրուսով վարակված տարեցները բուժվել եւ վերադարձել են ինտերնատ։ Սպասում են միայն մեկ տարեցի կրկնակի թեստի պատասխանին [Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Սոնա Մարտիրոսյան] |news.am|


20:25- ԱԱՏՄ-ն 24 ժամով կասեցրել է «Բիլայն»-ին պատկանող «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակի եւ սպասարկման գրասենյակներից մեկի գործունեությունը։ Կասեցման որոշումը պարետինն է, հիմքում՝ ԱԱՏՄ արձանագրած խախտումները։


20:00- Իտալիայից Հայաստան է ժամանել Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության 11 բուժաշխատողներից կազմված մարդասիրական առաքելությունը: Նույն օդանավով Հայաստան են տեղափոխվել նաև առաքելության իրականացման համար անհրաժեշտ առողջապահական պարագաներ:


17։45- ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը և պատգամավոր Արեն Մկրտչյանը կորոնավիրուսով են վարակվել։ Այս մասին ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը։ Հարցին, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը ևս վարակվե՞լ է, Մինասյանը պատասխանեց, որ Հովհաննիսյանը թեստ չի հանձնել: |tert.am|

 

16։45- Հարակադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված՝ Ծառայության Կենտրոնական մարմնի որոշ ստորաբաժանումներ, Երևանի, նաև մարզային առանձին բաժիններ աշխատում են սահմանափակ մարդկային ռեսուրսով։ Ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը կարող է ձգձգվել, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչի առնչությամբ հայցում ենք ձեր ներողամտությունը: Այս պահի դրությամբ  23 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ [Հարակադիր կատարումն ապահովող ծառայություն]

 

15։26- Կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, պատասխանը դրական է: Ախտանշաններ չունեմ, ինքնազգացողությունս լավ է: Հիմա ինքնամեկուսացած եմ։ [«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյան] |armenpress.am|

 

12։17- Որոշ ԶԼՄ-ներ և օգտատերեր տեսանյութերեր են հրապարակում՝ ներկայացնելով, թե ինչպես են ոստիկանության ծառայողներն ուժ գործադրելով անձանց բերման ենթարկում՝ իբր դիմակ չկրելու համար։ Ներկայացնենք, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 25-ին լրատվական կայքերից մեկով հրապարակված տեսանյութից առաջ։ Երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար։ Բոլորին կոչ ենք անում պահպանել հակահամաճարակային կանոններն ու ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ [ՀՀ ոստիկանություն]

 

11։23- Հունիսի 20-ին Աբովյան քաղաքի 68-ամյա բնակիչը հանձնել է «covid 19» նմուշառման թեստ, որի դրական պատասխանը հունիսի 23-ին հաստատվել է: Վերջինս, տեղեկացված լինելով պարտադիր ինքնամեկուսացման մասին, խախտել է ինքնամեկուսացման կանոնները։ Տղամարդը մատուցել է տաքսի ծառայություններ և կատարել ուղևորափոխադրումներ: Հարուցվել է քրեական գործ։ [ՔԿ]

 

11։15- ԱՀԿ-ն անհանգստացած է Եվրոպայում և նախկին ԽՍՀՄ երկրներում կորոնավիրուսի աճող նոր դեպքերի ալիքով: Covid-19 դեպքերի թիվը սկսել է նորից աճել կարանտինային միջոցառումների վերացումից հետո, նշում է ԱՀԿ-ն: Կազմակերպությունը տագնապալի միտում է տեսնում 11 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 9 միլիոն 600 հազարը, համաճարակի հետևանքով զոհերի թիվը` 489 հազարը: |azatutyun.am|

 

11։06- COVID-19-ը հաստատվել է Հադրութի շրջանի բնակչի մոտ, որը մեկուսացված էր շուրջ 2 շաբաթ և նախօրեին իրականացված թեստավորման արդյունքը դրական ելքով էր: Կորոնավիրուսի մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը 114-ն են, մեկուսացված է 68 քաղաքացի, թեստավորումների քանակը 1828 է: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

11։00-  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 62 (կին), 64 (տղամարդ), 48 (տղամարդ), 53 (տղամարդ), 70 (տղամարդ), 64 (տղամարդ), 64 (տղամարդ), 55 (տղամարդ), 51 (տղամարդ), 89 (կին) և 88 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]

 

10։56- Հունիսի հունիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10557 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 105046 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 759 նոր դեպք և 814 առողջացած։

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․06․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․06․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել