Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 09․07․20 (թարմացվող)
23:01 - 09 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 09․07․20 (թարմացվող)

21։24- Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 100 միլիոն դրամ կհատկացվի համայքային ենթակայության բուժհաստատությունների աշխատակիցներին, որոնք ներգրավված են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում: Գումարը կտրամադրվի քաղաքապետարանի պարգեւատրման ֆոնդից: [Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան]

 

20։43- Հուլիսի 9-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 նոր դեպք, եւս 23 հոգի առողջացել է: Արձանագրվել է նաեւ մահվան 1 դեպք, երբ պացիենտնի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: [Գեղարքունիքի մարզպետ]

 

17։00- Հունիսի սկզբին խորհրդարանն արտահերթ նիստով առաջին ընթերցմամբ ընդունել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում էր ժամանակավոր անաշխատունակության նպաստ տրամադրել մեկուսացած և ինքնամեկուսացած վարձու աշխատողներին: Նախագիծը չէր ստացել Կառավարության դրական եզրակացությունը: Նարեկ Զեյնալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախագիծն առաջարկների ներկայացման փուլում է, քննարկումներ են իրականացնում Կառավարության հետ, ինչպես  նաև հաշվարկների հստակեցում, անձանց քանակի և ֆինանսական ծախսերի կանխատեսում: |hetq.am|

 

15։13- Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն արձագանքել է ֆրանսիացի բժիշկների առաքելությունների թեմայով հրապարակումներին՝ նշելով, որ ֆրանսիական բուժանձնակազմերի երկու առաքելությունները Հայաստան են ժամանել ՀՀ իշխանությունների հրավերով, որոնք էլ ապահովել են սույն առաքելությունների կայացումն ու կազմակերպումը։ Ի պատասխան ՀՀ Կառավարության խնդրանքի՝ Ֆրանսիան հոգացել է երկրորդ պատվիրակության տրանսպորտի և կեցության ծախսերը։ |hetq.am|

 

12։43- Հայաստանում կորոնավիրուսով վարակված, հիվանդանոց տեղափոխվելու կարիք ունեցող և տանը սպասող հիվանդ ներկայումս չկա: Այդ մասին կառավարության նիստում նշեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս ունեինք տանը սպասող հիվանդների խումբ, որը հիմա չկա: Փաշինյանը միաժամանակ ընդգծեց, որ վիճակն անկանխատեսելի է և առաջիկայում սպասվում է վերակենդանացման նոր բաժանմունքների բացում  «Էրեբունի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցներում։ |armenpress.am|

 

12։21-  Հուլիսի 9-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 76 բնակիչ է բուժվում։ Հուլիսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1028 քաղաքացի, նրանցից 277-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Մինչ օրս առողջացել է մարզի 334 բնակիչ: Արձանագրվել է մահվան 24 դեպք։ [Շիրակի մարզպետարան]

 

10։56- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 82 (տղամարդ), 65 (կին), 61 (կին), 74 (կին), 70 (տղամարդ), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 68 (կին), 90 (կին), 81 (տղամարդ), 52 (կին), 65 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]

 

10։53- Հուլիսի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30346 դեպք, որոնցից 18000-ն` առողջացած, 535-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11641 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 129166 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 526 նոր դեպք և 573 առողջացած։ Մեկ օրում կատարվել է 1995 թեստավորում։

 

10։09-  ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է որոշում, որով վերացվում են Գետավան և Չափար համայնքներում կիրառվող ժամանակավոր սահմանափակումները: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 09․07․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 08․07․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել