Արարատ Միրզոյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը
10:14 - 22 հուլիսի, 2020

Արարատ Միրզոյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քիչ առաջ ստորագրեցի հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։

Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում և այդ պահից այն կմտնի ուժի մեջ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն հունիսի 30-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել էր ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ավելի ուշ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել էր, որ եթե նախագահ Արմեն Սարգսյանը  «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը վիճարկելու համար չդիմի  ՍԴ, ապա ինքը 5-օրյա ժամկետում կստորագրի այն:

Հունիսի 26-ից, հիշեցնենք, ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունները, որոնցով դադարեցվում են ՍԴ 3 անդամների լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանը դադարում է պաշտոնավարումը որպես ՍԴ նախագահ: Հունիսի 30-ին ԱԺ-ում ընդունված և այսօր ԱԺ նախագահի ստորագրած փաթեթով նախատեսվում են ՍԴ դատավորի և նախագահի թափուր պաշտոններում առաջադրումների և ընտրության համար անհրաժեշտ կարգավորումներ, ինչպես նաև ՍԴ երեք դատավորների կենսաթոշակի իրավունքի իրացման ապահովման համար անհրաժեշտ հստակեցումներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել