lragir.am: Հարցազրույց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ։

Պարոն Պետրոսյան, Ամուլսարում իրավիճակը գնալով բարդանում է։ Շատերը նշում են, որ Ամուլսարը, որտեղ լուրջ զարգացումներ են տեղի ունենում, փորձաքար է Ձեզ համար: Ինչպե՞ս եք գնահատում այս օրերին այնտեղ տեղի ունեցած բողոքի ակցիաները, դրանք ի՞նչ ցույց տվեցին, և այս խնդիրն ինչպիսի լուծում է ունենալու:

Ամուլսարի մասով ես մի քանի անգամ ասել եմ, որ գնահատականներ չեմ տալու, մինչև անձամբ փորձագիտական գնահատականներ չունենամ, մինչև մասնագետների հետ չխորհրդակցեմ: Հիմա առաջին հերթին ձեռնամուխ եմ եղել Սևանի, նրա ափերի հետ կապված խնդիրներին: Իսկ թե բնապահպաններն ու «Լիդիանի» ներկայացուցիչներն ինչ խնդիր են իրար մեջ լուծում, դա թող մյուս գերատեսչությունները, այդ թվում ոստիկանությունը հասկանա և կարգավորի այդ հարցը:

Այսինքն՝ Դուք դեռ ուսումնասիրո՞ւմ եք խնդիրը:

Այո, դրա համար ես չեմ ուզում հիմա գնահատականներով հանդես գալ: Ես ասել եմ, որ այս պահին Շրջակա միջավայրի նախարարությունը այս օրերի զարգացումներին միջամտելու ոչ մանդատ ունի, ոչ էլ ասելիք: Պարզ է, որ մեր ոլորտն է և ասելիք ունենալու եմ և ունեմ, բայց երեկվա զարգացումները, տնակներ տանել-բերելը շրջակա միջավայրի հետ ոչ մի կապ չունի: Երկու սուբյեկտների միջև խնդիր է ծագել, բողոքի ակցիաներ են ընթանում: Շրջակա միջավայրի նախարարությունն այդտեղ բովանդակային հարց ունի լուծելու, ոչ թե կոնկրետ երեկվա զարգացումների վերաբերյալ: Ես կրկնեմ, որ դեռ հարցը պետք է ուսումնասիրեմ, և իմ կարծիքը, բնականաբար, պետք է կառուցվի բացառապես փաստերի, փաստարկների, ինչպես նաև փորձագիտական շրջանակների հետ աշխատելուց հետո:

Իսկ որքա՞ն ժամանակ կպահանջվի Ամուլսարի խնդիրն ուսումնասիրելու և դիրքորոշում արտահայտելու համար:

Ժամկետ չեմ կարող ասել, բայց շատ չենք ուշացնի:

Հատկանշական էր նախարարի պաշտոնում Սևանի խնդրի շուրջ Ձեր առաջին քայլը. Ինչո՞ւ սկսեցիք Սևանի ափին հենց ձեր թիմակցի կողմից շահագործվող ապօրինի կառույցի գործունեությունից՝ արգելելով այն:

Քանի որ այդ հարցը հանրային մեծ հնչեղություն էր ստացել, և դա համընկավ իմ նշանակման հետ, բնականաբար, ես այդ դեպքով էլ անմիջապես սկսեցի զբաղվել: Իմ թիմակցի անվան հետ կապվում է, բայց առնվազն տնտեսվարողի ներկայացրած փաստաթղթերն ու տվյալները դե յուրե ոչ մի աղերս չունեին իմ թիմակցի հետ, բացառությամբ այն դրվագի, որ վերջինս ասաց, որ ընկերական հարաբերություններ ունի և պարզապես այցելում է այնտեղ: Բոլոր դեպքերում, անկախ նրանից, թե ով է տնօրինում այդ ափը, ով է տնտեսվարող և ով ինչ կապ ունի մեր թիմակցի, մեր պատգամավորի հետ, մենք այդ առումով որևէ անձով չենք պայմանավորում աընդունելի երևույթները: Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվեց, որ ափի տնտեսվարողը ափի տնօրինման իրավական կարգավիճակ չունի, և ապօրինի է թե տաղավարների, թե մնացած ժամանցի ենթակառուցվածքների տեղակայումն այդ ափին: Հետևաբար, ես կարգադրեցի «Սևան ազգային պարկի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ամենասեղմ ժամկետներում կասեցնել դրա գործունեությունը և ապամոնտաժել տաղավարները:

Տարօրինակ չէ՞, որ հեղափոխությունից հետո այսպիսի երևույթներ կան, հատկապես, եթե դրան թեկուզ անուղղակի առնչություն ունի ձեր թիմակիցը:

Ինձ համար ոչ միայն տարօրինակ է, այլև շատ անընդունելի է, և իմ նախկին կարգավիճակում գործունեությունս նաև մեծապես միտված է եղել նոր Հայաստանում բացառելու նման երևույթները ոչ միայն նախկինից ժառանգած, այլև մեր իշխանության ընթացքում եղած նման փորձերը: Այդ պատճառով էլ Կոտայքի մարզում ունեցել ենք բավականին թեժ կետեր, թեժ զարգացումներ, տարբեր, այդ թվում օլիգարխիկ, կլանային շահեր հետապնդող շրջանակների թեժ դիմադրությանն ենք հանդիպել: Այժմ արդեն կարծես ավելի լայն մասշտաբի շրջափուլ է մտել դա: Այո, պետք է բոլոր նմանատիպ ապօրինի հողազավթումները կասեցնել, վերադարձնել նախկին տեսքին, ապա միայն ըստ նպատակահարմարության և բացառապես պետական շահից ելնելով, մրցույթների միջոցով, ամենաօբյեկտիվ ընթացակարգերով դրանք տրամադրել տնտեսվարողներին:

Բոլոր ափերի հետ կապված նմանատիպ ուսումնասիրություններ արդեն արվո՞ւմ են:

Այո, արդեն արվում են, և մոտ 300 այդպիսի ապօրինի գործող տնտեսվարող կա: Այս պահին «Սևան ազգային պարկի» տարածքում 970 պայմանագիր կա, և հաստատ դրանց շարքում կլինեն ապօրինի գործողներ, նմանատիպ դրվագներ ունենալու ենք:

Շարունակությունը՝ lragir.am-ում