Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07․08․20 (թարմացվող)
16:54 - 07 օգոստոսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07․08․20 (թարմացվող)

16:16- COVID-19 հիվանդություն ունեցողների համամասնությունը հիվանդանոցի բուժաշխատողների մոտ ամենամեծը եղել է ապրիլ ամսին, իսկ առողջության առաջնային պահպանման հաստատությունների բուժաշխատողների մոտ` մայիս ամսին: Այսինքն` երբ նրանք նոր սկսել են զբաղվել COVID-19 հիվանդների բուժմամբ և բավարար փորձ չեն ունեցել պաշտպանիչ հանդերձանք կրելու: Նախկինում COVID-19 հիվանդություն ՊՇՌ տեստով հաստատված 31 մասնակիցներից 77.4%-ի մոտ հայտնաբերվել են հակամարմիններ, մինչդեռ 22.6%-ի մոտ չեն հայտնաբերվել: [ԱՆ հետազոտությունը]

 

15։08- Կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը օդանավ կանխարգելու նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան մուտք գործելուն պես այսուհետ պարտադիր և անվտանգ կերպով կախտահանվեն ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը: Խնդրում ենք օդանավակայան ժամանելիս նախապես չփաթեթավորել ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը: [«Զվարթնոց» միջազգային օդանավակայան]

 

14։57- «Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցը  ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։

 

14։34- Շուրջ 30 տարի է` «Հայաստան-Արցախ» հիմնադրամը մարդասիրական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Արցախին: COVID-19-ի համաճարակի դեմ պայքարի շրջանակներում պացիենտների բուժման համար անհրաժեշտ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների առաջարկներ են ստացվել  հիմնադրամի դոնոր բարեգործական կազմակերպություն Direct Relief International-ից։ Դեղերը և բժշկական նշանակության ապրանքները սեղմ ժամկետում հասել են Հայաստան: Դեղերը հատկացվել են բժշկական հաստատություններին, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուսով պացիենտները: [ՀՀ ԱՆ]

 

13։32- Ամբողջ աշխարհում մեկնարկել են կորոնավիրուսի հանդեպ առաջացած հակամարմինների հետազոտություններ, ԵՊԲՀ հետազոտողները ևս սկսում են հակա-SARS-CoV2 հակամարմինների հետազոտությունը։ Հետազոտության մեջ ընդգրկվելու համար պետք է ունենալ կորոնավիրուսի դրական թեստավորում, լրացնել հղումը, այցելել հիվանդանոց և կատարել անվճար արյան նմուշառում։ [ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան]

 

13։10- ԱԱՏՄ Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում դիտարկվում և ջերմաչափվում են ՀՀ մուտք գործող բեռնատար գնացքների մեքենավարները, անձնակազմը, նաև անցակետի բոլոր ծառայությունների աշխատակիցները։ Վերահսկվում է անցակետում հակահամաճարակային կանոնների պահպանման ընթացքը, այդ թվում` ախտահանման աշխատանքները գնացքներում, կառամատույցում, շինություններում։ [ԱԱՏՄ]

 

12։28-Օգոստոսի 10-ին՝ ժամը 19:15– ին, տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչք, որով Հայաստան կվերադառնան Գլխավոր հյուպատոսությունում նախապես գրանցված ՀՀ 134 քաղաքացի: [Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսություն]

 

12։21- Առաջիկա օրերին, ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ կմիանան ԱՀԿ-ի` դիմակ կրելու կոչին, որի գլխավոր նպատակը վիրուսի հաղթահարման գործում միասնական ջանքերի և անձնական պատասխանատվության կարևորումն է։ [ԱՀԿ Հայաստանի գրասենյակ]

 

12։16- Հուլիսի 31-ին ՄԻՊ-ի և ՀԿ-ների միջև տեղի ունեցած «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով առցանց քննարկման արդյունքներն ամփոփվել են և ուղարկվել Պարետատուն: ՄԻՊ-ը քննարկման ժամանակ նշել էր, որ արտակարգ դրության ժամանակ ավելի մեծ է պետության իրավական բեռը, քանի որ յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի անհրաժեշտ, իրավաչափ և կոնկրետ իրավիճակին համաչափ, այս դեպքում՝ պետք է ծառայի կորոնավիրուսի կանխարգելմանը։

 

12։00-  Օգոստոսի 7-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 38 բնակիչ է բուժվում։ Օգոստոսի 6-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք, տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 543 քաղաքացի։
Կորոնավիրուսից առողջացել է մարզի 481 բնակիչ։ Արձանագրվել է մահվան 36 դեպք: [Շիրակի մարզպետարան]

 

11։03- Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 248 մարդու մոտ, որից 201-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 88 քաղաքացի: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

10։54- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 46 (կին), 58 (տղամարդ), 78 (կին), 73 (կին) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։49- Օգոստոսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 39985 դեպք, որոնցից 32008-ն` առողջացած, 777-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6972 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 172994 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 166 նոր դեպք և 452 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 1394 թեստավորում։ [ՀՀ ԱՆ]

 

09:50- ԱԱՏՄ մարզային ստուգայցերը Գորիսի մի շարք հյուրանոցներում արձանագրել են խախտումներ, որոնց հիմքով կասեցման միջնորդություններ են ներկայացվել պարետին։ Խախտումները կապված են ջերմաչափման, ախտահանման գործընթացների եւ դրանց գրանցման մատյանների վարման հետ, առկա չեն եղել դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ:

 

09:32- ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է որոշում, համաձայն որի՝ Հաթերքում կիրառվող ելքի և մուտքի սահմանափակումները վերացվել են: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 07․08․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06․08․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել