Կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված ՍԱՏՄ աշխատակիցների ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է:

Երևանի հանրային սննդի այն կազմակերպություներում և իրացման ցանցում, որտեղ մշտադիտարկում և կրկնայց են անցկացրել ՍԱՏՄ տեսուչները, որևէ խախտում չի արձանագրվել: Ընդհանուր դիտարկումները փաստում են, որ մայրաքաղաքում տնտեսավարողները ՀՀ պարետի սահմանած կանոնների պահպանմանը այժմ մոտենում են մեծ պատասխանատվությամբ:

Մարզերում ևս բարվոք վիճակ է արձանագրվել. հանրային սննդի օբյեկտներից մի քանիսում են թերացումներ հայտնաբերվել՝ աշխատողների կողմից դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու տեսքով, և միայն մեկ իրացման կազմակերպությունում արձանագրվել է ջերմաչափման գրանցամատյանի վարման շեղում:

Տնտեսավարողների սթափ վերաբերմունքի մասին է վկայում նաև այն ընկերությունների նվազագույն քանակը, որոնց գործունեությունն այսօր 24 ժամով կասեցվել է. դրանք ընդամենը 4-ն են:

Բարձր գնահատելով սննդի իրացման ոլորտում տնտեսավարող ընկերությունների պատասխանատու գործելաոճը, ՍԱՏՄ-ն հորդորում է շարունակել պահպանել պարետի որոշմամբ սահմանված անվտանգության նորմերը՝ հիշեցնելով, որ դրանց շրջանցումը հանգեցնելու է անխուսափելի կասեցումների:
Ստուգայցերն ու կրկնայցերը շարունակվելու են: