Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իսպանական EFE լրատվական գործակալությանը:
EFE – Վերջերս Դուք մի քանի անգամ ասել եք, որ առաջնագծում իրավիճակը բարդ է: Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը կարծես թե ամեն օր հայտարարում է նոր տարածքներ վերահսկողության տակ վերցնելու մասին: Ի՞նչ կհավելեք այս կապակցությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պետք է արձանագրել, որ առաջնագծում իրավիճակը բավական բարդ է: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնապաշտպանվում է իրեն հասու բոլոր հնարավոր միջոցներով, և Հայաստանի ժողովուրդն էլ իրեն հասու բոլոր միջոցներով աջակցում է նրան:
EFE - Դուք միշտ ասել եք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Սակայն չորեքշաբթի (հոկտեմբերի 21-ին) հայտարարեցիք, որ առնվազն այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը չունի դիվանագիտական լուծում: Ի՞նչ է փոխվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իմ դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել: Մենք միշտ ասել ենք և ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ես ուրիշ բան եմ ասել իմ հայտարարության մեջ, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը միշտ պատրաստ են եղել և պատրաստ են խնդրի խաղաղ, դիվանագիտական կարգավորմանը: Բայց մենք ունենք հետևյալ բարդությունը՝ այն կոմպրոմիսին, որին համաձայնվում է Հայաստանը, արդեն իսկ չի համաձայնվում Ադրբեջանը: Կա կոմպրոմիսի անհրաժեշտություն, որպեսզի կողմերն իրենց դիրքորոշումները դարձնեն ավելի ճկուն: Սա նորություն չէ:
Միշտ է եղել այդպես: Երևի սկսած 2011 թվականից կոնկրետ փաստերով կարող ենք այդ իրողությունը տեսնել: Երբ Հայաստանը իր նախնական նշաձողից թեկուզ մի թեթև կամ ինչ-որ չափով իջեցնի նշաձողը և փորձի կոմպրոմիս գտնել, այդ պահից Ադրբեջանն արդեն համաձայն չէ դրան, ավելին է պահանջում: Եվ նաև քանի որ զուգահեռ ռազմական ճնշում է տեղի ունենում, ես հենց այդ համատեքստում եմ ասել, որ իրականում դիվանագիտական լուծումն այս պայմաններում հնարավոր չէ, որովհետև դիմացի կողմը չի ուզում դիվանագիտական լուծում:
Դիմացի կողմն ուզում է ռազմական լուծում: Հետևաբար, մենք ավելի շատ պետք է կենտրոնանանք ռազմական խնդիրների վրա, որպեսզի հնարավոր լինի դիվանագիտական լուծումը: Սա է ամբողջ պատմությունը:
EFE – Այս պատերազմում Ադրբեջանը ուժեղ դաշնակից ունի՝ ի դեմս Թուրքիայի: Ի՞նչ կասեք Հայաստանի մասին: Ռուսաստանը անվտանգության պայմանագիր ունի, Մոսկվան անո՞ւմ է ամեն ինչ՝ Երևանի հետ ռազմավարական դաշինքի շրջանակում ստանձնած պարտավորությունները կատարելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ պետք է արձանագրել, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և այս առումով մենք զգում ենք նրա աջակցությունը: Բայց Ռուսաստանը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, որի խնդիրն է լինել միջնորդ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում, այսինքն՝ միջնորդ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Եվ նրա դիրքորոշումները և որոշումները տեղավորվում են այս ամպլիտուդի մեջ: Մենք, այո՛, զգում ենք Ռուսաստանի աջակցությունը՝ որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր և զգում ենք Ռուսաստանի միջնորդական ջանքերը: Մենք տեսնում ենք այդ միջնորդական ջանքերը՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու և հարցի խաղաղ կարգավորման հասնելու համար:
Ցավոք, այդ ջանքերն առայժմ արդյունքներ չեն տալիս: Մեկ պարզ պատճառով, որ Ադրբեջանը չի պահպանում իր ստանձնած պարտավորությունները՝ մասնավորապես, Մոսկվայի հայտարարության (հոկտեմբերի 10-ի հրադադար – հեղ.) մեջ արձանագրված: Իմիջիայլոց, ակնհայտ է, որ չի պաշտպանում Թուրքիայի դիրքորոշումների և քաջալերման պատճառով: Թուրքիան ամեն անգամ հայտարարում է, որ Ադրբեջանը չպետք է դադարեցնի ռազմական գործողությունները և պետք է գնա հարցի ռազմական լուծման: Նաև սա է շատ կարևոր գործոն: Ադրբեջանը փաստորեն ավելի շատ ոչ թե սեփական ստանձնած պարտավորությունների նկատմամբ է ուշադիր, այլ Թուրքիայի հայտարարությունների:
EFE – Ձեր կարծիքով՝ ո՞վ կարող է կանգնեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում՝ Ռուսաստանը, ՄԱԿ-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կա բանակցությունների ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որի կազմում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Ձեր նշած հարցի պատասխանը պետք է փնտրել այս շրջանակում: Իհարկե, Ռուսաստանը առավել մոտ է տարածաշրջանին: Ռուսաստանն առավել մեծ լծակներ և ազդեցություն ունի, և նրա հնարավորություններն այս համատեքստում ավելի մեծ են: Եվ կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները պետք է աջակցեն և քաջալերեն Ռուսաստանին՝ այդ գործառույթն իրականացնելու համար:
EFE – Ի՞նչ պայմաններում Հայաստանը պատրաստ կլինի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Արդյոք կկարողանա՞ դա անել դա առանց միջազգային հանրության աջակցության:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, Հայաստանը կարող է ցանկացած պահի նման որոշում կայացնել: Բայց այդ որոշումը շատ ավելի իմաստավորված կլինի, եթե Հայաստանը գործի ոչ թե որպես առանձին վերցրած երկիր, այլ որպես միջազգային հանրության ներկայացուցիչ, որպես շարունակական պրոցեսի մեկ մասնակից: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ աշխարհում, նաև սփյուռքահայերի կողմից և քաջալերությամբ, սկսվել է շարժում Արցախի միջազգային ճանաչման համար:
Բայց ես ցանկանում եմ ընդգծել, որ այս ճանաչումն ամենևին սեպարատիզմի տրամաբանության մեջ չէ և կապ չունի սեպարատիզմի հետ: Տվյալ դեպքում Լեռնային Ղարաբաղում - և շարժումն սկսվել է այդ տրամաբանությամբ - Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի ներքո: Եվ մենք այս դեպքում ընդգծում ենք անջատում հանուն փրկության (remedial secession) սկզբունքը: Այսինքն՝ մարդիկ ոչ թե ուզում են անկախություն ձեռք բերել, որովհետև դա իրենց քմահաճույքն է կամ ուղղակի ցանկությունը: Այլ դա կենսական անհրաժեշտություն է, որովհետև այն, ինչ հիմա տեղի է ունենում և տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, ըստ էության, ցեղասպանության գործընթաց է, որն սկսվել է ընդդեմ Լեռնային Ղարաբաղի հայության: Սա շատ կարևոր նյուանս է, որը պետք է հաշվի առնել:
EFE – Ես նոր եմ վերադարձել Լեռնային Ղարաբաղից, և այնտեղ ապրող ժողովրդի մեծագույն վախերից մեկը ցեղասպանությունն է: Ի՞նչ եք կարծում՝ միջազգային հանրությունը տեղյակ է այս մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք բոլոր հնարավոր ձևերով բարձրաձայնում ենք այդ խնդիրը: Աշխարհի տասնյակ քաղաքներում տեղի են ունենում ցույցեր, հանրահավաքներ, երթեր, բողոքի ակցիաներ, որոնք բարձրաձայնում են դա: Միջազգային հանրությունը պետք է տեղեկանա, որ, իրոք, այդ վտանգը լուրջ է, և այդ վտանգը լուրջ է ոչ միայն առանձին վերցրած Լեռնային Ղարաբաղի համատեքստում: Զուգահեռ այստեղ կան աշխարհաքաղաքական վտանգներ, որովհետև սա ցեղասպանության միջոցով Թուրքիայի կայսերական քաղաքականության շարունակության փորձ է:
Եվ այս սպառնալիքը, ըստ էության, սպառնում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղին, այլև ընդհանրապես Հարավային Կովկասի հայությանը: Որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ շարունակելու իր կայսերական քաղաքականությունը դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք: Եվ սա պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում՝ Հունաստանի և Կիպրոսի դեմ, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում:
Պետք է նաև արձանագրել, որ եթե չլիներ Թուրքիան, այս պատերազմը չէր լինի: Նախ, թուրքական զորքերը Ադրբեջանի կողմից ոչ պաշտոնապես մասնակցում են այս պրոցեսներին՝ նաև իրենց Բայրաքթար անօդաչու թռչող սարքերով: Նաև Թուրքիան է վարձկան ահաբեկիչների վարձել և տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը մեկնարկելու համար:
EFE – Այդ խմբավորումների ենթադրվող առկայությունը տարածաշրջանում սպառնալիք ներկայացնո՞ւմ է միջազգային հանրության համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա արդեն ապացուցված փաստ է, որ նրանք այնտեղ օգտագործվում են: Համացանցում պաշտոնապես հրապարակվել է, և նաև մենք ենք հրապարակել նյութեր, որոնք անառարկելիորեն ապացուցում են այդ փաստը:
EFE – Ձեր արտաքին գործերի նախարարն այցելում է Վաշինգտոն՝ հանդիպումներ ունենալու համար: Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԱՄՆ հետ քննարկումներից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այդ այցը շատ վաղուց էր նախատեսված: Ասացի նաև, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և համանախագահությունն է այն ձևաչափը, որով պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Եվ, կարծում եմ, համանախագահները պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեն՝ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար:
EFE – Եթե չհաջողվի դիվանագիտական ճանապարհով կանգնեցնել սա, կա՞ իրական վտանգ, որ այս հակամարտությունը կարող է վերաճել ավելի մեծ խնդրի և ներառել տարածաշրջանային ավելի շատ խաղացողների:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ վտանգը եղել է առաջին օրվանից և շարունակում է լինել: Եվ քանի դեռ պատերազմը կանգնեցված չէ, այդ վտանգը լինելու է:
EFE – Ինչո՞ւ Ռուսաստանը և Եվրոպական միությունն ավելի ակտիվորեն ներգրավված չեն դիվանագիտական լուծում գտնելու հարցում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան -Ես արդեն ասացի, պատճառը մեկն է՝ Ադրբեջանը որոշել է չդադարեցնել պատերազմը՝ ի հեճուկս իր իսկ ստանձնած պարտավորությունների: Եվ սրա պատճառը, արդեն ասացի, Թուրքիայի ապակառուցողական և ագրեսիվ դիրքորոշումն է:
Պատերազմը կանգնեցնելու համար միջազգային հանրությունը պետք է հստակ դատապարտի Թուրքիայի և ահաբեկիչների ներգրավվածությունն այս գործընթացում և նաև կոնկրետ միջոցներ ձեռնարկի, այդ թվում՝ պատժամիջոցներ, Թուրքիայի ագրեսիվությունը և Ադրբեջանի ագրեսիվությունը զսպելու համար: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, արդեն նշեցի, որ պետք է ավելի ակտիվ և գործնական ջանքեր գործադրեն:
comment.count (0)