Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող այն փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց ու որի իսկությունը հաստատվեց այսօրվա Կառավարության նիստում: Պետք է առնվազն հրապարակվեն փաստաթղթի բոլոր այն դրույթները, որոնք պատկերացում են տալիս՝ ինչի մասին է իրականում խոսքը: Այս մասին գրում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Ադրբեջանի հետ սահմանազատումն ուղղակիորեն վերաբերում է բոլորիս, ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր մարդու, ողջ Հայ ժողովրդի կենսական իրավունքներին՝ կյանքի ու գոյության, ազգային ու անձնական արժանապատվության, հոգեկան անդորրի ու ֆիզիկական անվտանգության, տեղեկացված լինելու ու շատ այլ իրավունքների:
Սահմանազատումն ինքնին մարդու իրավունքների երաշխիք է, որի սխալ իրականացումը կարող է հանգեցնել իրավունքների նոր խախտումների ու լարվածության:
Փաստաթղթի հրապարակումը բխում է հենց պետության շահերից: Այդ կերպ պետությունը կկանխի ոչ պաշտոնականաղբյուրներից նման բացառիկ կարևորության ինֆորմացիայի արտահոսքը և թույլ չի տա, որ տեղի ունենա պետական մարմինների նկատմամբ հանրային վստահության անվերականգնելի կորուստ:
Հակառակ դեպքում` դարձյալ ստացվելու է, որ պետության առաջացրած տեղեկատվական վակուումը լցվել է ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվությամբ՝ շփոթեցնելով անգամ բարեխիղճ մարդկանց, իսկ առանձին պաշտոնյաներ դարձյալ սկսելու են իրենց անպատասխանատու գրառումներով՝ հաճախ ողողված վիրավորական բառերով, մեղադրել մարդկանց մտացածին «մեդիատեռորի» մեջ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ ասսաց․ «Եթե Ադրբեջանը պայմանավորավածությունները իրագործի այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին։ Ես այդ թուղթը չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չի, աշխատանքյաին թուղթ է, բանակցություններ են ընթանում և այլն և այլն»։
Էդմոն Մարուքյանն էլ հայտնել է, որ նոր փաստաթղթի հնարավոր ստորագրման հարցով «Լուսավոր Հայաստան»-ը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ։
comment.count (0)