«Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Սիրունի՜կ, նախշո՜ւն կաքավիկ»․․․
Տիեզերք հասնելուն պես «Հայասաթ-1» արբանյակը ձայնային ազդանշանների տեսքով Երկիր կուղարկի Կոմիտասի «Կաքավիկ» երգի մեղեդին․․․
Նոյեմբերի վերջին SpaceX ընկերության Falcon 9 տանող հրթիռը կթռչի տիեզերք՝ իր հետ տանելով Հայաստանում ստեղծված առաջին արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։ Հայկական առաջին արբանյակը ստեղծվել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի ու «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համագործակցության արդյունքում։
Այս օրերին Երևանում անցկացվում է DigiTec ցուցահանդեսը, որի մասնակիցները՝ թե՛ մեծահասակներ, թե՛ երեխաներ, հոկտեմբերի 14-ին հնարավորություն ունեցան տեսնելու, թե ինչպես է «Հայասաթ-1»-ը տիեզերքում բացելու անտենաներն ու ազդանշաններ ուղարկելու Երկիր։
Ավետիք Գրիգորյանը
«Բազումք»-ի համահիմնադիր Ավետիք Գրիգորյանի խոսքով մարդկանց հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ իրենք որոշեցին DigiTec-ի տաղավար բերել «Հայասաթ-1»-ի կրկնօրինակը՝ արբանյակի երկրային նմուշը, ու հենց դրա վրա ցույց տալ, թե իրական արբանյակն ինչպես է աշխատելու տիեզերքում։
Երկրային նմուշը իրական արբանյակի կրկնօրինակն է․ նրա վրա նախապես մշակվել ու փորձարկվել են բոլոր ծրագրերը, համակարգերը, հետո նոր պատրաստվել է թռիչքային նմուշը։
Ավետիք Գրիգորյանը ներկաներին բացատրեց՝ երբ արբանյակն արդեն պատրաստ է լինում թռիչքի, դրա վրայից հանվում է հատուկ կարմիր լեզվակը՝ այդպիսով ակտիվացնելով արբանյակի անտենաների բացման մեխանիզմը։ Հետո արբանյակը տեղադրվում և ֆիքսվում է տիեզերքում այն դուրս հրող հատուկ սարքում, որտեղ սեղմվում են բացման մեխանիզմի գործարկումը կանխող սեղմակները։
Երկրային նմուշը, որից կախված է կարմիր լեզվակը
Երբ Falcon 9-ն արդեն տիեզերքում լինի, սարքը զսպանակներով դուրս կհրի արբանյակը, սեղմակները կազատվեն, ինչից հետո կսկսվի հետհաշվարկ, որ սահմանված ժամանակն անցնելուց հետո հերթով բացվեն «Հայասաթ-1»-ի 4 անտենաներն, ու սկսվի դրանց միջոցով ազդանշանների հաղորդումը Երկիր։
«Բազումք»-ի համահիմնադիրներից Վաչիկ Խաչատրյանը DigiTec-ի տաղավարում բացեց երկրային նմուշի կարմիր լեզվակը, որից հետո սկսվեց հետհաշվարկը․ 15 րոպե անց ներկաները նկատեցին, թե ինչպես մեկը մյուսի հետևից բացվեցին արբանյակի անտենաները։
Այնուհետև բոլորի ուշադրությունը կենտրոնացավ մեծ էկրանին, որտեղ պետք է երևային արբանյակի ուղարկած ազդանշանները։ Երեք անգամ ազդանշան ուղարկելուց հետո արբանյակը ձայնային ազդանշան ուղարկեց, ու հնչեց «Կաքավիկ»-ի մեղեդին։
Հենց այսպես էլ «Հայասաթ-1»-ն է տիեզերքում բացելու անտենաներն ու այլ ազդանշանների հետ Երկիր ուղարկելու «Կաքավիկ»-ի մեղեդին՝ ձայնային ազդանշանների տեքսով։
«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ունի վերերկրյա կայանք, որի միջոցով էլ որսալու է արբանյակի ուղարկած ազդանշանները, հենց արբանյակն անցնելիս լինի Հայաստանի վերևով։
Երկրային նմուշը՝ բացված անտենաներով
Այս կայանքով թիմն արդեն ազդանշաններ է ստացել ֆրանսիական Վերսալի համալսարանի արբանյակից ու փոխանցել նրանց։ Ավետիք Գրիգորյանի խոսքով սա փոխշահավետ համագործակցություն է, քանի որ հետագայում, եթե իրենք էլ ուզենան տվյալներ ստանալ «Հայասաթ-1»-ից, երբ այն անցնելիս լինի Ֆրանսիայի վերևով, Վերսալի համալսարանը կարող է աջակցել իրենց։
Ավետիք Գրիգորյանն «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում նշեց, որ «Հայասաթ-1»-ը Եվրոպայում արդեն անցել է ֆունկցիոնալ և այլ ստուգումներ, այժմ բերված է նախաթռիչքային վիճակի և հատուկ սարքի մեջ սպասում է թռիչքին։
«Բազումք»-ն ու CSIE-ը դեռ սեպտեմբերին էին դրամահավաք սկսել, որի նպատակն էր և՛ հանրությանն իրազեկել իրենց նախագծի մասին, և՛ միջոցներ հայթայթել հետագա աշխատանքների համար։ Դրամահավաքը դեռ շարունակվում է։
Եթե ամեն բան բարեհաջող ընթանա, ապա, ինչպես և պլանավորված է, «Հայասաթ-1»-ը հաջորդ ամսվա վերջին Falcon 9-ի հետ կուղևորվի տիեզերք։ Իսկ թե ինչպես տիեզերական գաղափարը միավորեց «Բազումք»-ին ու CSIE-ին, և ստեղծվեց «Հայասաթ-1»-ը, կարող եք կարդալ մեր նյութում։
Գլխավոր լուսանկարում՝ «Հայասաթ-1»-ի մակետը
Աննա Սահակյան
comment.count (0)