«Հայասաթ-1» արբանյակը հաջողությամբ արձակված է հրթիռից
00:15 - 02 դեկտեմբերի, 2023

«Հայասաթ-1» արբանյակը հաջողությամբ արձակված է հրթիռից

«Հայասաթ-1» արբանյակը տիեզերքում է․ Հայաստանում ստեղծված առաջին արբանյակը հաջողությամբ արձակված է SpaceX ընկերության Falcon 9 տանող հրթիռից։ «Հայասաթ-1»-ից առաջին ազդանշանները սպասվում են առավոտյան։

«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի ու «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) թիմերն այսօր բաժանված էին երեք մասի․ տեխնիկական թիմը Զովունիում էր՝ «Բազումք» լաբորատորիայում, Մասիս Կումրիգյանը Կալիֆոռնիայում էր՝ Վանդենբերգի Տիեզերական ուժերի բազայի մոտ, թիմի մնացած մասն էլ «Բազումք»-ի համահիմնադիր Ավետիք Գրիգորյանի գխավորությամբ Երևանում էր՝ համակիրների, աջակիցների ու Կառավարության ներկայացուցիչների հետ։


Ավետիք Գրիգորյանն ու թիմակիցները, որոնք տեսակապով միացել էին Երևանի թիմին

«Բազումք»-ի և CSIE-ի համար դեկտեմբերի 1-ը պատմական էր․ նրանց ավելի քան մեկ տարի տևած աշխատանքի արդյունքում ստեղծված «Հայասաթ-1»-ը Falcon 9 տանող հրթիռի հետ Վանդենբերգի բազայից ուղևորվեց տիեզերք։

Երևանից, Զովունիից ու Կալիֆոռնիայից երկու թիմերն ու նրանց աջակիցներն ուղիղ եթերով հետևեցին, թե ինչպես արձակվեց հրթիռը։ Հայաստանում ստեղծված առաջին արբանյակի վրա «Բազումք»-ի և CSIE-ի թիմերը գրություն էին թողել․ «Հայաստանը տիեզերքում հանուն գիտության»։


Հրթիռի արձակումը

Քիչ առաջ «Հայասաթ-1»-ի թիմն «Ինֆոքոմ»-ին հայտնեց, որ արբանյակը հաջողությամբ արձակված է հրթիռից։ Այժմ պետք է սպասել, որ «Հայասաթ-1»-ը բացի անտենաներն ու ազդանշաններ ուղարկի Երկիր մոլորակ։ Արբանյակի ազդանշանները «Բազումք»-ի վերերկրյա կայանքն, ամենայն հավանականությամբ, կկարողանա որսալ առավոտյան։

Ի թիվս այլ ազդանշանների՝ Հայաստանում ստեղծված առաջին արբանյակը ձայնային ազդանշանների տեսքով Երկիր կուղարկի Կոմիտասի «Կաքավիկ» երգի մեղեդին։

Իսկ թե ինչպես տիեզերական գաղափարը միավորեց «Բազումք»-ին ու CSIE-ին, և ստեղծվեց «Հայասաթ-1»-ը, կարող եք կարդալ մեր նյութում։

 

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել