Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 3-րդ անգամ է մրցույթ հայտարարվել։ Մասնակցության հայտ է ներկայացրել 4 հավակնորդ, որպես թեկնածու ընտրվել՝ 2-ը։
ԿԿՀ անդամների, այդ թվում՝ նախագահի պաշտոնները, հիշեցնենք, թափուր են ավելի քան կես տարի։ 2023 թ․ նոյեմբերի 19-ին լրացան ԿԿՀ առաջին նախագահ Հայկուհի Հարությունյանի եւ ԿԿՀ անդամ Նարեկ Համբարձումյանի պաշտոնավարման ժամկետները։ Թափուր երկու պաշտոնները համալրելու նպատակով հայտարարված մրցույթին հայտ ներկայացրին ԿԿՀ արդեն նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանն ու ԿԿՀ հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Նարինե Ավետիսյանը։ Ազգային ժողովը, սակայն, նրանց չընտրեց։
Չկայացած ընտրությունից հետո՝ 2024 թ․ փետրվար ամսին, հայտարարվեց 2-րդ մրցույթը, որին էլ մասնակցության հայտ ներկայացրին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Նվարդ Վարդանյանը եւ 2020-2023 թթ ընթացքում ԿԿՀ–ում մարդկային ռեսուրսների կառավարիչ–փորձագետ աշխատած Սարգիս Միրզոյանը։ Այդ մրցույթը, սակայն, նույնպես չկայացավ։
Մարտ ամսին հայտարարված մրցույթին Նարինե Ավետիսյանն ու Նվարդ Վարդանյանը դարձյալ հայտ ներկայացրին։ Մյուս երկու հավակնորդներն էին Հրաչյա Աբրահամյանն ու Վաղարշ Աղաբեկյանը։
Ազգային ժողովի պաշտոնական կայքից «Ինֆոքոմ»-ը տեղեկանում է, որ հունիսի 7-ին անցկացված մրցույթում որպես թեկնածու են ընտրվել Վաղարշ Աղաբեկյանն ու Նարինե Ավետիսյանը։ Նշենք, որ Մրցութային խորհրդի կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արյուսակ Ջուլհակյանը, Վարչապետի աշխատակազմի տեղակալ Արթուր Հովսեփյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը, Դատական դեպարտամենտի դատավորների ընդհանուր ժողովի եւ դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետի պաշտոնակատար Սոնա Խալաֆյանը։
Նարինե Ավետիսյանը, ինչպես նշեցինք, ԿԿՀ հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետն է։ ԿԿՀ-ում է 2021 թ․-ից։
Ավետիսյանը 2003-2005 թթ սովորել է Մարտունի քաղաքի Հումանիտար քոլեջի իրավագիտության ֆակուլտետում, 2007-2011 թթ՝ Երեւանի պետական մանկավարժական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, 2019-2022 թթ՝ ավարտել Պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2019-2020 թթ աշխատել է Պռոշյանի կոնյակի գործարանում՝ որպես մարդկային ռեսուրսների բաժնի կառավարիչ, 2021-ի հունվար-հունիս ամիսներին՝ Աշխատանքի եւ սոցիալականան հարցերի նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ, թեժ գծի գլխավոր վերլուծաբան։
Վաղարշ Աղաբեկյանը Արցախից է, աշխատել է որպես քննիչ, դատախազ, դասավանդել Արցախի պետական համալսարանում։ Այժմ իրավաբան է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունում։
Մրցույթին դիմած մյուս հավակնորդը՝ Նվարդ Վարդանյանը, 2023 թ․ օգոստոսից «Չաքմաջյան» մարդասիրության եւ բարեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Վարդանյանը 2005-2009 թթ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մենեջմենթի ֆակուլտետում, 2009-2011 թթ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում՝ «Արդյունաբերական ճարտարագիտություն եւ համակարգերի կառավարում» մագիստրոսական ծրագրով, 2022 թ․-ից սովորում է Երեւանի Գլաձորի համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում։
Վարդանյանը 2009թ․ սեպտեմբերից մինչ 2011 թ․ դեկտեմբեր եւ 2012 թ․ հունիսից մինչ 2017 թ․ հունվարը աշխատել է Ազգային ժողովում որպես ԱԺ նախագահի օգնական, 2017-2018 թթ՝ Արդարադատության նախարարությունում՝ որպես Քարտուղարության պետ, 2018 թ․ փետրվար-հուլիս ամիսներին՝ ԱԺ փոխխոսնակի խորհրդական, 2018-2019 թթ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտում՝ որպես ծրագրերի պատասխանատու, 2019-2020 թթ՝ «Գինեվան» գինու գործարանում՝ որպես տնօրեն, 2020-2021 թթ՝ «Armen-Alco Wine and Brandy» ընկերությունում՝ որպես տնօրեն, 2021-2023 թթ՝ Արդարադատության նախարարությունում՝ որպես Գլխավոր քարտուղարի տեղակալ։ 2020-2023 թթ եղել է «Սատարենք մեր հերոսներին» բարեգործական հասարակական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ, իսկ 2023 թ․ ապրիլ-հուլիս ամիսներին՝ ԿԿՀ-ի խորհրդատու-փորձագետ։
Մյուս հավակնորդ Հրաչյա Աբրահամյանը սովորել է Հրաչյա Աճառյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, 2012 թ․-ից Փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան, աշխատում է նաեւ «Արմոբիլ» անվտանգության ծառայություն ընկերությունում՝ որպես իրավաբան։
Մրցութային խորհուրդը առաջիկա 3 աշխատանքային օրերի ընթացքում թեկնածուների ցուցակը ներկայացնելու է Ազգային ժողովի նախագահին։ ԱԺ-ում քվեարկությունից հետո, եթե թեկնածուները ընտրվեն ԿԿՀ անդամներ, ԿԿՀ-ն իր կազմից պետք է ընտրի իր նախագահին։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)