Նարեկ Սարգսյանը հոգեբուժական կենտրոն չի տեղափոխվել.նրա մասնակցությամբ առերես հարցաքննություն եղել է, բայց ոչ հոգեբուժարանում |pastinfo.am|
14:49 - 14 օգոստոսի, 2020

Նարեկ Սարգսյանը հոգեբուժական կենտրոն չի տեղափոխվել.նրա մասնակցությամբ առերես հարցաքննություն եղել է, բայց ոչ հոգեբուժարանում |pastinfo.am|

pastinfo.am: Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը հոգեբուժական կենտրոն չի տեղափոխվել։ Այս մասին ասաց Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը՝ հերքելով շրջանառվող տեղեկությունը, թե Նարեկ Սարգսյանին տեղափոխել են հոգեբուժարան, որտեղ վերջինս առերեսվել է իր թիկնապահներից մեկի հետ։

«Նարեկ Սարգսյանին հոգեբուժարան չեն տեղափոխել, ընդ որում՝ հոգեբուժարանում էլ որևէ մեկի հետ առերես հարցաքննություն չի եղել»,- ասաց Պիվազյանը՝ նշելով, որ չգիտի, թե ով է տարածել նման լուրեր։

Ինչ վերաբերում է դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննությանը, պաշտպանը հայտնեց, որ նման փորձաքննություն ևս չի իրականացվել։ Պիվազյանի խոսքով՝ Նարեկ Սարգսյանն առողջական խնդիրներ ունի, ինչի վերաբերյալ նրան տեղափոխել էին հիվանդանոց՝ ստուգումների համար։

 Նարեկ Սարգսյանի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով Նարեկ Սարգսյանին ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու՝ հետազոտությունների՝ անհրաժեշտության դեպքում բուժման համար։ Միջնորդությունը բավարարվել էր, սակայն ինչպես հայտնել էին ՀՀ արդարադատության նախարարությունից՝ Սարգսյանը հրաժարվել էր։ Պաշտպան Արթուր Պիվազյանն էլ պարզաբանել է, որ միջնորդել են՝ պահանջելով, որ Նարեկ Սարգսյանը հետազոտություններն անցնի «Նարիրի» ԲԿ-ում։

Պաշտպանն ասաց, որ միջնորդության վերաբերյալ գրություն են ստացել, համաձայն որի՝ հնարավոր է ամբուլատոր հետազոտություն անցնել, եթե անհրաժեշտություն լինի։ Անդրադառնալով Նարեկի Սարգսյանի մասնակցությամբ քննչական գործողություններին՝ Պիվազյանն ասաց, որ Նարեկ Սարգսյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն եղել է, սակայն պաշտպանը չմանրամասնեց։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել