Անձնագրային վարչության և միգրացիոն ծառայության գործառույթները կմիավորվեն ստեղծվող ՆԳՆ համակարգում
 |1lurer.am|
21:34 - 22 փետրվարի, 2021

Անձնագրային վարչության և միգրացիոն ծառայության գործառույթները կմիավորվեն ստեղծվող ՆԳՆ համակարգում |1lurer.am|

1lurer.am: Ներքին գործերի նախարարության ձևավորում առաջարկող օրենսդրական նախագծերի փաթեթը հանրային քննարկումից հետո ամփոփման փուլում է: Արդարադատության նախարարի տեղակալի խոսքով՝ կունենանք ոլորտի միասնական քաղաքականություն մշակող քաղաքացիական նախարարություն, որը միաժամանակ մասնագիտական ծառայությունների նկատմամբ վերահսկողութուն կիրականացնի: Կգործարկվեն նաև ոստիկանության նկատմամբ խորհրդարանական և քաղաքացիական վերահսկման արդյունավետ մեխանիզմներ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում գործող Միգրացիոն ծառայությունը և Ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչությունը կմիավորվեն նոր ստեղծվող Ներքին գործերի նախարարության ենթակա մարմնում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում: Նախարարության ենթակա մարմինների թվում են՝ Ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտը, Ոստիկանության կրթահամալիրը:

Քրիստինե Գրիգորյան, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ - Մեր երկրում Միգրացիայի կառավարման հետ կապված պետական մարմինների գործառույթները բաժանված են, ապակենտրոնացված են և չկա որպես այդպիսին այդ ոլորտի միասնական քաղաքականություն մշակող պատասխանատու մարմին: 

Փոխնախարարը շեշտում է՝ միգրացիայի ոլորտի գործող շղթան ապակենտրոնացված է կառավարվում. տարբեր մարմինների միջև կան բազաների, տվյալների փոխանակման խնդիրներ:

Քրիստինե Գրիգորյան - Ունենք նաև հետսովետական ժառանգություն այն ֆունկցիոնալության իմաստով, որ նաև միգրացիայի ծառայությունը սոցալական բնույթի ծառայություններ է մատուցում նաև ապաստանի տրամադրման, փախստականի կարգավիճակ ունեցող անձանց մասով: Գործառություներ, որոնք իրենց բնույթով ամբողջովին սոցիալական են:

Արմեն Ղազարյան, ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ - Օրինակ՝ ներկայումս գործող կարգավորումներով աշխատանքի թույլտվությունը տրամադրում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ժամանակավոր կացության կարգավիճակը տրամադրում է անձնագրերի և վիզաների վարչությունը: Փախստականի կարգավիճակը, որն ըստ էության նշանակում է կացության իրավունք նաև մկիջազգային պաշտպանության համադրմամբ, տալիս է միգրացիոն ծառայությունը: Այսինքն՝ տեսնում ենք, որ ըստ էության՝ կացության առնչվող երեք տարբեր գործառույթ գտնվում են երեք տարբեր մարմինների ֆունկցիոնալ դաշտում:

Միգրացիոն ծառայության պետը շեշտում է՝ գործող համակարգը բարդություն է առաջացնում, օրինակ, օտարերկրացիների համար, որոնք ստիպված են լինում առնչվել տարբեր մարմինների հետ՝ իրենց մեկ խնդիրը լուծելու համար, մինչդեռ նախատեսվող բարեփոխումներով միգրացիայի շղթայի կառավարմամբ մեկ միասնական մարմին կզբաղվի, իսկ միասնական քաղաքականությունն էլ կմշակի նախարարությունը:

Արմեն Ղազարյան - Ուսումնասիրվել է միջազգային փորձը ևս, շուրջ 32 երկրի փորձ ենք ուսումնասիրել, ինչպես եվրոպական տարածաշրջանի, այնպես էլ եվրասիական տարածաշրջանի և 32 երկրից 24 երկրում նման մարմինները, միգրացիայի կառավարմամբ զբաղվող մարմինները, ներառված են Ներքին գործերի նախարարությունների կազմում, բայց խնդիրը զուտ միջազգային փորձն այստեղ կրկնելը չէ, այլ մեր ներքին գործառութային անհրաժեշտությունից ելնելով՝ ռեֆորմների իրականացումը:

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության ենթակա մարմնի ղեկավարին նախարարի առաջարկությամբ նշանակելու է վարչապետը:

Քրիստինե Գրիգորյան - Ե՛վ անձնագրայինի գործառույթները, և՛ միգրացիայի գործառույթները կմիավորվեն: Այս պահին արդեն աշխատում ենք ոստիկանության գործընկերների հետ և միգրացիայի ծառայության գործընկերների հետ՝ առավել արդյունավետ ներքին կառուցվածք սահմանելով ֆունկցիոնալության տեսակետից, որպեսզի ծառայության ներսում այնպիսի կառուցվածքային ստորաբաժանումներ ձևավորեն, այնպիսի կանոնանադրություն նախատեսեն, որ միգրացիայի կառավարելիությունը նաև հեշտանա:

Նոր ծառայությունը համալրելու նպատակով մշակվում է նաև ատեստացիոն կրթական ծրագիր, որով ծառայության աշխատակիցները կվերապատրաստվեն, ապա կնշանակվեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել