Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս երրորդ [«Պատիվ ունեմ» դաշինք]
23:03 - 12 հունիսի, 2021

Պատգամավորի թեկնածուների դրամական միջոցները․ մաս երրորդ [«Պատիվ ունեմ» դաշինք]

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների գրանցումից հետո վերջիններս ներկայացրել են հայտարարագրեր, որոնցում ներառված են ինչպես կուսակցությունների, այնպես էլ պատգամավորների թեկնածուների գույքի, եկամուտի և շահերի հայտարարագրերը։ Արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել է նախընտրական քարոզչությունը, որը շարունակվելու է մինչև հունիսի 18-ը։ Հունիսիս 20-ին կկայանան խորհրդարանական արտահերթ ընտրությունները։

Infocom-ն արդեն ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների հայտարարագրերում առկա դրամական միջոցները, ինչպես նաև ընկերություններում նրանց ներգրավվածությունը։ Այժմ ներկայացնում ենք «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների հայտարարագրած դրամական միջոցները, անշարժ և շարժական գույքը։

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է։ Վերջինս որպես դրամական միջոց հայտարարագրել է 10 մլն ՀՀ դրամ և 25 հազար ԱՄՆ դոլար։ ՀՀ դրամի վերածած՝ ընդհանուր գումարը կազմել է 22 մլն 900 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Վանեցյանը հայտարարագրել է 1 բնակարան։

Դաշինքի նախընտրական ցուցակով առաջադրված թեկնածուներից ամենաշատ դրամական միջոց հայտարարագրել է Միհրան Պողոսյանը։ Պողոսյանի դրամական միջոցները հայտարարագրման պահին կազմել են 556 մլն ՀՀ դրամ և 50 հազար ԱՄՆ դոլար, ՀՀ դրամի վերածած՝ 581 մլն 800 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Պողոսյանը հայտարարագրել է 2 բնակելի տուն, 1 ավտոտնակ, 9 հասարակական տարածք և 1 ավտոմեքենա՝ «Range Rover supercharged 5.0 vogue» մակնիշի։ Համաձայն հայտարարագրի՝ Միհրան Պողոսյանը չի աշխատում։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ի արտահերթ նիստով ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Միհրան Պողոսյանի գրանցումը: Պողոսյանը հայցադիմում է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ՝ հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու և  իրեն գրանցված թեկնածու ճանաչելու համար:

Պատգամավորի թեկնածու Սամվել Ղումաշյանը հայտարարագիր ներկայացնելու պահին ունեցել է 450 մլն ՀՀ դրամ և 250 հազար ԱՄՆ դոլար։ Դրամի վերածած, ընդհանուր առմամբ, Ղումաշյանի դրամական միջոցները կազմում են 578 մլն 875 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Ղումաշյանը հայտարարագրել է 2 առանձնատուն։ Նա բաժնետեր է «Կայծակ 1» ՍՊԸ-ում։

Արտավազդ Սարգսյանը հայտարարագրման պահին ունեցել է 217 մլն 607 հազար ՀՀ դրամ և 376 հազար ԱՄՆ դոլար, որը, դրամի վերածած, կազմում է 411 մլն 623 հազար։ Սարգսյանը, բացի դրամական միջոցներից, հայտարարագրել է 3 բնակարան և 1 ավտոմեքենա՝ «Mercedes Benz S550» մակնիշի։ Սարգսյանը 25% բաժնեմաս ունի «ՎԻԱ գրուպ» և «Վալեմ» ընկերություններում։

Դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արսեն Բաբայանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 25 մլն ՀՀ դրամ, 180 հազար ԱՄՆ դոլար, 110 հազար եվրո, 4 մլն 800 հազար ռուբլի, 40 հազար ֆունտ ստերլինգ և 112 հազար կանադական դոլար։ Դրամի վերածած՝ ընդհանուր գումարը կազմում է 314 մլն 863 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Բաբայանը հայտարարագրել է 1 բնակարան, ձեռքի՝ 30 հազար դոլար արժողությամբ «IWC-IW392103» ժամացույց, ձեռքի՝ 18 հազար դոլար արժողությամբ «Cartier» ժամացույց և ձեռքի՝ 16 հազար դոլար արժողությամբ «Vacheron Constantin»  ժամացույց։ Բաբայանը 100% փայատեր է «Բաբայան Քոնսալթինգ» և «Babayan Consulting» (UK) ընկերություններում։

Պատգամավորի թեկնածու Արման Սահակյանը հայտարարագրման պահին ունեցել է 298 մլն 615 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Սահակյանը հայտարարագրել է 1 հասարակական շինություն, 1 անավարտ շինություն, 2 բնակարան և 1 «Toyota Camry 2.5» ավտոմեքենա։ Պատգամավորի թեկնածուն բաժնեմասեր ունի «Արդինի ստուդիա», «ԳԾՏԱ» և «Հայր և որդի Սահակյաններ» ընկերություններում։

Վլադիմիր Ասլանյանը հայտարարագիր ներկայացնելու պահին ունեցել է 89 մլն 500 հազար ՀՀ դրամ, 115 հազար ԱՄՆ դոլար և 95 հազար եվրո։ Դրամի վերածած, ընդհանուր առմամբ, սա կազմում է 208 մլն 205 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Ասլանյանը հայտարարագրել է 4 ավտոմոբիլային միջոց՝ «Range Rover», «Velar», «BMW x5» մակնիշների (4-րդ ավտոմեքենայի մակնիշը նշված չէ)։ Ասլանյանը «Ինտեր Քոնսթրաքշն» ընկերության 100% բաժնետերն է։

Ռոբերտ Հարությունյանը հայտարարագրի ներկայացման պահին ունեցել է 25 մլն ՀՀ դրամ և 350 հազար ԱՄՆ դոլար գումար, դրամի վերածած՝ 205 մլն 425 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Հարությունյանը հայտարարագրել է 1 հողամասով բնակելի տուն, 2 հողամաս և 2 «Volkswagen Touareg 3.2» ու «Nissan X-Trail 2.5 I» մակնիշների ավտոմեքենա։ Հարությունյանը բաժնեմաս ունի 3 ընկերություններում՝ «Ռ ընդ Դ», «Էռ Էյչ Գրուպ» և «Գոտմենգ (Եվրասիա) ներդրումների կառավարման ընկերություն»։

Արմեն Պողոսյանը հայտարարագրի ներկայացման պահին ունեցել է 70 մլն ՀՀ դրամ և 190 հազար ԱՄՆ դոլար, որը, դրամի վերածած, ընդհանուր առմամբ, կազմում է 168 մլն 40 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Պողոսյանը հայտարարագրել է 2 անհատական բնակելի տուն։

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նունպես ընդգրկված է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում։ Վերջինս որպես դրամական միջոց հայտարարագրել է 100 մլն ՀՀ դրամ, 50 հազար ԱՄՆ դոլար, 50 հազար եվրո և 1 մլն 500 հազար ռուբլի։ Ընդհանուր գումարը, դրամի վերածած, կազմում է 167 մլն 755 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Մարգարյանը հայտարարագրել է 1 ամառանոց և «Mercedes S 450» մակնիշի 1 ավտոմեքենա։ Մարգարյանը, ըստ ներկայացրած հայտարարագրի, չի աշխատում։

Դավիթ Գրիգորյանը հայտարարագրման պահին ունեցել է 28 մլն ՀՀ դրամ, 72 հազար ԱՄՆ դոլար և 158 հազար եվրո գումար, որը դրամի վերածած կազմում է 163 մլն 981 հազար ՀՀ դրամ։ Բացի դրամական միջոցներից՝ Գրիգորյանը հայտարարագրել է 1 շենք-շինություն, 3 տրանսպորտային միջոց՝ «Audi A8 40 quattro», «Nissan Tiida 3.5» և «Nissan X-Trail 2.0» մակնիշների։ Պատգամավորի թեկնածուն, համաձայն հայտարարագրի, չի աշխատում։

Պատգամավորի թեկնածու Աննա Մկրտչյանը, թեև չի աշխատում,  հայտարարագրել է 1 բնակելի տուն, 6 հողամաս և «Kia Sportage 2.0 GDI turbo» մակնիշի 1 ավտոմեքենա։ Թեկնածուի դրամական միջոցները կազմում են 9 մլն 972 հազար ՀՀ դրամ։

Պատգամավորի թեկնածու Թագուհի Թովմասյանը մինչև «Պատիվ ունեմ» դաշինքով առաջադրվելը եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ 2018 թվականի ընտրություններին առաջադրված է եղել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։ Մինչև 2018 թվականի ընտրությունները ներկայացված հայտարարագրով Թագուհի Թովմասյանը ունեցել է 2 բնակարան և 11 մլն 828 հազար ՀՀ դրամ գումար։ Այժմ՝ 2,5 տարվա պատգամավորական գործունեությունից հետո, Թովմասյանը հայտարարագրել է 3 բնակարան, 1 հողամաս և 9 մլն 439 հազար ՀՀ դրամ գումար։

Մարտուն Գրիգորյանը հայտարարագրել է 15 անշարժ գույք և 1 «Toyota Camry 2.5 GAS» ավտոմեքենա։ Գրիգորյանի դրամական միջոցները կազմում են 252 մլն 464 հազար ՀՀ դրամ։ Նա «Տրանս Ակնթարթ» ընկերության 50% բաժնետերն է։

Ստանիսլավ Համբարձումյանը հայտարարագրել է 1 բնակելի տուն, 4 հողամաս, 1 բազմաֆունկցիոնալ շենք, 1 պարիսպ, 1 բնակելի տուն, 1 շինություն և ավտոմոբիլային տրանսպորտային 1 միջոց՝ «ԳԱԶ-2705-222» մակնիշի։ Համբարձումյանը 90% բաժնեմաս ունի «Բենթլի Երևան» ընկերությունում և 100% բաժնեմաս՝ «Էս Էռ Հոթել», «ԷսԷռ Պրինտ», «Լիբեր» ընկերություններում։

Տավրոս Գևորգյանը հայտարարագրել է 1 շենք և շինություն, 1 տաղավար, 1 ավտոտնակ, 1 ավտոկայանատեղի, 2 բնակելի տուն, 2 բնակարան, 7 հողամաս և 1 ավտոմեքենա՝ «Mercedes Benz» մակնիշի։ Գևորգյանը 100% բաժնեմաս ունի «Տ․Տ․Տ», «Տագեհաուս» և «ԳՏՍ Քնսթրաքշն» ընկերություններում։ Նրա դրամական միջոցները հայտարարագրման պահին կազմել են 179 մլն 950 հազար ՀՀ դրամ։

Նաիրի Սահակյանը, թեև չի աշխատում, հայտարարագրել է 38 անշարժ գույք, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության 22 հողամաս, արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 4 հողամաս, 1 էներգետիկ, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության և 11 բնակավայր։ Սահակյանը ունի 4 տրանսպորտային միջոց՝ 3 մարդատար և 1 բեռնատար մեքենա։ Նրա դրամական միջոցները հայտարարագրման պահին կազմել են 10 մլն ՀՀ դրամ։

Կարեն Գրիգորյանը հայտարարգրել է 1 բնակարան, 1 անասնաշենք, 1 ձկնաբուծարան, 1 թռչնաբուծարան, 6 հողամաս, 8 վարելահող, 2 սառնարանային պահեստ և 2 խոտհարք։ Գրիգորյանը «Սեկտոր Քվանտ» ընկերության 100% բաժնետերն է։ Նրա դրամական միջոցները հայտարարագրման պահին կազմել են 75 մլն 576 հազար ՀՀ դրամ։

Վանուշ Թարթիկյանը հայտարարագրել է 4 տնամերձ հողամաս, 2 բնակելի տուն, 1 շենք-շինություն, գյուղատնտեսական նշանակության 4 հողամաս, հասարակական կառուցապատման 1 հողամաս, արդյունաբերական նշանակության 1 հողամաս։ Թարթիկյանը «Վան Օիլ» ընկերության 100% բաժնետեր է։ Նա հայտարարագրման պահին ունեցել է 27 մլն 417 հազար ՀՀ դրամ գումար։

Լուսառատ համայնքի ղեկավար Դանիել Հակոբյանը նույնպես ընդգրկված է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում։ Հակոբյանը հայտարարագրել է 22 անշարժ գույք, որից 13-ը գյուղատնտեսական նշանակության հողամասեր են, 7-ը՝ տնամերձ հողամաս, 1-ը՝ բնակարան, 1-ը՝ բնակելի տուն։ Համայնքի ղեկավարն ունի նաև 4 տրակտոր։ Հակոբյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 23 մլն 559 հազար ՀՀ դրամ։

Այգավան համայնքի ղեկավար, պատգամավորի թեկնածու Վիգեն Հարությունյանը հայտարարգրել է 7 անշարժ գույք, 4 ավտոմեքենա և 5 մլն 982 հազար ՀՀ դրամ գումար։ Հարությունյանը «Վիգհաս» ընկերության 100% բաժնետեր է։

Պատգամավորի թեկնածու Արմեն Երեմյանը հայտարարագրել է 1 բնակելի տուն, 5 հասարակական տարածք և 2 ավտոմեքենա։ Երեմյանը «Մագաս» ընկերության 50% բաժնետեր է։ Որպես դրամական միջոց հայտարարգրել է 16 մլն 465 հազար ՀՀ դրամ։

Ընդհանուր առմամբ, «Պատիվ ունեմ» դաշինքով առաջադրված բոլոր թեկնածուների ներկայացրած դրամական միջոցները միասին կազմում են 5 մլրդ 483 մլն 592 հազար ՀՀ դրամ։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել