Չենք բացառում․ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու մասին
17:08 - 12 հունիսի, 2021

Չենք բացառում․ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու մասին

Փաշինյանի հեռացումը ինքնանպատակ չէ, ավելին՝ նպատակը երկրի անվտանգ զարգացումն է, և Փաշինյանի հեռացումն ընդամենը անհրաժեշտ պայմաններից է։ Այս մասին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։

«Այսինքն՝ բոլոր երեք ուժերը («ՀԱԿ», «Հայաստան» դաշինք, «Պատիվ ունեմ» դաշինք - խմբ․) համարում են, որ Փաշինյանի առկայության պայմաններում մեր երկիրը կործանվելու է։ Եվ էստեղ միասնական է դիրքորոշումը։ Երկրի զարգացման հետ կապված՝ կան որոշակի տարբերություններ։ Սակայն չեմ կարող ասել՝ դրանք արմատական տարբերություններ են»,- նշեց նա։

Հարությունյանի խոսքով՝ ռեալ-պոլիտիկի տեսանկյունից երբ ունես զարգացման ուղիների հետ կապված որոշակի տարբեր մոտեցումներ, սա ոչ նպատակահարմար է, «Ես կարծում եմ՝ դա թյուր պատկերացում է, որ դրանով մեր ընտրազանգվածը փոշիանում է։ Չի փոշիանում, դա շատ լուրջ ընտրազանգված է, որի մի խումբը պաշտպանում է երրորդ նախագահի, մի խումբ՝ երկրորդ նախագահի, և վստահ եմ՝ բավականին մեծ խումբ նաև առաջին նախագահի մոտեցումները»։

Անդրադառնալով ընտրություններից հետո որևէ ուժի հետ դաշինք կազմելու հարցին՝ Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ չեն բացառում, որ դաշինքներ կարող են ստեղծվել, բայց դաշինքների մասին պետք է խոսել հաջորդ փուլում՝ ընտրություններից հետո։

«Մի բան ակնհայտ է՝ բոլոր խոհեմ ուժերը շատ հստակ հայտարարել են, որ որևէ համագործակցություն չի կարող լինել Փաշինյանի ղեկավարած ուժի հետ։ Եվ ակնհայտ է, որովհետև նրանք քաղաքականությամբ չեն զբաղվել»,- նշեց նա և լրագրողի ճշտող հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի հե՞տ էլ դաշինք կկազմեն, պատասխանեց, որ չեն բացառում՝ հավելելով, որ արդեն նշեց, թե ում հետ 100 տոկոսով դաշինք չեն կազմի, իսկ մնացյալը կորոշեն ընտրությունների արդյունքներից հետո։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել