«Պարտված ուժը ուզում է Ոստիկանության դուբինկաների տակ ընկնել, որ ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր գցի»․ Փաշինյանը հայտնեց, որ փոխում են ՔՊ հանրահավաքի օրը
11:45 - 15 հունիսի, 2021

«Պարտված ուժը ուզում է Ոստիկանության դուբինկաների տակ ընկնել, որ ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր գցի»․ Փաշինյանը հայտնեց, որ փոխում են ՔՊ հանրահավաքի օրը

Ադրբեջանի զորքերը աներկբայորեն պիտի դուրս գան ՀՀ սահմաններից անդին, և այս տեսակետը պաշտպանում է ողջ միջազգային հանրությունը։ Մենք այսօր էլ մեր ռուս գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք։ Եվ մեր պատկերացումը հետևյալն է․ սահմանային կետերի երկայնքով պիտի տեղակայվեն ռուս սահմանապահներ, և նաև միջազգային դիտորդների հովանու ներքո պետք  է տեղի ունենան Սոթքից Խոզնավար սահմանային կետերի ճշգրտում և սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա։ Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Սիսիանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ։

«Այո, ես մտածում եմ և կասկածներ ունեմ, որ այս միջադեպերով (ադրբեջանական զորքի շարժ - խմբ․) փորձ է արվում ազդել նաև Հայաստանում ընտրությունների արդյունքների վրա։ Բայց մենք մեր միասնությամբ և միակամությամբ պիտի հստակ քայլենք մեր երկիրը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ճանապարհով»,- նշեց նա։

Անդրադառնալով հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում ՔՊ անցկացվելիք հանրահավաքին՝ Փաշինյանը նշեց, որ դատական տարբեր որոշումներով Հանրապետության հրապարակի հետ կապված իրադրություն կա։

«Մենք որոշել ենք, որ ՔՊ կուսակցությունը հանրահավաքը և երթը անելու է հունիսի 17-ին՝ ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակում։ Ընդ որում սա անում ենք հատուկ, որովհետև պարտված ուժը, որ արդեն գիտակցում է, որ ջախջախիչ պարտություն է կրելու ընտրություններում, ուզում է Ոստիկանության դուբինկաների տակ ընկնել, որ հետագայում ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր գցի։ Սա հաշվի առնելով՝ նրանց այդ հնարավորությունը չենք տալու»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ հունիսի 18-ին ինքը ուղիղ զրույց և խոսակցություն կունենա ՀՀ ժողովրդի հետ։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում քարոզարշավ անելու մասին հայտարարել էին ՔՊ կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը։ Նշյալ դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտնել էր․ «Երևանի քաղաքապետարանին դիմումով ներկայացրել էինք հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում մինչև ժամը 21:00 հանրային հավաք անցկացնելու դիմում, սակայն քաղաքապետարանը մեր դիմումը բավարարել էր մինչև ժամը 20:00: Չնայած այն հանգամանքին, որ «Հայաստան» դաշինքն առաջինն էր ներկայացրել հանրային հավաքի մասին իրազեկումը,  քաղաքապետարանը բավարարարել էր նաև ներկայիս իշխանության դիմումը՝ 20:00-ից ևս կազմակերպել հանրային հավաք Հանրապետության հրապարակում՝ հիմնավորմամբ, որ իբրև մեր հավաքը պետք է ավարտվեր 20:00-ին: Դատական քննության արդյունքում այսօր վճիռ ընդունվեց, որ մեր կողմից ներկայացված հանրային հավաքն ավարտելու է 21:00-ին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել