Ես հավատում եմ ձեր ողջախոհությանը, այս անգամ սխալվելու իրավունք չունեք․ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը
23:25 - 17 հունիսի, 2021

Ես հավատում եմ ձեր ողջախոհությանը, այս անգամ սխալվելու իրավունք չունեք․ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում, մասնավորապես, նշում է․

«Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր հայրենիքն այսօր կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև, այն է՝ ընտրություն կատարել պետականության, կայունության վերականգնման և ճգնաժամային իրավիճակի խորացման միջև։ Նախընտրական քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ հակամարտող ծայրահեղական ուժերն առայժմ ընտրել են երկրորդ՝ ճգնաժամի խորացման ճանապարհը։ Երկրի ապագայի վերաբերյալ այս ուժերն ասելիք և անելիք չունեն։

Նրանց լավատեսական խոստումներն ու գեղեցիկ ծրագրերը լոկ շղարշ են իրենց բուն մտադրությունները թաքցնելու և ժողովրդին խաբելու համար։ Իսկ իրական նպատակը մեկն է՝ ցանկացած գնով տիրել իշխանության և վրեժ լուծել հակառակորդներից՝ օգտագործելով իրենց տրամադրության տակ գտնվող վարչական, ֆինանսական, լրատվական և նույնիսկ քրեական հսկայական լծակները՝ չխորշելով անգամ բախումներից և քաղաքացիական պատերազմի հրահրման բացահայտ սպառնալիքներից։ Ուստի՝ բոլորի համար էլ պետք է հասկանալի լինի, որ նրանց մոտ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցումը, իսկ դա նշանակում է, որ այն քաղաքացիները, որոնք իրենց կամքով կամ հարկադրաբար կքվեարկեն այդ ուժերից որևէ մեկին, ըստ էության, մասնակիցը կդառնան մեր երկրի վիճակի հետագա վատթարացմանը։

Այդ դեպքում կարող եք հարցնել՝ իսկ ո՞րն է ելքը։ Ելքը միակն է․ ձեր ձայնը տվեք «Հայ ազգային կոնգրես»-ին, և դրանով դուք խորհրդարանում կապահովեք մի այնպիսի սկզբունքային, իրատես քաղաքական ուժի ծանրակշիռ ներկայացվածությունը, որն ի վիճակի կլինի զսպել հակամարտող անհաշտ ճամբարների վտանգավոր նկրտումներն ու ծայրահեղ քայլերը։ Քարոզարշավի ընթացքում մենք լիովին կատարել ենք այդ դերը և այսուհետև էլ նոր ձևավորվելիք խորհրդարանում պատրաստ ենք շարունակել այն՝ մեր ժողովրդին նորանոր փորձանքներից և ողբերգություններից հեռու պահելու համար։

Ես հավատում եմ ձեր ողջախոհությանը և վճռական պահերին ճիշտ որոշում կայացնելու ձեր ունակությանը։ Այս անգամ դուք սխալվելու իրավունք չունեք։ Շնորհակալություն»։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել