«Ազատ հայրենիք» նախընտրական դաշինքի մաս կազմող «Պահպանողական» կուսակցությունը, ելնելով Հայաստանում քաոս ստեղծելու ռուս-թուրքական պրոյեկտը խափանելու հրատապությունից, չի վիճարկում ԱԺ արտահերթ ընտրության արդյունքները և կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ոչ մի դեպքում չմասնակցել հետընտրական փողոցային կամ իրավական որևէ խժդժության:
Այս բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Պահպանողական» կուսակցության կենտրոնական խորհուրդը:
Նաև նշվում է, որ այսու «Պահպանողական» կուսակցությունը համարում է դաշինքի կազմում իր առաքելությունն ավարտված և հաջողություններ է մաղթում գործընկեր կուսակցություններին:
Պահպանողական կուսակցությունը ստեղծված նոր իրավիճակում մշտապես բաց է ՀՀ քաղաքական միավորների հետ համագործակցության՝ պետության համար արդյունավետ զարգացումներ և նոր ազգային օրակարգ գեներացնելու նպատակով:
Ավելի վաղ «Ազատ հայրենիք» դաշինքը առանձին հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ դաշինքը չի ճանաչում ընտրությունների արդյունքը։
comment.count (0)