Սահմանադրական դատարանը չի խախտել օրենքի նորմը․ Էդգար Ղազարյանը սխալվում է
13:44 - 23 հուլիսի, 2021

Սահմանադրական դատարանը չի խախտել օրենքի նորմը․ Էդգար Ղազարյանը սխալվում է

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ՍԴ-ն խախտել է օրենքի նորմը՝ ընտրությունների արդյունքները բողոքարկելու վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը հրապարակելով 2021 թվականի հուլիսի 20-ին՝ Կուրբան Բայրամի օրը, համաձայնեցնելով իրենց որոշումը մուսուլմանական օրացույցին։

ՍԴ նախկին աշխատակիցը խախտված նորմ է համարել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասը, ըստ որի՝ «Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները հրապարակվում են դատարանի նիստում և կցվում գործին»։ 

Ղազարյանը, սակայն, սխալվում է։ Բանն այն է, որ Սահմանադրական դատարանը ս․թ․ հուլիսի 17-ի երեկոյան դռնբաց նիստում հրապարակել է արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշումը։ Այնուհետեւ եռօրյա ժամկետում որոշումն ամբողջությամբ հրապարակվել է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում։

ՍԴ մասին օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Սահմանադրական դատարանի ըստ էության որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակվելու օրվանից։ Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները պարտադիր հրապարակվում են նաև նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև Սահմանադրական դատարանի տեղեկագրում։»:

ՍԴ կայացրած հիշյալ որոշումը հուլիսի 20-ին հրապարակվել է կայքում՝ չնայած օրենքի՝ վերը մեջբերված հոդվածում եռօրյա ժամկետում հրապարակելու ուղղակի պահանջ չկա։ Սակայն նույն օրենքի 65-րդ հոդվածի մեջ էլ նշված է՝ «Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները դրանց ընդունման օրվանից հետո` եռօրյա ժամկետում, առաքվում են դատավարության կողմերին:»։

Վերը հիշատակած նորմերին համապատասխան՝ որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում ՍԴ-ն որոշումը հրապարակել է պաշտոնական կայքում։

Սահմանադրական դատարանն իր բոլոր որոշումներն է հրապարակում եռօրյա ժամկետում, երբեմն՝ հենց երրորդ օրը․ որպես օրինակ՝ Սահմանադրական դատարանն այս տարվա մարտի 26-ին հրապարակեց Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշումը, եւ այն ամբողջությամբ տեղադրեց պաշտոնական կայքում մարտի 29-ին։

Այսինքն՝ ՍԴ որոշումը մուսուլմանական տոնի օրը հրապարակելը դիտավորություն համարելն անիմաստ է։ Իսկ ՍԴ մասին օրենքի նորմերը չեն խախտվել, քանի որ որոշումը ե՛ւ ՍԴ նիստերի դահլիճում, ե՛ւ ՍԴ պաշտոնական կայքում հրապարակվել է ՍԴ մասին սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան:

Ի դեպ՝ 2018 թվականի ապրիլի 9-ից՝ ՍԴ մասին սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելուց, հետո ՍԴ բոլոր որոշումները վերոնշյալ նույն կարգով են հրապարակվել:

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել