ՀԿ-ները իշխանություններին կոչ են անում դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և ԵԱՀԿ |azatutyun.am|
13:26 - 29 հուլիսի, 2021

ՀԿ-ները իշխանություններին կոչ են անում դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և ԵԱՀԿ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանյան 9 հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել՝ իշխանություններին կոչ անելով անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և ԵԱՀԿ։

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու հետևանքով ստեղծված անվտանգային խնդիրները, միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունն ամիսներ շարունակ խախտելու հանգամանքը, պարբերական կերպով զինված բախումներ հրահրելու ադրբեջանական քաղաքականությունը, նորից կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին օգտվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ընձեռված հնարավորություններից և անհապաղ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ պայմանավորված միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով», - մասնավորապես ասված է հայտարարությունում։

Միաժամանակ, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հիմնադրամը, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը և մյուս կազմակերպությունները կոչ են անում Հայաստանի իշխանություններին դիմել ԵԱՀԿ-ին՝ «Հայաստան ուղարկելու չզինված, քաղաքացիական հատուկ մոնիթորինգային առաքելություն՝ սահմանամերձ գոտիներում տիրող իրավիճակի երկարաժամկետ անաչառ և օբյեկտիվ մշտադիտարկում իրականացնելու նպատակով, ինչը կապահովի բնակիչների անվտանգությունը և կնպաստի Հայաստանի անվտանգային խնդիրների լուծմանն ուղղված կառավարության ջանքերին»։

Հայտարարության հեղինակները շեշտում են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ հրադադարի մասին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունից ի վեր ադրբեջանական ագրեսիան Հայաստանի հետ սահմանի երկայնքով չի դադարում՝ ադրբեջանական զինված ուժերն ապօրինի կերպով ներխուժել և տեղակայվել են Հայաստանի ինքնիշխան տարածքում, պարբերաբար կրակում են մի շարք գյուղերի և բնակավայրերի ուղղությամբ, փորձեր են իրականացնում քաղաքացիական բնակչությանն ապօրինի կերպով ազատությունից զրկելու, սպառնում հրազենով, զբաղվում են անասնագողությամբ։ «Վերջին օրերին, օգտվելով արդեն ամիսներ շարունակ չդադարող ագրեսիայի արդյունքում իրավական և քաղաքական հետևանքների, ինչպես նաև պատշաճ միջազգային արձագանքի բացակայությունից, ադրբեջանական սադրանքները նոր թափ են առել, ինչի հետևանքով կան նոր զոհեր և վիրավորներ», - ասված է հայտարարությունում։

Կազմակերպությունները համարում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ինչպես նաև հատուկ մոնիթորինգային առաքելություն ուղարկելու համար ԵԱՀԿ դիմումը անհետաձգելի և խիստ անհրաժեշտ քայլեր են, որոնց հապաղումը լրջորեն վնասում է Հայաստանի շահերին՝ հանգեցնելով անդառնալի կորուստների։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել