Սեյրան Օհանյանը պնդում է՝ պատերազմի հարցով ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը պետք է տրվի ընդդիմությանը |armenpress.am|
13:26 - 04 օգոստոսի, 2021

Սեյրան Օհանյանը պնդում է՝ պատերազմի հարցով ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը պետք է տրվի ընդդիմությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող՝ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի գործունեությունն արդյունավետ կհամարի, եթե այն տրվի ընդդիմությանը:

Այս մասին ԱԺ նիստում ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝անդրադառնալով Գեղամ Նազարյանի հարցին, թե արդյոք չի՞ համարում, որ մի շարք հարցերի պատասխաններ տալու համար պետք է ԱԺ-ում ստեղծվի քննիչ հանձնաժողով:

Օհանյանը հիշեցրեց, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու գաղափարն ընդդիմությունը միշտ արտահայտել է, այն եղել է ինչպես «Հայրենիքի փրկության շարժման», այնպես էլ «Հայաստան» դաշինքի ծրագրերում: «Դա առաջինը ընդդիմության գաղափարն է եղել»,- ասաց նա:

Անդրադառնալով իշխանական թևի կողմից քննիչ հանձնաժողով ստեղծելու արտահայտած մտքին՝ նա հավելեց, որ իշխանական թևն ամբողջությամբ ունի այն գործիքակազմը, որը կարող է գործադրել և քննել: Օհանյանը շեշտեց, որ Ապրիլյան պատերազմի ավարտից անմիջապես հետո ՊՆ-ում ստեղծել է քննիչ հանձնաժողով, որն ամբողջությամբ վեր է հանել նյութերը, որոնք հիմք են հանդիսացել հենց ԱԺ-ում քննիչ հանձնաժողովում քննարկելու համար:

«Կարծում եմ, որ բավականին մեծ քանակությամբ խնդիրներ, հարցեր կան՝ վերաբերող պետական կառավարման համակարգին, գլխավոր հրամանատարի, ռազմակայանի գործունեությանը և այլն: Այդ հանձնաժողովը կարող է լիարժեք գործել և ամբողջությամբ բացահայտել և´ դրական, և´ բացասական կողմերը, եթե այդ հանձնաժողովը տրվի ընդդիմությանը, հակառակ դեպքում ես չեմ կարծում, թե ամբողջությամբ կգան այն մարդիկ, որոնք պետք է հարցաքննվեն և պատասխանեն բոլոր հարցերին»,- ասաց Օհանյանը:

Եթե այդպես չլինի, ապա ընդդիմությունը փաստահավաք խումբ ստեղծելու նախաձեռնություն կանի, որտեղ, Օհանյանի կարծիքով, համաչափ մասնակցությունը կապահովի լիարժեք քննություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել