Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Գևորգյանին բերման կենթարկեն դատարան |armenpress.am|
14:26 - 10 օգոստոսի, 2021

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Գևորգյանին բերման կենթարկեն դատարան |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկ շաբաթով հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ներկայումս ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալ Արմեն Գևորգյանն ընտրվել է ԱԺ պատգամավոր և այժմ մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին։

«Իմ պաշտպանյալը նաև առաջադրվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: Հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացը սկսել է օգոստոսի 9-ից և դեռ ընթացքի մեջ է: Խնդրում եմ բացակայությունը համարել հարգելի»,- ասաց Ալեքսանյանը:

Նա նաև նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պատգամավորի անձեռնմխելիության հարցով:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դիմելով դատարանին՝ ասաց, որ համաձայն է նիստը հետաձգելուն:

«Ունեմ նաև մեկ վերապահում՝ կա 1 միջնորդություն, որը գործընկերս է ներկայացրել՝ Սեդրակ Քոչարյանի իրավունքների հարցը քննարկելու համար: Կարծում եմ, որ պարոն Գևորգյանի բացակայությունը չի խոչընդոտում այդ հարցը քննարկելուն, որովհետև առնչություն չունի իր շահերի և իրավունքների հետ»,- ասաց Խուդոյանը:

Ի պատասխան դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ ամբաստանյալի բացակայությամբ դատարանը հնարավոր չի համարում որևէ այլ հարցի քննարկում, բացի  նրա բացակայության հետ կապված հարցերից: 

«Նախորդ նիստի ժամանակ դատարանը չի արձանագրել Արմեն Գևորգյանի անհարգելի բացակայության հանգամանքը՝ հաշվի առնելով, որ նոր ձևավորված ԱԺ-ի առաջին նիստն էր: Հաշվի առնելով, որ նման վարքագիծը կրկնվում է, դատարանն այստեղ անբարեխղճություն է տեսնում Արմեն Գևորգյանի կողմից: Դատարանը համարում է, որ Գևորգյանը դատարան չի ներկայացել անհարգելի պատճառի:  

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատարանին առաջարկեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել Արմեն Գևորգյանին:  

«Արմեն Գևորգյանն ունի նոր կարգավիճակ, նա անձեռնմխելի է և որևէ հարկադրանքի միջոց, առանց ԱԺ-ի թույլտվության չի կարող կիրառվել: Դատախազի նման որոշումը չի բխում քրեական դատավարության և Սահմանադրության պահանջներից»,- դատախազի նման առաջարկին հակադարձեց Էրիկ Ալեքսանյանը:

Դանիբեկյանն ընդգծեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ Արմեն Գևորգյանը նիստին չի ներկայացել անհարգելի պատճառով, անհրաժեշտ է միջոցներ կիրառել հաջորդ նիստին Գևորգյանի ներկայությունն ապահովելու համար:

«Դատարանն այդ պատճառաբանությամբ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով, որոշեց հաջորդ նիստին բերման ենթարկել Արմեն Գևորգյանին»,- ասաց Դանիբեկյանը:

Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող շարունակվել առանց դատավարության մասնակիցներից որևէ մեկի, դատարանը հետաձգեց գործի քննությունը մինչև օգոստոսի 17-ը, ժամը 13:00-ն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել