ԱԺ աշխատակազմի ղեկավարին պատկանող ընկերությունից պետական մարմինները հեղափոխությունից հետո ակտիվ գնումներ են կատարել
20:50 - 25 օգոստոսի, 2021

ԱԺ աշխատակազմի ղեկավարին պատկանող ընկերությունից պետական մարմինները հեղափոխությունից հետո ակտիվ գնումներ են կատարել

Նոր ձևավորված 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը։ Վերջինս նախագահի պաշտոնում իր առաջին կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակեց Վահան Նարիբեկյանին։ Լրատվամիջոցները այս լուրը տարածել են Վահան Նարիբեկյանի և Ալեն Սիմոնյանի համատեղ նկարով, ինչից կարելի է ենթադրել, որ նրանք մտերմիկ հարաբերություններ ունեն։

Բացի սրանից՝ հատկանշական է, որ Նարիբեկյանը մինչև ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնին նշանակվելը եղել է «Արգավանդ կահույք» խանութ սրահի տնօրենը։ Համաձայն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թվականի ապրիլի 14-ին Վահան Նարիբեկյանի կողմից։ Վերջինս մինչև այս տարվա օգոստոսի 12-ը հանդիսացել է նույն ընկերության տնօրենը, որից հետո տնօրեն է նշանակվել նրա եղբայրը՝ Գարիկ Նարիբեկյանը։ Նշենք, որ Վահան Նարիբեկյանը ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել է օգոստոսի 3-ին։

«Արգավանդ կահույք» խանութ սրահն աչքի է ընկնում պետական գնումներին մասնակցությամբ։ Մասնավորապես Ազգային ժողովի հետ ընկերությունը սկսել է պայմանագրեր կնքել 2018 թվականի հեղափոխությունից հետո։

Ի՞նչ գնումներ է կատարել Ազգային ժողովը «Արգավանդ կահույքից»

Ազգային Ժողովը սեփական կարիքների համար «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ից պետական գնումներ սկսել է կատարել 2018 թվականի հուլիսից։ Առաջին գնումն իրականացվել է այդ ամսվա 31-ին։ Պայմանագրով ԱԺ-ն ձեռք է բերել 2 տեսակի աթոռ՝ 5 հատ 90 հազար դրամ և 25 հատ 7250 դրամ արժողությամբ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 630 հազար դրամ։

ԱԺ-ն հիմնական գնումները կատարել է գնանշման հարցումով։ Համաձայն օրենքի՝ գնանշման հարցումով պետական գնում կարելի է կատարել եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը։ Գնումների բազային միավորն օրենքով սահմանված է 1 մլն դրամ։ Գնման այս ձևով պետական գնումների կարող են մասնակցել միայն այն ընկերությունները, որոնք նախապես պատվիրատուից ստացել են մասնակցության հրավեր։

2018 թվականին նույն ընկերությունից ևս մեկ գնում էլ իրականացվել է դեկտեմբերի 25-ին։ Պայմանագրով ԱԺ-ն ձեռք է բերել 2 տեսակի գրասենյակային աթոռ՝ 100 հատ 7800 դրամ և 100 հատ 24 հազար դրամ արժողությամբ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 3 մլն 180 հազար դրամ։

Ընդհանուր առմամբ 2018 թվականին ԱԺ-ն այս ընկերության հետ կնքել է 3 մլն 810 հազար դրամի պայմանագիր։

2019 թվականին, համաձայն պետական գնումների Armeps համակարգի, ԱԺ-ն «Արգավանդ կահույք» ընկերության հետ կնքել է գնման 3 պայմանագիր։ Սակայն նշված 3 պայմանագրերն էլ ունեն նույն պայմանագրի կոդը և համակարգում տեղադրված է նույն պայմանագիրը։ Այս պայմանագրով ԱԺ-ն ձեռք է բերել շարժական գրադարաններ, սեղաններ, զգեստապահարաններ և բազկաթոռներ՝ ընդհանուր 8 մլն 748 հազար դրամ արժողությամբ։ 

2020 թվականին ԱԺ-ն նույն ընկերության հետ կնքել է 3 պայմանագիր։ Առաջին պայմանագրով ԱԺ-ն ձեռք է բերել շուրջ 527 հազար դրամ ընդհանուր արժեքով բազկաթոռներ և աթոռներ։ Երկրորդ պայմանագրով ԱԺ-ն ձեռք է բերել փափուկ կահույք․ պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 10 մլն 519 հազար դրամ։ Այդ տարվա երրորդ պայմանագրով ԱԺ-ն ձեռք է բերել գրասեղաններ և գրասենյակային աթոռներ՝ ընդհանուր 1 մլն 139 հազար դրամ արժողությամբ։

Այսինքն՝ 2020 թվականին Ազգային Ժողովը «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի հետ կնքել է 12 մլն 185 հազար դրամի տարբեր տեսակի կահույք ձեռք բերելու պայմանագրեր։

Made with Flourish
 

Ընդհանուր առմամբ՝ հեղափոխությունից հետո Ազգային ժողովը Վահան Նարիբեկյանին պատկանող ընկերության հետ կնքել է 5 պայմանագիր՝ շուրջ 24 մլն 743 հազար դրամի, ընդ որում, յուրաքանչյուր տարում կնքված պայմանագրերի արժեքն ավելի բարձր է եղել նախորդ տարվա պայմանագրերի արժեքից։

Պետական այլ մարմինների և «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերը։

Բացի Ազգային ժողովից՝ Վահան Նարիբեկյանին պատկանող ընկերությունը ծառայություններ է մատուցել նաև պետական այլ մարմինների։

Մինչև հեղափոխությունը նշված ընկերությունից իրականացվել է պետական 3 գնում՝ 2 գնում 2017-ին և 1 գնում՝ 2018-ին։ Հեղափոխությունից հետո Նարիբեկյանին պատկանող ընկերությունից գնումներն ակնհայտորեն ավելացել են։ 2018 թվականին այս ընկերության հետ պետական տարբեր մարմիններ, բացի Ազգային ժողովից, ընդհանուր առմամբ կնքել են 26 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 46 մլն 197 հազար դրամ։ 

2019 թվականին պետական մարմինները ընկերության հետ կնքել են 62 պետական գնման պայմանագիր, որում ներառված չեն ԱԺ-ի հետ կնքված պայմանագրերը։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 145 մլն 390 հազար դրամ։

2020 թվականին պետական մարմինները նույն ընկերության հետ կնքել են 37 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 67 մլն 744 հազար դրամ։

Made with Flourish
 

«Արգավանդ կահույք» ընկերության հետ պայմանագրեր են կնքել ՏԿԵՆ-ը, ՍԴ-ն, ՊԵԿ-ը, ՊՆ-ն, Ոստիկանությունը, ՇՄ նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, ԱԱԾ-ն, Առողջապահության նախարարությունը, ԱԻՆ-ը, ԲՏԱՆ-ը, Գյուղատնտեսության նախարարությունը, Վարչապետի աշխատակազմը և այլն։

Made with Flourish
 

Ընդհանուր առմամբ՝ «Արգավանդ կահույք» ընկերության հետ հեղափոխությունից հետո կնքվել է 130 գնման պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 284 մլն 74 հազար դրամ։

Այսպիսով՝ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար  նշանակված Վահան Նարիբեկյանին պատկանող ընկերությունից պետական մարմինները՝ այդ թվում Ազգային ժողովը, հեղափոխությունից հետո մշտապես պետական գնումներ են կատարել և պետական միջոցներից վճարել են շուրջ 284 մլն 74 հազար դրամ։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել